Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը՝ Առուստամյանի գործի մասին. Տեղի է ունեցել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն

Մարտ 17,2016 11:18

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, մարտի 17-ին շարունակվում էր Գայանե Առուստամյանն ընդդեմ ՀՔԾ-ի բողոքի քննությունը:

Դատական նիստին չէր ներկայացել դատախազը, որը տեղեկացրել էր, թե ծանրաբեռնված է եւ չի կարող մասնակցել: Քննիչ Թադեւոսյանը համարեց, որ հնարավոր է, իսկ Արթուր Սաքունցի համար մտահոգիչ էր պաշտոնատար անձի նման պատճառաբանությունը: Սաքունցը հայտարարեց, թե ոչ հարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ: Դատարանը որոշեց դատախազ Սարգսյանի բացակայությամբ իրականացնել գործի քննությունը:

Արթուր Սաքունցը ամբողջությամբ պնդեց իր բողոքը, իսկ քննիչ Թադեւոսյանը խնդրեց մերժել բողոքը՝ նշելով, որ տեղի է ունեցել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ լրագրող Գայանե Առուստամյանն այս տարվա մայիսի 8-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Իսկ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը «Օպերայի» հարակից մասում փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, որն, այդ պահին գտնվելով նրանից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով: Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանե Առուստամյանը ոստիկանին հարցրել է՝ «Ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Առուստամյանին, այնուհետեւ հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, ըստ Գայանե Առուստամյանի, բռնություն գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին եւ ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Նրան, մեքենայի մեջ սպառնացել են, հայհոյել, անգամ հարվածներ հասցրել:

Ոստիկանության բաժնում երեք ժամ շարունակ չեն կարողացել հանել ձեռնաշղթաները, ԱԻՆ աշխատակիցների օգնության կարիքն է զգացվել:

Գայանե Առուստամյանը պնդում է՝ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման հետեւանքով իր ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտություն է եղել Շտապօգնության բրիգադ կանչել:

Այս դեպքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՔԾ եւ ՀՀ Գլխավոր դատախազություն: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Գայանե Առուստամյանը ճանաչվել էր տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ տուժողի ներկայացուցիչ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո կայացվել էր քրեական գործը կարճելու մասին որոշում, որը բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ դատական կարգով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031