2014-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրվեց, որ ՀՀ բոլոր դպրոցներում գործելու են «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ: Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների մասնագետների ներգրավմամբ կառույցի սաների հետ պարբերաբար անցկացվում են հրամանատարասերժանտական դասընթացներ։
ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի կազմում են Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի և Քաշաթաղի տարածքային բաժանմունքները: Փետրվարի 24-ին Մարզային խորհրդի փոխնախագահ, Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահ, Սուրեն Բաղդասարյանի, փոխնախագահ Արայիկ Ղասումյանի, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Պողոսյանի հետ մեկնեցինք Կապան, որտեղ մարզպետարանի հարակից հրապարակում կայացավ «Պատանի երկրապահ» ակումբների ջոկերի ստուգատես: Այստեղ էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ագարակի, Քաջարանի և այլ տարածքային բաժանմունքների պատանի երկրապահները:
Մինչ ստուգատեսը՝ ՀՀ ԵԿՄ մարզային խորհրդի բոլոր բաժանմունքների ներկայացուցիչները՝ խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ այցելեցին Կապանի՝ Արցախյան գոյամարտում մարտիրոսված հերոսների պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին մարտիրոսների շիրիմներին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու և Հայրենական Մեծ պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթողի մոտ: Հրապարակում, որտեղ շարվել էին դպրոցահասակ երկրապահները, «Պատանի երկրապահ» ակումբների մարզխորհրդի նախագահ, կապիտան Զարզանդ Նիկողոսյանը զեկուցեց մարզային խորհրդի նախագահին, որ պատանի երկրապահները պատրաստ են ստուգատեսին: Ս. Խաչատրյանը ողջունեց վաղվա մեր երկրի տերերին, շնորհավորեց ստուգատեսի անցկացման առթիվ և մաղթեց բարին: Այնուհետև զինվորական երաժշտության հնչյունների ներքո դրոշակակիր վաշտը հրապարակ բերեց ՀՀ, ԼՂՀ պետական և ԵԿՄ դրոշները: Հնչեցին ՀՀ և ԵԿՄ օրհներգերը:
Պատանի երկրապահներին Տերունական աղոթքով օրհնեց Կապանի հոգևոր հովիվ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Վահան Հեբոյանը՝ մաղթելով, որ Աստծո Աջը զորավիգ լինի մեր ժողովրդին, բարի երթ ցանկացավ պատանի երկրապահներին: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Մխիթար Հարությունյանը, ողջունելով ներկաներին, ընթերցեց ԵԿՄ վարչության նախագահ, զորավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ուղերձը: ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» ակումբների Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը կարևորեց պատանի և երիտասարդ երկրապահների դերը՝ որպես վաղվա զինվոր ու երկրի քաղաքացի: Իր որդու ընկերներին ողջունեց պատանի երկրապահի հայր Ռոբերտ Բակունցը:
Պատանի երկրապահ, Կապանի թիվ 1 հիմն. դպրոցի աշակերտուհի Աննա Թադևոսյանը նշեց, որ հասակակիցներով գիտակցում են իրենց դերը և խոստովանեց, որ հուսախաբ չեն անի առաջինն իրենց ծնողներին, ուսուցիչներին, հրամանատարներին և մեր ժողովրդին: Ելույթներից հետո պատանի երկրապահները հանդես եկան մարզարվեստի ու մարտարվեստի ցուցադրական ելույթներով՝ դրսևորելով իրենց հմտությունները, ուժն ու ճարպկությունը: Եղավ նաև մշակութային մաս: Այնուհետև պատանիներն իրենց հրամանատարների ղեկավարությամբ հանդիսավոր ու շարային քայլով անցան ստուգատեսը գնահատող զինվորականների հանձնախմբի և միջոցառմանը ներկա քաղաքացիների առջևով: Զ. Նիկողոսյանը ջոկերի հրամանատարներին տվեց հանձնարարականներ, երեխաներին խորհուրդներ՝ հետագայում ավելի լավ հանդես գալու նպատակով: Հանդիսավոր մասից հետո ստուգատեսի մասնակիցներն օգտվեցին դաշտային խոհանոցից՝ վայելելով զինվորական կերակուրներ:
ՀՀ ԵԿՄ Սյունիքի մարզի տարածքային բաժանմունքների նախագահների հետ զրուցելիս Կապանի տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը կարևորեց պատանի երկրապահի դերը բանակի ավելի մարտունակ դառնալու և բարոյահոգեբանական վիճակի բարձրացման գործում: Քաջարանի բաժանմունքի նախագահ Հովիկ Մատինյանը, ով երկար տարիներ եղել է մանկավարժ, լավ գիտի մանուկների հոգեբանությունը: Նշեց, որ մեծ է աշակերտների ցանկությունը՝ ընդգրկվել պատանի երկրապահների ակումբներում: Մեղրիի տարածքային բաժանմունքի նախագահ Հայկ Աղամալյանը հպարտ էր իր պատանիներով, ովքեր լավ հանդես եկան ստուգատեսում:
Երբ վերադառնում էինք Կապանից դեպի Գորիս, Շուռնուխ գյուղի մոտակայքում Սուրեն Բաղդասարյանը վերհիշեց պատերազմական տարիները, հատկապես 1990-92 թվականները, երբ Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի շրջանների թուրքերին թև ու թիկունք էր խորհրդային բանակը, ճանապարհը հաճախ վերահսկվում էր նրանց կողմից: Այս տարածքում է վիրավորվել ինքը, այստեղ է զոհվել եղբայրը՝ Վոլոդյան: Այժմ ճանապարհն ազատ է, հայ ազատամարտիկներին հաջողվեց ազատագրել նաև մեր պատմական հայրենիքի՝ Ադրբեջանին բռնակցված տարածքները՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական, Քաշունիք, Աղահեճք-Քաշաթաղ և այլ գավառներ, որոնք այժմ Արցախի Քաշաթաղի շրջանի կազմում են, վերստին հայացել ու շենանում են: Իսկ «Պատանի երկրապահ»-ի առաքելությունն է հենց այսօրվանից դառնալ մեր հայրենիքի տերն ու պաշտպանը, բժիշկն ու հողի մշակը, ուսուցիչն ու շինարարը, և նման ստուգատեսներն այդ նպատակով են:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ