Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ փետրվարի 24-ին շարունակվում էր Գայանե Առուստամյանն ընդդեմ ՀՔԾ-ի բողոքի քննությունը:
Դատական նիստի ընթացքում Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ներկայացրեց իր հիմնավորումները՝ գործի նյութերի հիման վրա: Նա նշեց, թե հստակ երեւում է, որ ոստիկանության աշխատակիցները կիրառել են ձեռնաշղթաներ, սակայն նախաքննություն կատարող մարմինը որեւէ իրավական գնահատական չի տվել:
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ ոստիկանության աշխատակիցների տված բացատրություններում նշվում է, որ Գայանե Առուստամյանի կողմից ֆիզիկական բռնություններ չեն եղել ո՛չ կոնֆլիկտի ժամանակ, ո՛չ մեքենայում. «Այսինքն՝ ոստիկանության կողմից հատուկ միջոցի կիրառումը պայմանավորված է եղել միայն ու միայն վիրավորական արտահայտություններով: Չի եղել այլ հիմնավորում, որ Գայանե Առուստամյանը ուժ է գործադրել, ֆիզիկական բռնություն է կիրառել կամ վտանգել է ոստիկանության աշխատակիցների կամ այլ քաղաքացիների կյանքը»:
Արթուր Սաքունցն ընդգծեց, որ այդ միջադեպից հետո Գայանե Առուստամյանի մոտ առաջացել են այնպիսի խնդիրներ, որոնք արձանագրվել են բժշկական հաստատության կողմից եւ տեղ են գտել մեղադրական եզրակացությունում: Նա նշեց, որ արդեն 8 ամիս է Գայանե Առուստամյանը արտերկրում է եւ ստանում է լուրջ բուժում: Արթուր Սաքունցը խնդրեց վերացնել Թադեւոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումը եւ գործն ուղարկել քննության:
Կարդացեք նաև
Քննիչ Թադեւոսյանը հայտարարեց, որ քննությունը կատարվել է բազմակողմանի բոլոր իրավական ընթացակարգերի պահպանմամբ: Նա հավելեց, որ վերջնական որոշման մեջ եւս արձանագրված է, որ ըստ ՄԻՊ աշխատակիցների դիտարկման, բացի խափանված ձեռնաշղթայից՝ Գայանե Առուստամյանի մոտ այլ մարմնական վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել:
Դատախազ Սարգսյանը հայտարարեց, որ օբյեկտիվ բազմակողմանի քննություն է իրականացվել: Անդրադառնալով հոգեբանական փորձաքննությանը՝ նա ասաց. «Դա իրականացվել է վարույթից դուրս: Քրեադատավարական օրենքի շրջանակներից դուրս, հետեւաբար՝ բողոքի հիմնավորում դա չի կարող դիտվել»:
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ վարույթ իրականացնող մարմինը չի բավարարել փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը. «Դա ոչ թե մտացածին տվյալներ են, այլ բժշկի կողմից արձանագրված: Եթե նախաքննության մարմինը չի կատարել անհրաժեշտ գործողությունը՝ պարզելու Գայանե Առուստամյանի մոտ առաջացած խնդիրները որպես ոստիկանության ապօրինի գործողությունների հետեւանք են, մենք ենք արել»:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին:
Հիշեցնենք, որ լրագրող Գայանե Առուստամյանը այս տարվա մայիսի 8-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Իսկ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը «Օպերայի» հարակից մասում փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, որն, այդ պահին գտնվելով նրանից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով: Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանե Առուստամյանը ոստիկանին հարցրել է՝ «Ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Առուստամյանին, այնուհետեւ հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, ըստ Գայանե Առուստամյանի, բռնություն գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին եւ ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Նրան, մեքենայի մեջ սպառնացել են, հայհոյել, անգամ հարվածներ հասցրել: Ոստիկանության բաժնում երեք ժամ շարունակ չեն կարողացել հանել ձեռնաշղթաները, ԱԻՆ աշխատակիցների օգնության կարիքն է զգացվել:
Գայանե Առուստամյանը պնդում է՝ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման հետեւանքով իր ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտություն է եղել Շտապօգնության բրիգադ կանչել: Այս դեպքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՔԾ եւ ՀՀ Գլխավոր դատախազություն:
Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Գայանե Առուստամյանը ճանաչվել էր տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ տուժողի ներկայացուցիչ: Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո կայացվել էր քրեական գործը կարճելու մասին որոշում, որը բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ դատական կարգով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ