Ռուսաստանի կառավարությունը և Հայաստանի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանին 10 տարով մինչև 200 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի իրավական տեղեկատուի կայքը:
Վարկը կտրամադրվի ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և դրա համար զինամթերք, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր , ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր, 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետեր, «Դրագունով» դիպուկահարային զենք, «Տիգր» զրահամեքենաներ, ինժեներային և կապի միջոցներ: Մատակարարվող միջոցների ամբողջական ցուցակը հրապարակված է իրավական տեղեկատու կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինատեսակները կարող են փոխվել Հայաստանի ՊՆ-ի և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության գրավոր փոխադարձ համաձայնությամբ: Հայկական կողմը կարող է յուրաքանչյուր պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից, որը տրամադրվում է դոլարով, մինչդեռ վճարումները կատարվելու են ռուբլով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ