Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդների միայն 3 տոկոսին է հասանելի ուժեղ ցավազրկողները

Փետրվար 17,2016 17:09

«Ես տեսել եմ հիվանդներ, ովքեր ցավն սկսվելուն պես, եռացող ջուր էին խմում կոկորդն այրելով, որպեսզի այդ ցավից տառապեին ու չզգային քաղցկեղի հետևանքով առաջացած ցավը»,- անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց ցավի ու տանջանքների ընդհանուր պատկերն այսպես է ամփոփում Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գեորգի Գոգիան ու արձանագրում, որ պալիատիվ խնամքի հասանելիության պարագայում այդ տանջանքներից հեշտությամբ կարելի էր ազատել մարդկանց, մինչդեռ Հայաստանում այն դեռևս ոչ բոլորին է հասանելի:

2016-ի հունվարի վերջին հրապարակված Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցը հերթական անգամ արձանագրեց, որ Հայաստանում գործող խիստ կարգավորումները խոչընդոտում են պալիատիվ խնամքի պատշաճ ապահովմանը՝ դատապարտելով անբուժելի հիվանդներին տառապանքների:

40-ամյա Սուսաննան (անունը փոխված է) խնամում է կոկորդի չարորակ ուռուցքով հիվանդ մորը և պատմում է, որ մի կողմից մոր ֆիզիկական տանջանքները, մյուս կողմից իրավիճակի գիտակցման ու հարազատի մոտալուտ կորստի հոգեբանական ծանրությանը գումարվում է նաև դեղեր ստանալու խնդիրը:

«Մամայի վիճակն օր օրի վատանում է, սարսափելի ձայներ է երբեմն հանում ցավից, էդ տանջանքների մեջ օր է լինում, որ մի ամբողջ օր մենակ եմ թողնում, որ գնամ դեղ պոկելու»,-պատմում է կինը՝ հավելելով, որ Երևանում միայն մեկ դեղատուն կա, որտեղից կարելի է ստանալ այդ ցավազրկողները, բայց մինչ այդ պետք է տարածքային պոլիկլինիկա հասնել, ունեցածդ դատարկ ամպուլան հանձնել, նոր նշանակումներ ստանալ՝ համապատասխան ստորագրություններով, հետո միայն` ուղևորվել դեղատուն:

2.Gogia

Գոգիան ևս հաստատում է կնոջ խոսքերն ու նշում, որ ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջների, այն պահին, երբ հիվանդը հայտնվում է տանջանքների փուլում, ցավի շատ ուժեղ հաղթահարում է պետք, այսինքն` ցավազրկում և դա պետք է արվի չորս ժամը մեկ:

«Ակնհայտ է, որ եթե հայտնվում ես այդ փուլում և քեզ իսկապես հարկավոր են ուժեղ ցավազրկողներ, մինչդեռ ստանում ես մեկ սրվակ, իրավիճակը դառնում է բավականին լուրջ: Բնական է, 24 ժամվա ընթացքում չես կարողանում ստանալ ցավազրկում ու տառապում ես: Հիվանդ կար, որ ամպուլան պահում էր, որպեսզի գիշերն ընդուներ, որ կարողանար մի քանի ժամ քներ, իսկ օրվա ընթացքում տառապում էր, մինչդեռ այդքան հեշտ է բուժել ցավն ու օգնել այդ մարդկանց: Ընդամենը կառավարությունը մի քանի քայլ պետք է ձեռնարկի»,-նշում է Գոգիան:

Ըստ զեկույցի՝ ներարկման համար նախատեսված ուժեղ ցավազրկողների նկատմամբ ոստիկանության խիստ վերահսկողությունը, գնումները, դեղատոմսերի դուրս գրումն ու տրամադրումը սահմանափակող քաղաքականությունը չեն համապատասխանում Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից պալիատիվ խնամքի համար սահմանված մի շարք պայմաններին և խախտում են մարդկանց առողջ և առանց ցավի ապրելու իրավունքը:

«Հայաստանը շարունակում է քննարկել օփիոիդային (ուժեղ ցավազրկող) դեղորայքի դեղատոմսերի դուրս գրման և գնումների իր բարդ ու ժամանակատար ընթացակարգերի բարեփոխման հարցը: Պալիատիվ խնամքի Ազգային գործողությունների պլանը դեռևս մշակման փուլում է», – նշված է հեղինակավոր կազմակերպության զեկույցում:

1.Lohman

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավար Դիեդերիկ Լոհմանը, բացատրելով պալիատիվ/ցավամոքիչ խնամքի կարևորությունը, ասում է, որ դրա հիմնական նպատակն է բարելավել կյանքի որակն այն հիվանդների շրջանում, ովքեր այլևս չեն կարող բուժվել:

«Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք ինչ-որ մի պահի այլևս դառնում են անբուժելի և բնական է, որ հիվանդներն ունենում են ցավեր, շնչառական խնդիրներ, ընկճախտ ու եթե այս ախտանիշները չբուժվեն, ապա այս հիվանդներն իրենց կյանքի վերջին շաբաթները կամ ամիսները կանցկացնեն սարսափելի տառապանքներով, մինչդեռ պալիատիվ խնամքի շնորհիվ այդ մարդիկ իրենց կյանքի վերջին օրերին կարողանում են լիարժեք վայելել կյանքն իրենց հարազատների հետ միասին»,-ասում է Լոհմանը:

Հայաստանում ուժեղ ցավազրկողներ նշանակում են միայն քաղցկեղով հիվանդներին, սակայն Հայաստանում տարեկան 18-20 հազար քաղաքացի ունի այդ դեղամիջոցների կարիքը, մինչդեռ նրանց միայն 40 տոկոսն է քաղցկեղով հիվանդ:

Այնուամենայնիվ, նույնիսկ քաղցկեղով հիվանդներն էլ են շարունակում տանջվել` չստանալով հույժ անհրաժեշտ բուժօգնությունը: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2015-ի հուլիսին հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում քաղցկեղի հետևանքով տարեկան մահանում է մոտ 8 հազար մարդ, որը համարվում է մտահոգիչ ցուցանիշ:

«Մորֆին, որը ծանր ցավի ամոքման հիմնական դեղն է, թանկ չարժե և հեշտ է ընդունել, սակայն Հայաստանում դրա կարիքն ունեցող անձանց այն անհասանելի է: 2010-2012 թթ. Հայաստանում տարեկան սպառվել է միջինը մոտ 1.1 կգ մորֆին, որը հաշվարկների համաձայն բավարար կլիներ դրա կարիքն ունեցողների ընդամենը մոտ 3 տոկոսի համար»,- ասում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Գեորգի Գոգիան:

«Ինձ մնում է միայն արտասվել. քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում» 86 էջանոց զեկույցի հիմքում ընկած են Երևանում և Հայաստանի ութ այլ քաղաքներում հիվանդների, նրանց ընտանիքի անդամների, առողջապահական ոլորտի մասնագետների, պետական պաշտոնյաների և հիվանդների իրավունքների պաշտպանության խմբերի և այլ հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ավելի քան 90 խորացված հարցազրույցները:

Կազմակերպությունը պարզել է, որ ցավի արդյունավետ բուժման ճանապարհին Հայաստանում առկա են հետևյալ խոչընդոտները` հաբերի տեսքով մորֆինի բացակայությունը, օրենսդրական սահմանափակումները, անբավարար դեղաչափերը, դեղերի նշանակման բարդ ընթացակարգերը, խիստ վերահսկողությունը ոստիկանության կողմից:

Չնայած Առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ հաբերի տեսքով մորֆինի գնման ընթացակարգն արդեն սկսվել է և դրանք շուտով կլինեն հասանելի, սակայն մյուս ընթացակարգերի առումով դեռ խնդիրներն առկա են:

«Հայաստանում ցավամոքիչ դեղեր ստանալու գործընթացը չափազանց բարդ է, որպեսզի հիվանդին հասանելի լինեն ուժեղ ցավազրկողներ, պետք է միայն օնկոլոգիական հիվանդ լինեն: Այստեղ առկա բյուրոկրատական մոտեցումները, դժբախտաբար, բավարար հնարավորություն չեն տալիս տանջվող մարդկանց ցավը թուլացնելու համար, մինչդեռ այդ ցավը շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն հիվանդի, այլև նրա ընտանիքի անդամների համար,- ասում է հետազոտության հեղինակ Գեորգի Գոգիան.

– Երբ հիվանդության հետևանքով առաջացած ցավը վերանում է, մարդիկ վերադառնում են սովորական կյանք, հասարակության մի մասն են կազմում, ընտանիքի լիարժեք անդամ դառնում»:

Վերահսկողության խնդիրը, որի պատճառով բժիշկները խուսափում են ավելացնել հիվանդներին տրվող դեղերի չափաբաժինները, հիմնականում պատճառաբանվում է դրանց սև շուկայում հայտնվելու մտավախությամբ, սակայն փորձագետները հավաստիացնում են, որ նման խնդիր իրականում չկա:

3.Madoyan

Պալիատիվ խնամք ստանալու աջակցությամբ և ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող անձանց խնդիրներով զբաղվող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության ջատագովության հարցերով փորձագետ Հովհաննես Մադոյանն ասում է, որ բժշկական մորֆինն այդքան էլ հրապուրիչ դեղամիջոց չէ թմրամոլություն ունեցող մարդու համար:

«Հատկապես Հայաստանում, երբ օգտագործում են մի քանի անգամ ավելի ուժեղ դեղեր, այդ վտանգը մտացածին է: Ենթադրում ենք, որ բժիշկները, պացիենտները բոլորը հանցագործ են ու վաճառելու են այդ մորֆինն ու սկսել ենք վերահսկել, ուրեմն պոտենցիալ առումով բոլորս ենք հանցագործ, թող գան բոլորիս գլխին կանգնեն: Իհարկե, պետք է վերահսկել, բայց տրամաբանության սահմաններում»-ասում է Մադոյանը:

Դիեդերիկ Լոհմանն էլ ներկայացնում է այլ երկրների փորձը` պարզաբանելով, որ դեղամիջոցների հասանելիության այսչափ բարդությունները հենց կարող են հանգեցնել սև շուկայի առաջացմանը:

«Որոշ դեպքերում ավելի հեշտ է մարիխուանան կամ հերոինը գնել փողոցից, քան անցնել պետական ընթացակարգերով ու նշանակում ստանալ բժշկի կողմից: Կարծում եմ երբեմն չափազանց խիստ կանոնակարգերը նպաստում են սև շուկայի զարգացմանը: Հիվանդներն, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը, քրեական հանցագործության դիմելով հայթայթում են դեղերը, որպեսզի փոքր-ինչ մեղմեն իրենց, իրենց հարազատների ցավն ու տանջանքները»,-ասում է Լոհմանը:

Ըստ Լոհմանի՝ Ուկրաինայում մորֆինի հաբերը ներմուծելուց մի քանի տարի անց, արդեն ոստիկանությունն արձանագրել է փողոցում մորֆինի վաճառքի դեպքերի նվազում:

Այս ոլորտը հետազոտող մասնագետները, սակայն հույս ունեն, որ Հայաստանում առաջիկայում իրավիճակը կբարելավվի:

2015-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ի գիտություն է ընդունել պալիատիվ խնամքի անհրաժեշտությունը և որոշ կարևոր քայլեր է ձեռնարկել վերջին տարիներին այն ներդնելու ուղղությամբ:

«Մասնավորապես, պալիատիվ խնամքը ներառվել է կառավարության կողմից ճանաչված առողջապահական ծառայությունների ցանկում: Ստեղծվել է պալիատիվ խնամքի աշխատանքային խումբ, և քաղաքացիական հասարակության կառույցների և փորձագետների հետ սերտ համագործակցության պայմաններում մշակվել է պալիատիվ խնամքի ներդրման ազգային ռազմավարությունը»,-նշվել է զեկույցում:

Լոհմանն ասում է, որ Հայաստանում պալիատիվ խնամքը նոր մոտեցում է, չնայած Հայաստանում 2011-2013 թթ Գլոբալ Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության մշակած մոդելների հիման վրա մի շարք հաստատություններ արդյունավետ կերպով այս ծառայությունն արդեն տրամադրել են, բայց ցավոք դրանք եղել են փորձնական ծրագրեր և ներկայումս չեն գործում պետության կողմից ֆինանսավորման բացակայության պատճառով:

«Ես հանդիպել եմ Հայաստանի առողջապահության նախարարին, նա շատ լավ տեղեկացված է պալիատիվ խնամքի մասով և շատ հստակ գիտի, թե ինչ փոփոխություններ են հարկավոր անել: Հայաստանն արդեն մի շարք կարևոր փաստաթղթեր է ընդունել, որոնք կնպաստեն այս գործընթացի իրականացմանը, հիմնական մարտահրավերն այսօր գործել սկսելն է, ընդունել նոր կանոնակարգեր, կյանքի կոչել նոր ռազմավարություն ը, որն արդեն մի քանի տարի է Առողջապահության նախարարությունը չի ներկայացնում հաստատման, համոզված լինել, որ մորֆինը հասանելի է ոչ միայն սրվակներով, այլ նաև հաբերով»,-ասում է փորձագետը:

Մադոյանն էլ հավելում է, որ թեև դեռևս դեղերի դուրս գրման ընթացակարգը չի հեշտացել, սակայն կա նախարարի կողմից հաստատված ցավազրկման ուղեցույցը, որով բժիշկները ստացել են մի կարևոր գործիք ու դրանով վերահսկան ժամանակ կարող են հիմնավորել, թե ինչու են ընտրել այդ դեղամիջոցը կամ ինչու են փոխել չափաբաժինը:

«Սա նշանակում է, որ ոչ մի ոստիկան չի կարող գալ ու բժշկին ասել, թե ինչու է ընտրել այդ դեղը, տվյալ չափաբաժնով: Սա արդեն իսկ շատ կարևոր փաստաթուղթ է բժիշկների աշխատանքը հեշտացնելու և ապահովելու առումով: Սակայն դեռևս մեր շահառուներն իրենց մաշկի վրա դա չեն զգում, քանի որ բժիշկները տեղեկացված այդ ուղեցույցի մասին և այն դեռևս շատ չի տարածվել» -նշում է Մադոյանը` հավելելով, որ առողջապահության նախարարությունը պետք է հետամուտ լինի ուղեցույցի լայն տարածմանը և համապատասխան մասնագետների վերապատրաստմանը:

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:     

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29