Ո՞ւմ հետ է Նաիրա Զոհրաբյանը հույս կապում
Երեկ Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի եզրափակիչ բանաձեւում ԼՂ խնդրի վերաբերյալ ամրագրվել է, որ Եվրախորհրդարանը «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական եւ այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում եւ բանաձեւերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ամսի 25-ին, ինչպես հայտնի է, մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում երկու հակահայկական զեկույց կա. «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով: Մեկը՝ ԼՂՀ-ի, մյուսը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ:
Եվրախորհրդարանի այս դիրքորոշումը եւ միջազգային կառույցներին ուղղված հորդորը հնարավո՞ր է ազդեցություն ունենա ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքների վրա՝` «Առավոտի» հարցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախկին համանախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կարեւորում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այս ամրագրումը ԵԽԽՎ-ի՝ մեզ համար շատ կարեւոր նստաշրջանից առաջ: Մեր զրուցակիցը նկատեց, որ հանձնաժողովը մշտապես անդրադարձել է ԼՂ խնդրին եւ մշտապես իր աջակցությունն է հայտնել հարցի խաղաղ կարգավորմանը՝ հավելելով, որ բարձր է գնահատում հանձնաժողովի անդամ մեր պատգամավորների կատարած աշխատանքը: «Կազդի՞ այս բանաձեւը ԵԽԽՎ դիրքորոշման վրա, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել, քանի որ մինչ այս էլ նշված զեկույցների վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Չմոռանանք նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` նշյալ զեկույցների վերաբերյալ հայտնած կարծիքը Երեւան կատարած այցի ժամանակ, բայց այդ ամենը ԵԽԽՎ քաղաքական եւ սոցիալական հանձնաժողովներին կարծես չկանգնեցրեց` հասնելու նրան, որ բանաձեւերը ներառվեն հունվարյան նստաշրջանի մեծ օրակարգ: Կարծում եմ՝ ԵԽԽՎ ղեկավարությունը հրաշալի տեղյակ է ԵԱՀԿ համանախագահների դիրքորոշմանը, հրաշալի տեղեկացված է, որ հարցի կարգավորմամբ զբաղվող միակ լեգիտիմ եւ պրոֆեսիոնալ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ԵԽԽՎ ղեկավարությունը դա չի էլ հերքում, ուղղակի իրենք փորձում են մանիպուլյացիա անել` ասելով, որ այսպիսով իբր օժանդակություն են հայտնում բանակցային գործընթացին:
Կարդացեք նաև
Սա ապատեղեկատվություն է եւ շատ տգեղ մանիպուլյացիա, որովհետեւ նշյալ զեկույցները ուղղակիորեն եւ գլխիվայր խեղաթյուրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, տրամագծորեն հակասում են բանակցային գործընթացի ողջ բովանդակությանն ու սկզբունքներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս տարիների ընթացքում որեւէ անգամ ԼՂՀ-ն չեն դիտարկել որպես օկուպացված տարածք, ինչը նրանց փոխարեն որոշել են դիտարկել Ռոբերտ Ուոլթերը եւ Միլիցա Մարկովիչը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ քիչ արժանահավատ համարելով, որ որեւէ հայտարարություն կարող է ազդել այն պատգամավորների վրա, որոնք ի սկզբանե կողմնակալ են, ի սկզբանե գիտեն, որ այդ զեկույցները խայտառակ ապատեղեկատվություն են:
Տիկին Զոհրաբյանը հույսը դնում է ԵԽԽՎ-ի այն պատգամավորների վրա, ովքեր մեկ րոպե պիտի մտածեն քվեարկելուց առաջ՝ նման խայտառակ զեկույցներին, որոնք թեեւ խորհրդատվական բնույթի են, բայց նրանց քաղաքական բովանդակությունը Ադրբեջանի համար շահարկումների հնարավորություն է լինելու. «Իմ հույսն այն պատգամավորներն են, որոնք մեկ րոպե պետք է մտածեն, որ «կողմ» քվեարկելով այդ զեկույցներին՝ իրենք վնասելու են բանակցային գործընթացին, նպաստելու են սահմանային լարվածության աճին, դառնալու են նորանոր անմեղ զոհերի պատճառ: Իմ հույսը ԵԽԽՎ այն պատգամավորներն են, ովքեր իրենց խղճով եւ համոզմունքներով կառաջնորդվեն»:
Այս ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, մեր այլ պատգամավորներ ակտիվորեն ներգրավվել էին ԵԽԽՎ պատվիրակների հետ «աշխատանք տանելու» գործին. կա՞ն դրական արդյունքներ՝ մեր հարցին Նաիրա Զոհրաբյանը ընդհանրական պատասխան տվեց. «Աշխատանքը տարվել է ամեն օր, բոլոր ժամանակներում, այս փուլում, բնականաբար, շատ ավելի ակտիվ: Ես կդժվարանամ խոսել` ի՞նչ արդյունք կունենանք: Այդ մասին, կարծում եմ, կարող ենք խոսել միայն հունվարի 26-ին, օրվա երկրորդ կեսին, քվեարկությունից հետո»:
Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին փոխարինելու է Սամվել Ֆարմանյանը: Ն. Զոհրաբյանը կոռեկտ չի համարում այսօր, երբ պահանջվում է ջանքերի մեկտեղում, «ինչ-որ տեղերից, ինչ-որ ուղղորդված տեղեկատվություն է սպրդում` պատվիրակության ղեկավարի փոփոխության մասին»: Տիկին Զոհրաբյանին, համենայնդեպս, նման խոսակցություն հայտնի չէ. «Ոչ խորհրդարանում, ոչ պատվիրակության ներսում նման անգամ ակնարկ երբեւէ չի եղել»:
Հետաքրքրվեցինք՝ այս կարեւոր «մարտից» առաջ ՀՀ պատվիրակության ընդդիմադիր եւ իշխանական անդամները համերա՞շխ են մեկնում Ստրասբուրգ: «Երկրի ներսում մենք տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ ունեցել ենք, այսօր էլ ունենք: Դա նորմալ է, բայց գոնե ԵԽԽՎ պատվիրակության դեպքում, չնայած վստահ եմ, որ բոլոր պատվիրակություններում էլ նույնն է, համատեղ աշխատանք է ընթանում` երկրի շահի համար: Ես շատ բարձր եմ գնահատում այս օրերին իմ բոլոր գործընկերների` Լեւոն Զուրաբյանի, որը լիբերալ-դեմոկրատների խմբում շատ մեծ աշխատանք է կատարում, թե Սամվել Ֆարմանյանի, թե Մհեր Շահգելդյանի, թե մնացյալ պատգամավորների, այդ թվում՝ պատվիրակության կազմում չներգրավված բազմաթիվ գործընկերների, թե դաշնակցական կառույցների մեծ աշխատանքը: Նրանք բոլորով այս օրերին անում են ուղղակի անհնարը` դրական արդյունք ապահովելու համար»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2016