Տարիներ առաջ,Գյումրու ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած փոքրիկին ծնողները հրաժարվեցին հանձնել մանկատուն` դեմ գնալով բժիշկների հորդորներին, որոնք պնդում էին, թե երեխան ապագա չունի. հաշմանդամ է:
«Եթե այն ժամանակ մամային կեսարյան հատում անեին, ես այսպես չէի ծնվի: Ծննդաբերության ժամանակ, բժիշկները քաշքշում են ինձ ու վնասում, բայց ծնողներս որոշում են կայացնում՝ ինձ չթողնել,- պատմում է այսօր արդեն աշխատանքային ու անձնական կյանքում հաջողությունների հասած, Գյումրու «Ագաթ» ՀԿ-ի նախագահ Կարինե Գրիգորյանը.
«Դեռ փոքրուց բախվել եմ բազմաթիվ խնդիրների, սակայն ծնողներիս ներդրումը իմ կյանքում բավականին մեծ է եղել: Նրանց շնորհիվ է, որ ես այսօր կամ այսպիսին»:
40-ամյա Կարինեն մանկական ուղեղային կաթված ունի, սակայն դա չի խանգարել նրան հաղթահարել բազում դժվարություններն ու անարդարությունները, ընտանիքի օգնությամբ ստեղծել սեփական հաջողության բանաձևը, դառնալ ինքնուրույն, ունենալ ուժեղ կամք ու շարժվել առաջ՝ կյանքի բաց ծովում:
Պատմում է, որ ծնողները անգլերենի ուսուցիչներ էին աշխատում դպրոցում, ինչի շնորհիվ էլ ինքը սկսում է հաճախել հենց հանրակրթական դպրոց:
«Հիշում եմ աշակերտների ինձ ուղղված հետաքրքրասեր հայացքները, բայց հետո աստիճանաբար հարմարվեցի: Շատ լավ էի սովորում, բոլորին օգնում էի: Ես նրանց նման էի, ու նրանցից մեկն էի,- հիշում է Կարինեն դպրոցական տարիները,-Շատ լավ էի տիրապետում անգլերենին: Հիշում եմ, 14 տարեկան էի, մայրս ինձ տարավ, որպեսզի Իսրայելից եկած բժիշկները հետազոտեն: Մորս ասացին, որ իմ հաշմանդամության տեսակն այնպիսին է, որ շատ հրաշքների հարկավոր չէ սպասել: Ես սկսեցի լաց լինել: Բժիշկները զարմացել էին, որ հասկացել եմ խոսակցությունը:Ասացին, որ կփորձեն մեզ օգնել»:
Մի քանի օր անց՝ նրանց տեղեկացնում են, որ Կարինեն կարող է մեկնել ԱՄՆ-ի իրենց վերականգնողական կենտրոն, որտեղ կստանա համապատասխան բուժման կուրս: Ընտանիքը որոշում է, որ Կարինեն կարող է մենակ գնալ, առանց որևէ մեկի օգնության: Անկեղծորեն ասում է. ինքնուրույնության առաջին քայլն էր, մինչ այդ բավականաչափ համարձակություն չուներ:
«Իսկ հիմա արդեն աշխարհն եմ միայնակ շրջում»,- ծիծաղելով ասում է Կարինեն:
Դպրոցը գերազանց ավարտելուց հետո, Կարինեն պատմում է, որ գրեթե երեք տարի «նստում է տանը»: Խոստովանում է.«մի տեսակ անհարմար էի զգում դուրս գալ փողոց»:
Սեփական ուժերի հետ պայքարի արդյունքում, համարձակություն հավաքելով, շուտով ընդունվում է Գյումրու Անանիա Շիրակացու անվան համալսարան, ավարտում համալսարանը գերազանցությամբ` ստանալով տնտեսագետի մասնագիտություն: Փորձում է աշխատանք գտնել, սակայն բախվում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքին:
«Տեղ կար, հենց տեսնում էին հաշմանդամության խնդիր ունեմ, միանգամից հրաժարվում էին: Արդեն 2002-ին որոշեցի կամավոր հիմունքներով աշխատել «Մեղվիկ» կազմակերպությունում: Տնտեսագետի կարիք չունեին, առաջարկեցի անգլերեն թարգմանություններ անել: Մայրս ասում էր, որ դժվար է, չեմ կարողանա, բայց ես սկսեցի թարգմանությունները անել»,- պատմում է Կարինեն:
Զուգահեռ սկսում է ուսումնասիրել համացանցը, ծանոթանում է հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների գործունեությանը, առաքելություններին, ինքն իր համար բացահայտում բոլորովին մեկ այլ աշխարհ: 2006 թվականին դիմում է ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուրջին քաղաքում գտնվող Կանանց հաշմանդամության ու առաջնորդության ինստիտուտի փոխանակման ծրագրերից մեկին և ընդունվում:
«Դա իմ առաջին ձեռքբերումն էր, ու ես մեկնեցի, կրկին մենակ: Այնտեղ հրավեր ստացա մասնակցելու Մեքսիկայում անցկացվող կանանց իրավունքների պաշտպանության կոնֆերանսին, որին մասնակցելու էին աշխարհի 30 երկրների հաշմանդամության խնդիրներ ունեցող անձիք: Երբ վերադարձա ԱՄՆ-ից տուն մերոնց ասացի, որ մեկնելու եմ Մեքսիկա: Հարազատները զարմացել էին, մտահոգվում էին, բայց գնացի երեք օրով, համադրել էի մեկ այլ կոնֆերանսի հետ, որին ևս մասնակցեցի ու նոր վերադարձա»,- իր ձեռքբերումների մասին է պատմում Կարինեն:
Նա առաջիններից էր, ով կոտրեց կարծրատիպերը, և իր ապրած կյանքով, աշխատանքով, համարձակությամբ ապացուցեց, որ հավասար է բոլորին: Հաշմանդամություն ունենալը խնդիր չէ՝ կյանքում հաջողությունների հասնելու համար:
2007 թվականից սկսած նա մասնակցում է միջազգային ամենատարբեր ծրագրերի: Ու հենց այդ ընթացքում էլ նրա մեջ հասունանում է գաղափար՝ հայրենի քաղաքում բացել մի կազմակերպություն, որը կզբաղվի հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներով:
«Գրեցի ծրագիր, կազմակերպության համար առաջին գումարը հատկացրեց Կանանց գլոբալ հիմնադրամը: 2007 թվականին հիմնադրեցի «Ագաթ»ը, որն այսօր իր շուրջն է հավաքել գրեթե 40 շահառուների, ոչ միայն Գյումրի քաղաքից, այլև տարածաշրջանից»:
Կազմակերպությունը հոգում է գյուղերից եկող շահառուների ճանապարհածախսը: «Ագաթ»-ում գործում են տարբեր խմբակներ՝անգլերենի, համակարգչի, սովորեցնում են վարսավիրական գործ, թխվածքների պատրաստում: Բազմաթիվ գրքեր են տպագրել հաշմանդամության հիմնախնդիրների մասին, վերապատրաստել են օդանավակայանի աշխատակիցներին՝ ինչպես ընդունել ու ճանապարհել հաշմանդամներին:
Իրականացրել են «Ես ունեմ մայրանալու իրավունք» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների սեռական կյանքի ու վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում:
«Ծրագրի շրջանակներում նկարահանվեց «Երջանկություն առանց սահմանների» ֆիլմը, որը Հայաստանի տարբեր մարզերում ապրող հաշմանդամություն ունեցող կանանց մասին է, ովքեր սիրվել են, սիրել` կազմել ընտանիքներ ու հիմա արդեն դաստիարակում են իրենց սեփական երեխաներին: Հաշմանդամություն ունեցող կանայք նույնպես դրա իրավունքը ունեն, և մենք փորձել ենք կոտրել հասարակության մեջ ձևավորված ոչ-ի վերաբերմունքը այս կանանց նկատմամբ»,-ասում է Կարինեն:
Նա խոստովանում է, որ իր երազանքները իրականության չէին վերածվի, եթե ինքն այդքան մեծ ցանկություն, ձգտում ու եռանդ չունենար:
«Ամեն ինչի աստիճանաբար հասա, բայց ինձ թույլ չէի տալիս անգամ մտքիս ծայրով մտածել անձնական կյանքիս մասին, որը լիարժեք կդարձներ երջանկությունս: Ինձ նման հաշմանդամություն ունեցող կանայք հազվադեպ են ամուսնանում, ի տարբերություն հաշմանդամություն ունեցող տղամարդկանց, ովքեր ավելի հեշտ են ամուսնանում հաշմանդամություն չունեցողների հետ, երեխաներ ունենում: Բայց կյանքը հաճախ անսպասելի անակնկալներ է մատուցում, ու ես չէի էլ կարող ենթադրել, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»,- պատմում է Կարինեն:
Հերթական արտերկրյա այցելություններից մեկի ժամանակ, երբ մեկնում է Կանադա, Քվեբեք քաղաք՝համաժողովի, ընկերներից մեկի միջոցով ծանոթանում է ապագա ամուսնու՝Ժան Փոլի, հետ:
«Ընկերուհուս խնդրանքով, ես Փոլի ընկերության առաջարկն ընդունեցի ֆեյսբուքով, դա արդեն 2011 թվականն էր: Սկսեցինք միմյանց նամակներ գրել, ես անընդհատ գրում էի իմ հաշմանդամության մասին, բայց ինքը երբեք ոչինչ չէր գրում, ու ես զարմանում էի: Ամիս ու կես շարունակ նամակներ գրելուց հետո, ես նրան հարցրի.«Կներեք, իսկ դուք հաշմանդամություն ունե՞ք»: Նա ինձ պատասխանեց.«Արդյո՞ք ես հաշմանդամություն եմ համարում ակնոց կրելը»- հուզված պատմում է Կարինեն ` չհավատալով, որ առողջ մարդը կարող է ամուսնության առաջարկ անել իրեն:
2012 թվականին Կարինեն մեկնում է Տորոնտոյի համալսարան՝վեցշաբաթյա կուրսերի կանանց իրավունքների թեմայով: Ապագա ամուսնու հետ առաջին անգամ հանդիպում է հենց այնտեղ:
«Շատ ծանր էի տանում այդ հանդիպումը: Գրում էի, որ չգա, չնայի նկարներս, այնքան անհանգիստ էի, մտածում էի զուր համաձայնեցի հանդիպել… բայց ես սխալվում էի, նա չափազանց նրբանկատ էր, պահում էր իրեն շատ ընկերական, հոգատար, ուշադիր, փորձում էր այնպես անել, որպեսզի ես չնեղվեմ որևէ բանից: Վերջին օրը երբ պետք է վերադառնայի Հայաստան, հասկացա, որ սիրահարվել եմ: Տորոնտոյում շատ դժվարությամբ բաժանվեցինք, երկուսս հուզվել էինք, ինձ թվում էր, որ դա վերջն է մեր հարաբերությունների»:
Հայաստան վերադառնալուց հետո, նրանց սերը ժամանակավորապես վերածվում է «վիրտուալ» սիրո: Օրերով խոսում էին սկայպով, շաբաթ-կիրակի օրերին՝4-5 ժամով: Կանադայի ու Հայաստանի միջև տարբերությունը 8-9 ժամ է, և Փոլը արթնանում էր առավոտյան վեցին, որպեսզի կարողանան խոսել: 2012-ին նրանք նորից են հանդիպում այս անգամ՝ Նյու Յորքում:
«ՄԱԿ-ում պետք է զեկույց ներկայացնեի, թե ինչպիսին է հաշմանդամություն ունեցող կանանց իրավիճակը Հայաստանում: Չոր ամիս անց Փոլի հետ կրկին հանդիպեցինք: Փոլը երկու տոմս էր գնել «Օպերայի ուրվականը» հռչակավոր օպերայի, որը համարվում է նյույորքյան Բրոդվեյում ամենաերկար բեմադրված մյուզիքլը, շատ սիրուն օր էր»,- հիշում է Կարինեն:
Փոլը Հայաստանը սկսում է ճանաչել հայ ընկերուհու միջոցով: 2013-ին նա որոշում է գալ Հայաստան: Կարինեն պատմում է, որ մայրն ու քույրը տեղյակ էին իր և Փոլի հարաբերությունների մասին, հայրը ՝ ոչ:
«Միայն գիտեր, որ Կանադայից կամավոր ենք ունենալու կազմակերպությունում: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ Փոլը գալիս է Հայաստան, ես հենց նույն օրը մեկնում եմ չորս օրով Իտալիա: Օդանավակայնում սպասում եմ իմ ինքնաթիռին, ինքը վայրէջք է կատարում, գալիս է անցնում, բայց չեմ կարողանում տեսնել իրեն, ես արդեն անցել էի սահմանը, իսկական հնդկական կինո էր»,- պատմում է Կարինեն:
Հայաստան կատարած երկրորդ այցելության ժամանակ, Փոլն արդեն գալիս է պաշտոնապես Կարինեի ձեռքը խնդրելու նրա ծնողներից հայկական ձևով՝ կոնյակով ու ծաղկեփնջով: Նշանադրությունից հետո Կարինեն մեկնում է Քվեբեք, որտեղ նրանք 2014 թվականի դեկտեմբերի վեցին՝ պաշտոնապես ամուսնանում են: Մի քանի ամիս անց, արդեն կրկին Գյումրիում տեղի է ունենում նրանց «հայկական» հարսանիքը:
«Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում մեր պսակադրությունն էր: Սկեսուրս ու սկեսրայրս զարմացած էին հայկական հարսանիքից: Նրանք սովոր չեն նման ճոխությունների, ասում էին, թե այսքանը ուտելո՞ւ եք: Այնքան էին հյուրասիրել, որ սկեսրայրս ասում էր.«Եթե մի հատ էլ ասեք կերեք, 911 կզանգեմ»,- ծիծաղելով պատմում է Կարինեն:
Նա անընդհատ ժպտում է, երջանկությունից շառագունում ու խոստովանում. հիմա միայն երազում է երեխա ունենալու մասին:
«Ես կարող եմ երեխա ունենալ, իմ հաշմանադամությունը ժառանգական չէ, և ես կարող եմ մայրանալ, ես էլ, Փոլն էլ ուզում ենք երեխա ունենալ»,-անկեղծանում է Կարինեն:
Հիմա Կարինեն Քվեբեքում է, մայիսին նորից կվերադառնա Հայաստան: Քվեբեքից աշխատում է, ղեկավարում «Ագաթ»-ը: Ասում է, որ շատ է կարոտում, բայց ժամանակակից տեխնիկական հնարավորությունները մեղմում են կարոտը:
«Մերոնք նույնպես կարոտում են, բայց իրենց համար կարևոր է իմ երջանկությունը, տեսնում ես, որ ես իրոք երջանիկ եմ»:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:
Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով,
email: [email protected],
Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm
Գայանե Մկրտչյան , շատ շնորհակալություն տպագրված նյութի համար։ Կարինեյի հետ պատիվ ունեցա ծանոթանալու 2010 թվականին։ Եկել եր Նյու- Յորքում, ՄԱԿ-ի ասամբլեայում ելույթ ունենալու։ Այդ կարճատև ծանոթության ընթացքում նրա հետ խոսակցությունը հեռու եր կենցաղային լինելուց։ Նրա աչքերը այրվում եին աշխատելու , արարելու , ստեղծելու կրակով։ Փա՜ռք ու պատի՛վ քեզ, Կարինե ջան, երջանիկ եղիր քո սիրո հետ և երջանկացրու քո շրջապատին։ Շնորհավոր Նոր Տարի։
Ապրեք