Դեկտեմբերի 22-ին «Օրրանի» շահառու երեխաները DoubleTree by Hilton հյուրանոցում տոնածառ զարդարեցին, նվերներ ստացան Ձմեռ պապից, ավելին՝ երգեցին, պարեցին, թխվածք պատրաստեցին, հարդարվեցին, նրանց փոքրիկ թաթիկների վրա նկարներ արվեցին:
Aravot.am-ի հետ զրույցում, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ «Օրրանի» 30 երեխաներ նամակներ էին գրել Ձմեռ պապին եւ նշել, թե ինչ նվերներ են ցանկանում: Դա փոխանցվել էր «Հիլթըն» հյուրանոցի տնօրինությանը:
Տիկին Հովհաննիսյանը համոզված է, որ այդ երեխաների ուրախությունն ու ջերմությունը կփոխանցվի այն մարդկանց ընտանիքներին, որոնք աջակցել են օրրանցիներին: Նա ուրախ է, որ բարեգործությունն իբրեւ երեւույթ վարակիչ է դառնում:
Միջոցառմանը մասնակցում էին մշակույթի, շոու-բիզնեսի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ