Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. «Զինված ուժերում միշտ ճնշված վիճակում են գտնվում սոցիալական անապահով խավի ներկայացուցիչները»

Դեկտեմբեր 16,2015 18:40

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 16-ին «Խտրականություն. Առկա հիմնախնդիրները եւ պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպել:

Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ դժվար է Զինված ուժերում ամբողջական իրավիճակը ներկայացնել, քանի որ փակ կառույց է. «Ասել, որ տվյալներ չունենք, ճիշտ չէ, բայց ասել, որ ամբողջական տվյալներ չունենք, սա նույնպես, ցավոք սրտի, չենք կարող պնդել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում խտրականության դրսեւորումների վիճակի վերաբերյալ համակողմանի ուսումնասիրության կատարումը հանդիսանում է իմ առաջարկներից մեկը, որը որպես օրակարգային հարց պետք է ձեւակերպվի եւ փորձենք խոսել պաշտպանության նախարարության հետ նման ուսումնասիրություն կատարելու համար, ինչը կներկայացնեմ:

Առաջինը՝ քաղաքականության տեսակետից՝ գործող Սահմանադրությամբ, որը մենք ունեինք մինչեւ դեկտեմբերի 6-ը ամրագրված է, եւ այդ դրույթը Սերժ Սարգսյանի նախագծում նույնպես կա, որ Զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն եւ պետք է գտնվեն քաղաքական վերահսկողության  ներքո: Սա  դրույթ է, որը լիովին համապատասխանում է եւ բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից, եւ սա, մասնավորապես ամրագրված է ԵԱՀԿ-ի՝ Զինված ուժերի վերաբերյալ չափորոշիչների մեջ, որ զինված ուժերն ընդհանրապես պետք է չեզոք լինեն, քաղաքական որեւէ գործընթացում մասնակից չլինեն եւ զսպվածություն ցուցաբերեն:  Մենք տեսանք, որ քարոզչության ընթացքում պաշտպանության նախարարը, ակնհայտորեն, որպես անձ,  մասնակից եղավ, օգտագործեց նաեւ զինված ուժերի սիմվոլիկան նախագծի օգտին: Եվ չկար որեւէ այլ նման տիպի հոլովակ՝ մեկ այլ կարծիքի տեսակետից: Բայց խնդիրն այն չէ, որ պետք է մյուս կողմի ապահովվածությունը լիներ, այլ հոլովակ չպետք է լիներ: Սա ակնհայտ խտրականության դրսեւորում է»:

Մյուս խնդիրը, ըստ Սաքունցի, ըստ սոցիալական ծագման է: Նա որպես օրինակ բերեց այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի օրինակը, նա համարում է, որ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Բարսեղյանը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ էր. «Զինված ուժերում միշտ ճնշված վիճակում են գտնվում սոցիալական անապահով խավի ներկայացուցիչները: Դա վերաբերվում է ոչ միայն շարքային զինծառայողին, դա վերաբերվում է նաեւ սպաներին՝ ծառայողական առաջխաղացման համար: Մասնագիտական կարողությունների զարգացման վրա էական նշանակություն է ունի նրա սոցիալական կարգավիճակը: Դա վերաբերվում է թե՛  շարային ծառայության մեջ ընդգրկվածներին եւ թե՛ նաեւ բժշկական անձնակազմին»:

Արթուր Սաքունցը հաջորդ խնդիրը համարում է ըստ սեռական կողմնորոշման խտրականությունը, նա նշեց, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին տեղափոխում են այնպիսի ծառայության, որը կարող է նրանց արժանապատվությանը վնաս հասցնել: Ըստ նրա, զինված ուժերում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը բավական մտահոգիչ է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031