Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցով դատական գործի վճիռը (նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյան): Հայցը բավարարվեց մասնակի:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը պահանջում է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ՝ Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, եւ դատական ծախսերը՝ ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը:
Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի կբռնագանձվի ոչ թե մեկ միլիոն դրամ, այլ 100.000 դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, 24.000 դրամ, որից 20.000-ը նյութային պահանջի և 4000-ը ոչ նյութային պահանջի և դատական ծախսերի համար վճարված գումար: Ինչպես նաև Փայլակ Հայրապետյանին դատարանը պարտավորեցրեց shamshyan.com կայքում հրապարակել հերքում վիճահարույց հրապարակումների վերաբերյալ: Դրանք դատարանը որակեց զրպարտություն և սուտ տեղեկություններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ