Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կարգավիճակ. ԵՄ-ի համար Հայաստանը ռազմավարական նշանակությունը չի կորցրել

Դեկտեմբեր 11,2015 12:00

Կայունության, անվտանգության, տարածքային ամբողջականության
եւ ինքնիշխանության պահպանման հարցում ՀՀ-ն նոր հարթակ կունենա

Հոկտեմբերին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրեց նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։ Սա կարեւոր քայլ էր Հայաստանի համար` որպես ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու նոր հնարավորություն, ինչը իր հերթին վկայում էր այն մասին, որ չնայած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ այնուամենայնիվ, մեր երկիրը ԵՄ-ի համար ռազմավարական նշանակությունը չի կորցրել։

Ենթադրվում է, որ նոր բանակցություններն ավելի կարճ կտեւեն, քան ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, եւ ըստ շրջանառվող տեղեկությունների` փաստաթուղթը կունենա ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական բաղադրիչ։ Եթե քաղաքական մասով կարելի է պատկերացնել, թե ԵՄ-ն ինչ պահանջներ կարող է դնել Հայաստանի առջեւ, եւ որ եվրոպացի գործընկերները ավելի խիստ կլինեն Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, ապա ավելի բարդ է տնտեսական բաղադրիչի մասը՝ հաշվի առնելով ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը:

Պարտավորությունների կատարման դիմաց ԵՄ-ն Հայաստանին խոստանում է ոչ միայն ֆինանսական օժանդակություն, այլեւ արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու եւ արեւմտյան ներդրողների համար առավել գրավիչ դառնալու եւս մեկ հնարավորություն։
Անցյալ ամսվա սկզբին Եվրահանձնաժողովի արտաքին ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի բաժնի ղեկավար Գունար Վիգանդը Երեւանում մասնակցում էր Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական նիստին, որի համանախագահներն են ինքն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, որովհետեւ Հայաստանը խորհրդակցություններ է անցկացնում ԵՏՄ իր գործընկերների հետ: Նույնը արել է Ղազախստանը, որի հետ մենք բանակցում ենք համաձայնագիր կնքելու նպատակով: Բնական է, որ երկրները պարտավոր են հաշվի առնել այն հանձնառությունները, որոնք արդեն ստանձնել են: Մենք կա՛մ-կա՛մ իրավիճակում չենք»,- նկատել էր Վիգանդը: Նա հստակ չնշեց, թե երբ կստորագրվի նոր համաձայնագիրը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ. «Հիշում եմ, երբ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսեցինք, մեզ տալիս էին այս հարցը՝ ե՞րբ եք ստորագրելու փաստաթուղթը: Նախորդ բանակցությունները տեւեցին երեքուկես տարի, որից հետո մենք չստորագրեցինք համաձայնագիրը: Ուստի այս անգամ մենք ցանկանում ենք բանակցել ու ստորագրել փաստաթուղթը: Լավ չէ, երբ բանակցողն ասում է, թե երբ կստորագրվի փաստաթուղթը: Մենք չենք ցանկանում բախվել վերջնաժամկետի»:

Նոր համաձայնագրում, ըստ էության, պահպանվելու են դեռեւս Ասոցացման համաձայնագրից մնացած քաղաքական պայմանավորվածությունները, այլ իրավիճակ է տնտեսական ոլորտում. «Ունենալու ենք շատ կարեւոր փաստաթուղթ, որովհետեւ այն ընդգրկելու է շատ լայն շրջանակ: Չեմ կարծում, թե նշանակալից փոփոխություններ կլինեն արտաքին, ներքին քաղաքականությունների, նույնիսկ տնտեսական, ոլորտային համագործակցության մասերում, սակայն այլ մոտեցում է լինելու առեւտրի ու ներդրումների հարցերին, որովհետեւ սա արտոնություններ տվող համաձայնագիր չէ: Մենք հարգում ենք այն ընտրությունը, որ արել է Հայաստանը՝ անդամակցելով ԵՏՄ-ին»:
Դեկտեմբերի 7-ին Երեւանն ու Բրյուսելը ազդարարեցին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Եվրոպական միության կենտրոնակայանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական սկիզբը։

«ԵՄ-ն եւ Հայաստանի համատեղ արժեքները եւ լուրջ հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության նկատմամբ նոր համաձայնագրի հիմք են»,- նշեց Ֆեդերիկա Մոգերինին: «Այն բարենպաստ պայմաններ կստեղծի համագործակցության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտն ու բնապահպանությունը, եւ նաեւ առեւտրի եւ ներդրումների ու տեղաշարժի ընդլայնման նոր հնարավորություններ կբացի մեր քաղաքացիների համար»,- հավելեց նա:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունում ասվում էր, որ ապագա համաձայնագիրը կփոխարինի 1999-ից գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին, որ վերստին կսահմանի ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ վերջերս վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ավելի լայն շրջանակներում: Այն նաեւ հնարավորություն է ընձեռում փակելու 2013թ. հաջորդող անորոշությունների փուլը, երբ ԵՄ-Հայաստան ԱԱ/ԽՀԱԱԳ բանակցություններն այլեւս անհնարին դարձավ ամփոփել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշման հետեւանքով: Բանակցությունների մեկնարկը հաջորդում է համընդգրկուն համաձայնագրի նպատակով ոլորտների համատեղ ուսումնասիրության հաջող իրականացմանը, որն ընդգրկելու է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն եւ հաշվի է առնելու Հայաստանի միջազգային պարտավորությունները: Կողմերի միջեւ բանակցություններն այժմ առաջ կընթանան ողջ ներուժով:

ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է ԵՄ խորհրդի որոշումը, որն արտացոլում է գործընկերների նկատմամբ կիրառվելիք տարբերակման սկզբունքը` հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերիշխանության եւ արդյունավետ կառավարման ոլորտներում նրանց հանձնառությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությանը։

Բանակցությունների մեկնարկի իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ եւ մտադիր է ավելի զարգացնել եւ ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խորը արմատներ ունի»: Պաշտոնական Երեւանը փաստեց, որ հանձնառու է մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: «Առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը եւ ոլորտային համագործակցության ընդլայնումը մեր ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են… Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու եւ սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը եւ Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ԵՄ-ի հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը»,- նշել էր Նալբանդյանը:

Այսպիսով, ԵՄ-Հայաստան նոր փաստաթուղթը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ գործընկերության եւ գործակցության համաձայնագրին, հիմնված կլինի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների վրա։ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հրաժարված պաշտոնական Երեւանը Բրյուսելի հետ մերձեցման փորձեր անելու ձգտումներում, կարելի է ասել, հաջողեց:

Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ հայտարարում էին, որ պատրաստ են շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունները, եւ մեկ այլ պայմանագիր ստորագրելու հնարավորություն ստանալու հարցում ստացան ԵՄ-ի համաձայնությունը: Բրյուսելը որոշ ժամանակ անց ճկունություն դրսեւորեց:

Հայաստանը ստանում է նոր կարգավիճակ, որն այսօր աշխարհում եւ մեր տարածաշրջանում տիրող բավական բարդ իրավիճակում լրացուցիչ միջոց է երկրում կայունության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման հարցում հնարավորություններից օգտվելու առումով։

Ինչպե՞ս ՀՀ իշխանությունները գործնականում կօգտվեն այս նոր հնարավորություններից` երկրի ներսում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլ բնագավառներում ներկայացված եվրոպական պահանջներին հասնելու հարցում, ցույց կտա ժամանակը: Ամեն ինչ կախված է անկեղծությունից եւ քաղաքական կամքից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031