Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Ամուլսարի թափոնների համար հարկեր վճարեին, ապա սեփականատերը շահագործումից կհրաժարվեր

Դեկտեմբեր 05,2015 14:00

Երեկ բնապահպանների մտահոգություններին հակառակ՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Ամուլսարի համար ներդրող են գտել, եւ որ երկու տարվա ընթացքում պիտի իրականացվեն Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը: Ֆինանսական ներդրող ընկերությունները, Կարեն Ճշմարիտյանի ներկայացմամբ, 325 մլն դոլարի չափով գումար են դնելու այս գործի մեջ: Նախագծի, այսպես ասած, հովանավորներից են նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ-ը, ինչի արդյունքում ներդրումներն, ընդհանուր առմամբ, էկոնոմիկայի նախարարի հաշվարկներով՝ կազմելու են մոտ 460-480 միլիոն դոլար: Այս գործարքից կառավարությունն ակնկալում է Հայաստանում արտադրված 12-14 տոննա ոսկի:

Բնապահպանների մտահոգությունները փարատելու համար Կարեն Ճշմարիտյանը վստահեցրեց, որ Ամուլսարի հանքի շահագործումը կազմակերպվելու է արդիական ու ամենավերջին տեխնոլոգիաներով:

Բնապահպան Լեւոն Գալստյանը, սակայն, ոչ միայն Ամուլսարի, այլեւ ցանկացած նոր մետաղական հանքի շահագործումը Հայաստանում անթույլատրելի է համարում: Պարոն Գալստյանի խոսքերով՝ նման հանքերի շահագործմամբ բնապահպանական, առողջապահական, էկոլոգիական վնասները չեն համապատասխանում սեփականատիրոջ բերած եկամտին, քանի որ մեր երկրում դեռեւս որեւէ մեկը չի գնահատել եւ Հայաստանի քաղաքացուն ցույց չի տվել այն փաստը, որ իրականում նրա եկամուտն ավելի կարեւոր ու ավելի մեծ կշիռ ունի, քան բնապահպանական էկոլոգիական վնասը. «Ամուլսարի դեպքում առավել եւս այդպես է»,- ասում է Լեւոն Գալստյանը՝ որպես օրինակ նշելով ոսկու եւ արծաթի կորզման այն եղանակը, որից հետո մնացած բոլոր վտանգավոր նյութերը՝ միախառնված նատրիումի ցիանիդով, լցվելու են են Գնդեվազ գյուղի մերձակայքում: Բնապահպանների հաշվարկներով՝ այդ թափոնները կազմելու են 115 միլիոն տոննա:
Բնապահպանը նաեւ մտահոգություն է հայտնում, որ մեր երկրի օրենսդրությամբ՝ հանքարդյունաբերական թափոնները չեն հարկվում, հակառակ դեպքում Լեւոն Գալստյանը վստահ է, որ Ամուլսարի պարագայում ներդրող չէր գտնվի, քանի որ եթե հանքի շահագործումից առաջացած վտանգավոր թափոնները հարկվեին, ապա սեփականատիրոջը ձեռնտու չէր լինի հանքը շահագործելը: Պարոն Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ եթե նույնիսկ Ամուլսարի շահագործումից 4-րդ կարգի թափոն առաջանար, որն ամենաքիչ վտանգավորն է, ապա որպես հարկ հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը պետք է պետբյուջե վճարեր մոտ 350 միլիոն դոլար: Բնապահպանը վստահեցնում է, որ Ամուլսարի թափոնը 2-րդ կարգի է իր վտանգավորության աստիճանով, հետեւաբար հարկերը շատ ավելի մեծ պետք է լինեին. «Բայց քանի որ Հայաստանում թույլատրված է առանց ոչ մի լումա վճարելու վտանգավոր թափոնները լցնել մեր երկրի տարածքում, այդ պատճառով էլ այդ մարդիկ ուզում են Ամուլսարը եւ մնացած հանքերը շահագործել»:

Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը գտնում է, որ ընդերքօգտագործման մոտեցումը մեր երկրում ընդհանրապես շատ սխալ ուղղությամբ է գնում. «Այստեղ քանդեցինք, անցնում ենք մեկ այլ տեղ քանդելուն, չենք նայում նույնիսկ՝ պահպանվող տարածքներ են, բուֆերային գոտի է, անգամ պահպանվող տարածքում են հանքի շահագործման թույլտվություն տալիս: Հանքը կարող է լինել սողանքների, վտանգավոր գոտիներում, բնակավայրերի հարեւանությամբ, ջրային ավազաններին շատ մեծ վտանգ հասցնող վայրերում: Ընդերքը քանդում ու քանդում ենք: Այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, մեր տնտեսության հիմքը կտրում ենք: Մենք կտրում ենք հիմքը գյուղատնտեսության. մի կողմից՝ ասում ենք էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսություն, խոսում ենք եվրոպական երկրներ գյուղատնտեսական ապրանքներ արտահանելուց, բայց ով կվերցնի այդպիսի պայմաններում աճեցված ապրանք, եւ ի վերջո՝ մեր բնակչության առողջության հարցն է: Ամուլսարը հերթական նախագիծն է, որն անընդունելի է»:

Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ ոչ մի ուսումնասիրություն չկա, թե Ամուլսարի շահագործումը որքանով կազդի առողջարանային քաղաք համարվող Ջերմուկի վրա, Սեւանա լճի եւ այլ ջրային ռեսուրսների, որոնք անցնելով այդ հատվածով՝ թափվում են Սեւանա լիճ:

«Խնդիրները շատ-շատ են, բայց դա հերթականն է, վաղը մենք մի այլ ծրագրի մասին կխոսենք: Մենք բազմիցս այդ հարցերը բարձրացրել ենք՝ որ բավական է նոր հանքեր բացեք, առավել եւս խոսքը գնում է մետաղ պարունակող հանքերի շահագործման մասին, որոնք ուղղակի թույն են սփռում շրջակա միջավայր: Առաջարկել ենք, որ եղած պոչամբարները որպես տեխնոգեն հումք օգտագործեն»:

Հիշեցնենք, որ մի շարք բնապահպաններ դեմ են Ամուլսարի նախագծին՝ պնդելով, որ այն իրագործելու դեպքում Ջերմուկը որպես առողջարանային գոտի կհեղինակազրկվի, Սեւանա լիճը, որպես հատուկ պահպանվող ջրային ավազան, կվտանգվի, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան եւ Արփա գետերի ավազանները կապականվեն, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ կառնվի, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակները կվերանան, Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանատեսակների միգրացիոն ուղիները եւ թռչնատեսակների բնադրավայրերը կխախտվեն, Վայոց ձորի մարզի Ջերմուկի շրջանի եւ Սյունիքի մարզի Գորայք, Սարավան գյուղերի տարածքներում գյուղատնտեսության հնարավորությունները կվերանան եւ այլն:

Բնապահպանները վկայակոչելով բժիշկների մեկնաբանությունները՝ նաեւ նշել էին, որ հանքավայրի շահագործման արդյունքում կառաջանա կապար, որն ազդում է նյարդային ու արյունատար համակարգերի վրա, ու կունենանք բարձր մահացություն այդ տարածքում, ինչպես նաեւ թերզարգացում կարող է առաջացնել: Բացի այդ, ոսկու հանքավայրից առաջացած ցիանիդները շնչառական մեծ խնդիրներ են առաջացնում. այդ մանր փոշին մինչեւ 30 կմ տեղաշարժվում է, կուտակվում է բույսերի մեջ, անցնում է կենդանական շղթային ու մարդուն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ Շիրինյան says:

    Հարցում Նախարար Կարեն Ճշմարիտյանին՝

    Հայաստանում Ամուլսարից հանված 12-14 տոննա ոսկին ու՞մ և ո՞ր երկրին է ԵԿԱՄՈՒՏ բերելու: Ինչպե՞ս է այդ ոսկուց ստացված եկամուտը Հայաստանին օգնելու:
    Նշենք նաև որ արտերկրից “ներդրում” կոչվածը այս դեպքում ներդրում է հանքահանման մեքենաներ ու քիմիական նյութեր արտադրողների համար, որոնք Հայաստանում չեն գտնվում, գործում:
    Պարոն Նախարար պետք է խոսել ճշմարտությունը:
    Անահիտ Շիրինյան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031