Վերաքննիչ քրեական դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստին (նախագահող դատավոր՝ Սերգեյ Չիչակյան) Հայկ Կյուրեղյանը հայտարարեց, որ պատժաչափի վերանայման հետ կապված ինքը պահանջ չունի, այլ պահանջում է արդարացում: Նա շեշտեց. «Թող լինի խիստ, ամենայն խստություն լինի, հենց այդ խստությունից է բխում, որ լինի արդարացում»: Դատավոր Չիչակյանը զգուշացրեց, թե այդ դեպքում դատարանը սահմանափակված է. «Եթե ընդամենը արդարացման պահանջ եք ներկայացնում, դատարանը կաշկանդված է բողոքի սահմաններից դուրս գալ»: Դատախազ Վահե Ասատրյանը միջնորդեց Հայկ Կյուրեղյանի բողոքը մերժել ու հայտարարեց. «Նշված պատժաչափը ողջամիտ է և դրանով կվերականգնվի սոցիալական արդարությունը»: Հայկ Կյուրեղյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իրեն տրամադրվի այն տեսագրությունը, որը ցուցադրվել է դատարանի նիստերի դահլիճում իր բացակայությամբ ընթացած նիստերի ժամանակ:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: Սակայն հրապարակման հետ կապված որևէ ժամ չնշանակվեց: Հայտարարվեց, որ կողմերը տեղյակ կպահվեն:
Դահլիճից դժգոհություններ հնչեցին, թե ինչո՞ւ կոնկրետ հրապարակման ժամ չի նշանակվում. «Կարագի հե՞րթ է, ինչ է, ողջ օրը պիտի սպասե՞նք»:
Դատական նիստի ավարտից հետո հնչած հարցին՝ դատարանից արդարացում սպասո՞ւմ է, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Արդարացում չեմ սպասում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ