Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիս-հարավ ճանապարհը սարքում եք, որ ո՞վ գնա-գա, եթե գյուղացին գնում է երկրից»

Նոյեմբեր 04,2015 15:48

Այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում էին բյուջետային քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ գյուղատնտեսություն, բնապահպանություն եւ ջրային տնտեսության պետական կոմիտեի ոլորտներում եւս սկզբունքը եղել է 2015 թվականի հատկացումների մակարդակի պահպանումը: Հատկացումների ավելացումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ եւ նվազագույն աշխատավարձի թվի փոփոխությամբ:

Գյուղատնտեսության ոլորտին 2016-ին հատկացվելու է 15, 609 միլիոն, որից 6 միլիարդը վարկային եւ դրամաշնորհային ծրագրերն են: Որոշ ոլորտներին ընդհանրապես հատկացումներ չկան, մասնավորաբար, գյուղատնտեսական կենդանիների բազմացման համար`արհեստական բեղմնավորմամբ: Այդ հարցն ամեն տարի բյուջետային քննարկումներում կարեւորում է ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Երբ Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ այս մասով գալ տարի հատկացումներ չեն լինելու, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր`Լյովա Խաչատրյանը նստած տեղից ռեպլիկ նետեց. «Գումար պետք չի, ճիշտը ցուլն ա»:

Լյովա Խաչատրյանին մտահոգում է, որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է հայտարարվել, բայց այս տարիների ֆինանսավորումը դա չի փաստում: «Մեր տված հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով 6 դոլար է հասնում, վերջերս Չեխիայում էինք, այդ նպատակով 200 եվրո էր հատկացվում, չհաշված, որ իրենց վարկի տոկոսներն ավելի ցածր են: Չեխիայում ես չտեսա մի տրակտոր, որը վարելիս պավառոտ տար, որ հողը չփչացնի: Պիտի փող տանք գյուղացուն, որ մի հատ տրակտոր առնի»,- ասաց պատգամավորը`նկատելով, որ գյուղատնտեսական ոլորտը, մանավանդ գերակա հռչակված, այն ոլորտն է, որ պիտի «փող դնենք»:

Նա կրկին խոսեց ԾԻԳ-երի մասին, հերթական անգամ իր վրդովմունքնն արտահայտելով. «ԾԻԳ-երն ինչի՞ համար են, որ մոտ երկու տոկոս ավելացնում են վարկերի չափը: Գյուղնախարարությունը մասնագետներ չունի՞, որ բաշխեն»:

Պավել Սաֆարյանը նկատեց, որ համեմատությունը եվրոպական երկրների հետ տեղին կլինի, եթե թոշակներն ու աշխատավարձերը, տնտեսության զարգացման ծրագրերը եւ այլն նույնպես փորձենք համեմատել: «Այո, որքան շատ գումար տանք, այնքան լավ կաշխատեն, բայց հնարավորության հարց է»,- ասաց փոխնախարարը`երկար հիմնավորելով, որ բյուջետային քննարկումները նրա համար են, որ հատկացումների ու ծախսերի առավել արդյունավետ տարբերակներ առաջանան:

«Ձեր պատասխանից հասկացա, որ մեզ արտասահման թողնելը պետք է արգելել, որպեսզի չտեսնենք եւ չհամեմատենք: Դա էլ է տարբերակ»,- հեգնեց Լյովա Խաչատրյանը: Նա նաեւ բնապահպանական հատկացումների մասին խոսեց`նկատելով, որ շրջակա միջավայրին հասցված վնասը ազդում է բնակչության վրա, մարդն առողջությունն է կորցնում, մենք ավելի շատ գումար ենք դնում դրա վրա, ծնելիությունն է ընկնում եւ այլն. «Հյուսիս-հարավ ճանապարհը սարքում եք, որ ո՞վ գնա-գա, եթե գյուղացին գնում ա երկրից: Կարելի էր այդ փողը դնել գյուղատնտեսության վրա, հետո շահույթները դնել ու մեկ տարում էդ ճանապարհը սարքել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30