Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, անձրեւային եղանակներին գյումրեցիները տնից դուրս գալ չեն կարողանում. փողոցներում աննկարագրելի վիճակ է, դրանք անանցանելի են, ջրի ու ցեխի մեջ շաղախված: Այնպիսի տպավորություն է, թե այստեղ պատերազմ է եղել ու հանրապետության մշակութային մայրաքաղաքի բոլոր փողոցները միաժամանակ ռմբակոծվել են: Գործազրկությունից բացի, քաղաքի այս վիճակը եւս լուրջ պատճառ է դարձել արտագաղթի:
Ինչպես տեղեկանում ենք, Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պաշտոնական կայքից` այս բանկը նախապատրաստվում է դրամաշնորհ ու վարկեր տրամադրել ՀՀ կառավարությանը՝ Գյումրիի փողոցաշինության, ժամանակակից լուսավորության ու ջրահեռացման համակարգ ունենալու համար: Բանկը պատրաստ է այս նպատակի համար հատկացնել ավելի քան 5,3 միլիոն եվրո դրամաշնորհ, այսինքն անհատույց գումար եւ 10.6 միլիոն վարկ ՀՀ կառավարությանը. շատ չնչին տոկոսադրույքով՝ տարեկան 1.8 տոկոսով:
Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը 15.9 միլիոն եվրո է: «Այն հնարավորություն կտա վերականգնել Գյումրի քաղաքի հիմնական փողոցները եւ արդիականացնել փողոցային լուսավորությունը: Փողոցների վերանորոգման աշխատանքները իրենց մեջ կներառեն ասֆալտի նորացումը ու մայթերի նորոգումը, ջրահեռացման դրենաժային ենթակառուցվածքի բարելավումը, վերազինումը: Փողոցային լուսավորության մոդերնիզացման կկատարվի բարձր ճնշման լամպերով՝ գերժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- ընթերցում ենք Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի պաշտոնական կայքի «Գյումրու քաղաքային փողոցները» վերնագրում:
Կարդացեք նաև
Փաստորեն այս ծրագրի հաստատվելու դեպքում Գյումրիում 11 հազար էներգոէֆեկտիվ լուսակետ կտեղադրվի. քաղաքի էլեկտրաէներգիայի ծախսը չի շատանա: Մենք Գյումրու քաղաքապետարանից ճշտեցինք, որ քաղաքապետարանն արդեն իսկ կնքել է պայմանագիր Եվրոպական բանկի հետ, քանի որ միջազգային պայմանագիր է, մնում է կառավարությունը որոշում ընդունի ու ուղարկի Ազգային ժողովի հաստատմանը:
Իսկ թե կառավարությունը, մասնավորապես այս օրերին Գյումրու փողոցների վիճակով անհանգստացած Սերժ Սարգսյանը վարկերի տակ կմտնի՞ հանուն Գյումրիի զարգացման, կերեւա առաջիկայում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելիներս, շատ լավ գաղափար է. Ես համոզված եմ որ այս ծրագիրը հաստատելու համար շատ ժամանակ չի անցնի. Մեր《հարգարժան 》նախագահը կհամաձայնի, ու կուտի. Իսկ վարկը կփակենք մենք. …