Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը
պատգամավորներին բաժանվել է մեկ ժամ առաջ. նման վերաբերմունքը երկրի
Մայր օրենքի նկատմամբ Խաչատուր Քոքոբելյանն անընդունելի է համարում:
Երեկ սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկության ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը գրանցվեց, բայց չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատները» նաեւ մասնակցում էր սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, երկու անգամ հանդիպում ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք նաեւ առաջարկներ էին ներկայացրել: «Ես գտնում եմ, որ նաեւ արդյունավետ է եղել այդ փուլում դա անելը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Խաչատուր Քոքոբելյանը` նկատի ունենալով, որ իրենց կողմից ներկայացված առաջարկներից առնվազն հինգը տեղ են գտել փոփոխություններում: Ընդ որում, իրենց պատկերացումներով եւ համոզմամբ՝ դրանք որակական ազդեցություն են ունեցել: «Ազատ դեմոկրատների» առաջարկներից շատերն էլ չեն ընդունվել, որոնք կուսակցությունում առանցքային ու սկզբունքային են համարում: Ու դա է պատճառը, որ «Ազատ դեմոկրատները» շարունակում է «դեմ» մնալ ներկայացված փոփոխություններին: Երեկ էլ եթե Քոքոբելյանը մասնակցեր քվեարկությանը, պետք է «դեմ» քվեարկեր:
Թեպետ «Ազատ դեմոկրատները» «դեմ» է նախագծին, բայց քննարկումներին իրենց մասնակցությունն արդյունավետ են համարում, քանի որ իրենց առաջարկներից ընդունվել են մրցութային կարգով անվճար բարձրագույն կրթության հնարավորությունը` առանց որեւիցե պաշտոնյայի բարեհաճությունների, ԱԺ նախագահի ետկանչման մեխանիզմների առաջարկը, որն ընդհանրապես բացակայում էր նախագծում, ԱԺ-ի վերահսկողությունը ազգային անվտանգության հարցերի վրա, մասնավորաբար՝ ԱԱԾ-ի գործունեության մասով` իբրեւ առաջնային մանդատ ունեցող մարմնի: Այսուհետ քննիչ հանձնաժողովներում դա ներառված է որպես պարտադիր կետ եւ կլինի անընդմեջ գործառույթ, ոչ թե օրենքով սահմանված առանձին դեպքերում: Ի դեպ, նորանկախ Հայաստանի հիմնադրման պահից խորհրդարանը նման գործառույթ չի ունեցել: «ԱԱԾ-ն եւ ընդհանրապես հատուկ ծառայությունները ցանկացած երկրում պետության մեջ պետություն լինել չեն կարող: Դա ժողովրդավարության թիվ մեկ խնդիրներից է»,- հիմնավորում է Խաչատուր Քոքոբելյանը: Մեր զրուցակիցը ոչ պակաս կարեւոր է համարում սեփականության օտարման եւ սեփականության ձեւերի հետ կապված առաջարկի ընդունումը:
Մասնակի ընդունվել է նաեւ ԱԺ-ում նոր խմբակցություններ ստեղծելու արգելքի վերացման մասին առաջարկը: «Բայց այդտեղ թերացում եմ ես տեսնում, որովհետեւ արգելքը կարծես վերացվել է, բայց նշված է, որ նոր խմբակցություն կարող են ստեղծել միայն միեւնույն խմբում կամ դաշինքում գտնվող պատգամավորները: Մենք գտնում ենք, որ այդ պատնեշն ամբողջովին պիտի վերացվեր, որովհետեւ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ վերահսկողության եւ նոր կառավարության ձեւավորման հնարավորություն է տալիս նաեւ նոր ձեւավորվող խմբակցությունը, իսկ խորհրդարանական համակարգի ամենամեծ առավելությունը համարվում է այն ճկունությունը, որը հնարավորություն է տալիս արագ վերադասավորումների եւ նոր իրավիճակին համարժեք քաղաքական մոտեցումները նույն խմբում ներկայացնելու»: «Ազատ դեմոկրատների» առաջարկներից չի ընդունվել ՀՀ տարածքային ամբողջականությանը վերաբերող կետը, թեպետ որոշակի փոփոխություն նախագծի 205 հոդվածում արվել է, որն, ըստ Խաչատուր Քոքոբելյանի` խմբագրական է: «Տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը չի կարելի լուծել հանրաքվեով, եւ ընդհանրապես նման դրույթ Սահմանադրության նախագծում ներառելն անընդունելի ենք համարում, մենք առաջարկել էինք այդ դրույթն ընդհանրապես հանել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ խոսքը ՀՀ-ի` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների քննարկման եւ սակարկման առարկա դառնալու մասին է:
Կարդացեք նաև
Բայց ինչո՞ւ Խաչատուր Քոքոբելյանը «դեմ» լինելով՝ չմասնակցեց քվեարկությանը՝ այն դեպքում, երբ գրանցվել էր: «Իրենք հայտարարել էին, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորները կունենան նախագծի վերջնական տարբերակը: Չենք ունեցել: Ես ուրբաթ օրն էլ եմ փորձել դա ունենալ` չի ստացվել: Իմ խորին համոզմամբ՝ որովհետեւ չի եղել: Փաստաթուղթն իրենց սեղանին պատգամավորներն ունեցել են այսօր` քվեարկությունից մեկ ժամ առաջ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ անգամ եթե խնդիրը տեխնիկական է, միեւնույն է՝ փաստ է. «Ընթացակարգային առումով եւ զուտ տեխնիկապես որեւէ մեկի համար անհնարին էր, որ կարողանայինք ընթերցել ու հասկանալ, թե ինչ փոփոխություններ են եղել»: Ի դեպ, նախագծի քվեարկությունը հետաձգելու մասին Քոքոբելյանի առաջարկը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չընդունեց` մատնանշելով ԱԺ կանոնակարգ-օրենքը: Բայց այն թույլ է տալիս պատգամավորների մեծամասնության որոշմամբ քվեարկությունը հետաձգել: Քոքոբելյանը կարծում է, որ քվեարկության հետաձգումը հնարավորություն կտար նախագծի թերի եւ դրական կողմերին ծանոթանալ ու ամբողջական պատկերացում կազմել:
Նա նույնիսկ վիրավորական է համարում, որ այնպիսի կարեւորագույն փաստաթուղթը, ինչպիսին սահմանադրական բարեփոխումներն են, ներկայացվում է հապճեպ, եւ պատգամավորները դեռ չհասցրած ծանոթանալ՝ պետք է քվեարկեն: «Սկզբունքային եմ համարել չծանոթացած նախագծի քվեարկությանը չմասնակցելը: Իբրեւ քաղաքական գործիչ՝ դա ինձ համար անընդունելի է»,- ասաց նա` հավելելով, որ այդպիսով նաեւ իր բողոքն է արտահայտել: Պատգամավորը համաձայն չէ այն պնդումներին, որ յուրաքանչյուրը գիտի իր առաջարկները: Ասում է, որ, օրինակ, իր համար հետաքրքիր են նաեւ գործընկերների առաջարկները, քանզի խմբակցությունները եւ որոշ դեպքերում նաեւ առանձին պատգամավորներ մասնագիտական հանձնաժողովի հետ առանձին հանդիպումներ են ունեցել եւ հենց այդ մասնավոր հանդիպումների ընթացքում են առաջարկություններ ներկայացրել, որոնք ԱԺ քննարկումների ընթացքում չեն բարձրաձայնվել. «Միգուցե այնպիսի առաջարկներ են եղել, որոնք ամբողջովին փոխում են նախագծի տրամաբանությունը, միգուցե անթույլատրելի դրույթներ են ներառվել»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.10..2015