Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պարտադրեք ոչ թե նոր զինադադարի, այլ հաշտության եւ խաղաղության պայմանագիր. Վահան Շիրխանյան

Սեպտեմբեր 30,2015 12:57

Շիրխանյանը վստահեցնում է՝ այն զենքը՝ Սմերչը, որը տվել է ՌԴ-ն Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել եւ չի կրակելու

«Պետք է համահայկական մոբիլիզացիա: Ես դեռ 91-ին եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկել, որ լինի համահայկական խորհուրդ, եւ միայն վերջերս է Վիգեն Սարգսյանը հայտարարում դրա անհրաժեշտության մասին»,- այսօր «Հենարան» ակումբում, խոսելով սահմանային լարվածության մասին, ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, «պետք է նախահարձակ քաղաքականություն վարենք, միշտ մի քայլ առաջ ընկած, որ լռեցնենք Ադրբեջանին: 21 տարի է՝ Հայաստանը Ղարաբաղով շարունակում է ուտել այն, ինչ մատուցվել է 90-ականներին: Մի նախագահը հրաժարական է տվել, մյուսները երկու ժամկետ նստում են, բայց ոչ ոք կտրուկ եզրահանգում չի անում, որ վերջ պետք է տրվի նման քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Ակտիվ դիվանագիտական պատերազմի նախագիծ է պետք»:

Անդրադառնալով ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ սեղանին կդրվի զինադադարի նոր պայմանագիր՝ Վահան Շիրխանյանն ասաց. «Շեշտադրումները ճիշտ եմ գտնում: Եթե իրականանա այդ սցենարը, եւ մենք  կարողանանք Ադրբեջանին պարտադրել նոր զինադադարի պայմանագրի կնքում, ճիշտ կլինի, որ դա լինի հաշտության եւ խաղաղության պայմանագիր: Նման զարգացումը պետք է համարվի դիվանագիտության ձախողման արդյունք: Երբ դիվանագետները ձախողում են, խոսում են թնդանոթները»:

Ըստ նրա՝ մենք վերանայելու ոչինչ չունենք պատերազմի արդյունքներից: Ունենք կորցրած տարածքներ, Ադրբեջանի լկտի եւ անպատասխանատու քայլերը ռազմական գործիչներին հիմք կտան ռազմական նոր պայմաններ ստեղծել, բայց դա կլինի դիվանագիտության ձախողման արդյունք:

Շաքարյանցի խոսքերով՝ պարտադրել զինադադարի պայմանագիր կարող ես միայն ուժով, իսկ ուժը ենթադրում է պատերազմ: Մենք իբր չենք նկատում, որ Թուրքիան պատերազմի մասնակից է, բայց Թուրքիան եւս կներգրավի բանակցային գործընթացում, եւ մենք շատ ծանր պայմաններում կհայտնվենք. «Հայաստանը դեռ վաղուց պետք է ճանաչեր ԼՂՀ անկախությունը եւ պարտադրեր Ադրբեջանին, որ բանակցային սեղանի շուրջ լիներ հենց Ղարաբաղը»:

Ինչ վերաբերում է նախահարձակ լինելուն, Վահան Շիրխանյանն ասաց. «Սերժ Սարգսյանի հայտարարությունը ամփոփեց բոլորը: Նա բավականին ճիշտ շեշտադրումներով նշեց Ադրբեջանին սպասվող ապագան: Մենք պետք է նկատի ունենանք, որ մեր հարեւանը՝ Ադրբեջան կոչվածը, իրենից ենթարդրում է ահաբեկիչների որջ: Տասնամակներ շարունակ ահաբեկիչներ է սնել: Եվ դա մեր հարեւանն է: Այդ միջադեպերը չեն դադարելու, եթե մենք բոլոր ուղղություններով նախահարձակ չլինենք: Ադրբեջանի տնտեսությունն ապրում է խորը ճգնաժամ: Կարծում եմ, Ալիեւը շուտով մեծ-մեծ չի խոսի, որ մեր միայն ռազմական բյուջեն ձեր բյուջեի չափ է: Նրանք արդեն դեֆիցիտի խնդիրներ ունեն: Մենք զիջելու, հանձնելու ոչինչ չունենք, ունենք կորցրած տարածքներ, որոնք ուզում ենք հետ բերել: Մենք համենայնդեպս կողմ ենք խաղաղ կարգավորման, եթե դա չի ընդունվում, աշխատելու ենք մեր կորցրած տարածքները հետ բերել»:

Մեր հարցին՝ այն, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, դա պարզ է, բայց ի՞նչ վիճակում է դիվանագիտությունը, ճի՞շտ էր, երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխանակ բողոքի նոտա հղելու ՌԴ-ին, որ զենք է վաճառում մեր հակառակորդին, մի բան էլ արդարացրեց, որ ունեն իրենց բիզնես շահը, իր ռուսամետությամբ հայտնի Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Նալբանդյանն այնքան ասելու բան ունի այլ խնդիրներում, որ չի ասել, իսկ ՌԴ-ի դեպքում ես համարում եմ դա թույլատրելի, որովհետեւ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Բազմաթիվ պայմանավորվածութուններ կան,որ շատերը չգիտեն: Ռուսական զենքը չի, որ կրակում է մեր դիրքերի վրա: Այդ բոլոր թնդանոթները, ականանետերը մնացել են ժառանգություն: Այն զենքը, որը տվել է ՌԴ-ն Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել եւ չի կրակելու՝ Սմերչը: Նրանք վաճառվել են պայմանով, որ այդ զենքից չպետք է կրակել իր ռազմավարական դաշնակցի ուղղությամբ: Նալբանդյանի խնդիրն էր միջազգային հանրությունում Ադրբեջանին ագրեսոր երկիր ճանաչեցնելը: Նա պետք է սա աներ: Ցավոք, մեր արտգործնախարարներից ոչ մեկը պատերազմի դաշտ չի տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930