Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզեն, թե չուզեն` հիփ հոպը Գյումրիում զարգանալու է». գյումրեցի ռեփերներ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2015 21:22

Գյումրու օրվան նվիրված տոնական համերգի ու մշակութային միջոցառումների շուրջ բուռն քննարկումները դեռ շարունակվում են: Այսօր Aravot.am-ին էին դիմել Գյումրու տոնական համերգին «Հիփ հոպ Գյումրի» անվամբ հանդես եկած ռեփերներ Հարություն Եղոյանը (առավել հայտնի է բեմական «Հայ ռեփ Մանախ» անունով), Տիգրան Ադամյանը՝ «Աթլ Տիկոն» եւ «Բիթբոքս Աբոն»՝ Ալբերտ Գեւորգյանը:

Նշենք, որ երիտասարդները սովորաբար հանդես են գալիս առանձին -առանձին, սակայն քաղաքի տոնին միավորվել են՝ հանդես գալով մեկ ծրագրով: Տղաները հանդես են եկել «Strife dance» հիփ հոպ խմբի հետ, որն ապահովել է բեմադրությունը: Երիտասարդներին, մասնավորապես, զայրացրել է այն, որ իրենց ոճը համարելով փողոցային ժարգոններով երաժշտություն՝ կարծում են, որ այն չի կարող զարգանալ Գյումրիում, դա այս քաղաքին հարիր ոճ չէ, եւ որ իրենք իրավունք չունեին ելույթ ունենալ լեգենդար երգիչ «Բամբիռ» խմբի հիմնադիր՝ Ջակի կողքին:

Albert-Gevorgayn

Բացի այդ, նրանց զարմացրել է Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի պարզաբանումը, թե Գյումրու քաղաքապետն ու փոխքաղաքապետը դեմ են եղել տոնական համերգին իրենց մասնակցությանը, ավելին` մերժել են, սակայն երիտասարդները շատ են խնդրել ու քաղաքապետարանի պաշտոնյաները ընդառաջել են: Բիթբոքս Աբոն՝ Ալբերտ Գեւորգյանը, Aravot.am-ին պատմեց հետեւյալը.

«Ես առաջարկ եմ ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժին համերգից դեռ մեկ ամիս առաջ, մենք անգամ չենք իմացել, թե որ օրն է նշվելու Գյումրու օր, որովհետեւ, ինչպես գիտեք, անընդհատ փոխվում է օրը, կոնկրետ օր չկա: Ես ասել եմ, որ այսպիսի ոճ կա՝ հիփ հոպ, որը պիտի զարգացնենք: Ես մտածում էի, եթե կընդունեն, թող ընդունեն, չընդունեցին էլ, Աստված իրենց հետ, բայց մարդիկ ընդունեցին մեր առաջարկը, որ խմբի տեսքով ելույթ ունենաք, իրենք հավանություն տվեցին մեր նախագծին: Մենք մինչ այս առաջարկն էլ տարբեր ելույթներ ենք ունեցել, համերգներ ենք տվել, մենք ունենք մեր լսարանը:

Մի խոսքով, մենք տարբեր փորձեր արեցինք, իրենք եկան, տեսան, հավանություն տվեցին ու ասացին՝ պիտի մասնակցեք: Ոչ մի խնդրանք չի եղել, մենք չենք խնդրել իրենց, որ թողեք մեզ մասնակցենք: Մենք ուղղակի ուզում էինք, որ հիփ հոպ ոճը զարգանա Գյումրիում ու անկախ ամեն ինչից թույլատրություն կունենանք, չենք ունենա, անկախ այն բանից, որ կան մարդիկ, որոնց դուր չի գալիս մեր ոճը, բոլոր ոճերը հավասարաչափ պիտի զարգանան Գյումրիում: Մի ոճը չպիտի բարձրացնեն, մյուսը ցածրացնեն՝ ասելով, թե փողոցային է կամ չգիտեմ ինչ է»:

Ռեփեր Հարություն Եղոյանն էլ ասաց, որ իրենք երգը գրել էին գրական հայերենով, որպեսզի բոլորին հասկանալի լիներ, սակայն քաղաքապետարանում տեքստի բառերը պահանջել են Գյումրու բարբառով: «Մեզանից ուզեցին տեքստի բառերը, մենք ուղարկեցինք իրենց, իրենք էլ հավանություն տվեցին: Եթե Գյումրու անուշ, համով, հոտով բարբառը իրենք համեմատում են ժարգոնի, փողոցային բառապաշարի հետ, ուրեմն բոլորս ժարգոնով խոսող ենք: Բայց խոսելուց առաջ լավ կանեին ուսումնասիրեին մեր բարբառի ծագումնաբանությունը ու ժարգոնները թող տարբերեն բարբառից», -ասաց Հարություն Եղոյանը:

Harutyun-Exoyan

Նա ասաց, որ ինքը նախկինում էլ ելույթ է ունեցել Գյումրու օրվա տոնական համերգին, սակայն որպես անհատ կատարող: Ըստ նրա, զարմանալի է, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացվում է այնպես, թե իբր իրենք խնդրել են թե՛ փոխքաղաքապետին, թե՛ քաղաքապետին, որ թույլ տան ելույթ ունենալու, ու թեեւ այս երկու պաշտոնյաներն էլ առարկել են, սակայն վերջում զիջել են՝ մտածելով, որ ջահելներ են, չկոտրենք, թող ելույթ ունենան:

«Նման բան ընդհանրապես չի եղել, ես իմ անունից ասում եմ՝ խնդրելու բան չունեմ, որ ելույթ ունենամ, իրենք ինձ պիտի խնդրեն, որ պատրաստվեմ, գնամ ելույթ ունենամ: Նույնիսկ մի պահ եղավ, որ ես չուզեցի երգել: Մարդիկ եկան, մոտեցան՝ ասացին համերգը մի ձախողեք: Ես մտածեցի, որ բան չունեմ այդտեղ անելու. տեխնիկական, կազմակերպչական առումով ես անորակ տեղ չէի երգի, որովհետեւ եթե երգիչը բեմ է բարձրանում երգելու, իր ձայնը ինքը չի լսում ու այնտեղ չգիտեմ ինչեր են կատարվում՝ էլ դինամիկ անջատվել, էլ միկրոֆոն անջատվել, արդեն համերգ կազմակերպողը մտածելու տեղ ունի: Պիտի լավ ուսումնասիրեր համերգ կազմակերպողը ամեն ինչը, եթե անջատում են, ես իմ ձայնը չեմ լսում, հազիվ ես իմ կենդանի ձայնն եմ լսում ու հասցնում եմ այն մակարդակին, որ համերգից հետո մարդիկ գոհ են, արձագանքներ կան, լայքեր կան, իրենց անձնական էջերին են գրում, որ շատ լավ է, այդպես շարունակեք, էլ բան չունեմ ասելու: Ուղղակի, եթե մտածում են, որ մենք թույլ խավ ենք, կարելի է ամեն ինչ մեր վրա բարդել:Մենք թույլ չենք, մենք էլ կարող ենք վատն ասել իրենց»,- ասաց Հարություն Եղոյանը:

Ալբերտ Գեւորգյանն էլ հորդորեց առաջին հերթին մտածել տեխնիկական խոտանների մասին: Նա խորհուրդ տվեց արվեստից հասկացող մարդկանց լավ ուսումնասիրել իրենց իսկ կողմից փողոցային որակված ոճը: «Միայն երաժշտության մի ճյուղը չպիտի առաջ գնա, երաժշտության ցանկացած ճյուղ պետք է հարգել, ընդունել, ոչ թե ասեն՝ չպիտի զարգանա: Իսկ հայտնի մարդկանց կողքին կանգնելը ու բեմ դուրս գալը, մեծ պատիվ է մեզ համար, եւ հետո բոլոր հանրահայտ երգիչներն էլ միանգամից չեն դարձել հայտնի, այլ քայլ առ քայլ են առաջ գնացել ու հայտնի դարձել: Մենք էլ նույն քայլերով ուզում ենք առաջ գնալ, եթե չեն օգնելու, թող չխանգարեն», -ասաց Ալբերտ Գեւորգյանը:

Տիգրան Ադամյանն էլ ասաց. «Գյումրին ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք, ու եթե իրենք երիտասարդներին չեն ուզում ներկայացնել, չեն ուզում երիտասարդները քայլ գցեն, այլ հակառակը հրում-գցում են վայր, ու փոխարենը տեղ են տալիս երիտասարդության ու Գյումրու հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց, դա մեր կողմից անընդունելի է: Մենք ուզում ենք, որ մեզ օգնեն վեր բարձրանանք, մենք չենք խնդրում, որ մեզ բարձրացնեն, այլ օգնեն կամ թողնեն, որ աստիճանի վրա մնանք էնքան, մինչեւ որ այդքան ուժ ունենաք, որ երկրորդ քայլը գցենք: Ոչ թե հրեն, գցեն վայր: Մենք ամեն ինչին հասել ենք մեզնով»:

ATL-Tiko

Ի դեպ, տղաները նշում են, որ իրենք ելույթ են ունեցել անվճար, գումարի մասին անգամ չեն մտածել, քանի որ իրենց քաղաքի համար էր ու իրենք պատրաստ են անշահախնդիր ամեն ինչ անել Գյումրու համար: Ըստ նրանց, իրենք գովաբանել են իրենց քաղաքը, ներկայացրել են քաղաքի խնդիրները, ուրախությունները:

«Մեր քաղաքում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, որոնք տաղանդավոր են, աչք են փակում, իբր չեն տեսնում նրանց: Փորձում են այդ երիտասարդների առջեւ փակուղի ստեղծել ու ուրիշ տեղերից երիտասարդներ բերելով՝ մեր քաղաքը երիտասարդության մայրաքաղաք դարձնել: Եթե կան մեր քաղաքում երիտասարդներ, որոնք կարող են ամեն ինչ անել, կարիք չկա դրսից երիտասարդներ բերելու, պիտի ցույց տան, ներկայացնեն, որ Գյումրի քաղաքում էլ կա հիփ հոպ, ռեփ, բիթբոքս, որը տարածված է ամբողջ աշխարհում եւ շատ զարգացած է: Միշտ նորություններ են պետք, ի՞նչ, անընդհատ նույն ոճով հանդես գա՞ք, միշտ նույն բանը տեսնեն ու լսե՞ն», -ասում էին նրանք:

Ի դեպ, նրանք շեշտում են, որ համերգից հետո, երբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ճանապարհ են տվել, որ դուրս գնա, քաղաքապետը՝ ժպիտը դեմքին, մոտեցել է իրենց ու ասել. «Շատ հաճելի էր, շատ լավն էր, ապրեք: Մենք չգիտենք՝ ինչի՞ համար են էսքան խոսակցությունները: Քանի մենք կանք, էս ոճը կզարգանա, իսկ մենք, նորից ենք կրկնում, ներկայացրել ենք մեր քաղցր բարբառով: Եթե կան մարդիկ, որոնք դեմ են այս ոճին, թող իրենց մեջ պահեն իրենց կարծիքը կամ եթե պիտի արտահայտվեն, այնպես արտահայտվեն, որ դիմացինին չվնասեն ու չվիրավորեն»,- հորդորեցին երիտասարդները:

https://www.youtube.com/watch?v=-jF2OvIzIio&app=desktop

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930