Քննարկում հիմնադիր խորհրդարանում
Այսօր մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հավաքվել էին «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում եւ քննարկում էին, թե ինչ քայլեր պիտի նախաձեռնեն, որպեսզի նոր սահմանադրության նախագծի, իրենց ձեւակերպմամբ՝ վտանգավորությունը ներկայացնեն հանրությանը եւ թույլ չտան այն անցկացնել:
Քննարկման մասնակից «Քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացն ու անցկացումը պիտի կասեցվի, եւ միասնական ճակատ ստեղծվի նոր սահմանադրության անցկացման դեմ:
Քննարկման բոլոր մասնակիցները՝ «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից Ռադիկ Սարուխանյանը, եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանն ու Կարո Եղնուկյանը կողմնակից են միասնական պայքարին տարբերակին:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն էլ սահմանադրության կոպիտ խախտումով է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է սահմանադրության նոր տարբերակին՝ Մարտիրոսյանն ասաց, որ նախագծում հանդիպել է մի դրույթի, ըստ որի, անկախ պետությունը կարող է իր մեջ ներառել որեւէ պետության տարածք. «Սա վտանգավոր է: Այս նոր սահմանադրությունում չկա մի կետ, որով պիտի պայքար լինի մենաշնորհների դեմ, պետական սեփականության մասին խոսք չկա. «Այս նախագիծը մոնոպոլիստական կառավարման սահմանադրություն է: «Ժառանգությունը» պատրաստ է մասնակցել եւ աջակցել նոր սահմանադրության տապալմանը, մենք կողմ ենք իշխանափոխությանը»:
Պարույր Հայրիկյանն էլ նկատեց, որ մի երկու ամսում նոր սահմանադրություն գրելն ու այն կյանքի կոչելը դավադրություն է: Հայրիկյանի ներկայացմամբ՝ հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այս դավադրությունը տապալելու համար:
Անդրեաս Ղուկասյանն էլ հետագա քայլերի մասին խոսելիս, ինչպես որ ասվել էր քննարկման ժամանակ, համաձայնեց այն առաջարկի հետ, որ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, համախմբվել եւ իրականացնել նախագահի արտահերթ ընտրություններ: Ղուկասյանը ողջունելի համարեց «Ժառանգության» որոշումը, եւ նշեց, որ լավ կլինի ՀԱԿ-ն էլ իր դիրքորոշումը հայտնի միասնական՝ քաղաքական ուժերով նոր սահմանադրության նախագծի դեմ պայքարի վերաբերյալ:
«Սահմանադրականության վերականգնման խնդրի շուրջ համախմբված պայքար պիտի լինի»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:
Քննարկման մասնակիցներն առաջարկեցին սեպտեմբերի կեսերին հանրահավաք կազմակերպել եւ հանրությանը ներկայացնել իրենց քայլերն ու հատկապես նոր սահմանադրության նախագծով նախատեսված վտանգավոր դրույթները, որով, նաեւ սահմանափակվում է քաղաքացիների ընտրության իրավունքը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Այս նոր սահմանադրությունից լավ հոտ չի գալիս: Փաստորեն՝ նաև de jure փորձ է կատարվում հետ գնալ սովետական միակուսակցական համակարգին: