Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Ռուսաստանն Ադրբեջանին «քարտ-բլանշ» տվել

Սեպտեմբեր 05,2015 12:00

Սահմանին լարվածությամբ`
Մոսկվան ինչ-որ բան է փորձում հասկացնել Արեւմուտքին

Վերջին օրերին ադրբեջանական կողմը երեկոյան ժամերին մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` 20 գյուղեր ընկել են կրակի տակ։ ՊՆ-ն իրավիճակը գնահատում է չափազանց լուրջ եւ լարված:

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից ականանետերով հրետակոծել էր Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող պաշտպանական դիրքը: Իսկ սեպտեմբերի 2-ին ականանետերից հրետակոծել էին Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհը: Ոսկեպար գյուղի երկու բնակիչներ, որոնք ավտոմեքենայով երթեւեկել են շրջանցիկ ճանապարհով, հրաշքով էին փրկվել ականանետի հարվածից:

«Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդն սկսել է ականանետեր կիրառել։ Իհարկե, դրանք անպատասխան չեն մնում, պատժվում են։ Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները»,- նշել է օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` վստահեցնելով, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է։

Շփման գծում լարվածությունը ոչ միայն չմարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի` Բաքու կատարած այցի օրերին, այլեւ փաստորեն ավելի սաստկացավ: Իհարկե, վաղուց է ստեղծվել մի իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը բանակցությունների սեղանի շուրջ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մոտ մի բան է ասում ու այլ բան՝ շփման գծում: Բայց Լավրովի վերջին այցը տեղեկատվական ուշագրավ մթնոլորտում տեղի ունեցավ: Նախ` օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով «Զվեզդա» հեռուստաընկերությանը, տեղեկություն տարածեցին այն մասին, թե Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն՝ պատրաստվում է նոր ռազմական բազա կառուցել Ադրբեջանում: Ըստ տեղեկությունների՝ 2017-ին Ադրբեջանում կսկսվի «Воронеж» ՌԼԿ-ի կառուցումը:

Այսինքն՝ ռուս-ադրբեջանական համագործակցությունը, հնարավոր է, առաջիկայում այլ մակարդակի հասնի:

Բացի այդ, Լավրովի` Բաքու կատարելիք այցի մասին հայտնի դարձավ վերջին պահին` Ադրբեջան ժամանելուց ընդամենը երեք օր առաջ` օգոստոսի 28-ին: Իսկ այցից մեկ օր առաջ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ընդ որում, օգոստոսի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Լավրովը մեկնելու է Բաքու, ԼՂ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

Ի՞նչ է ասել Լավրովը Բաքվում: «Մենք Անդրկովկասում եւ Կասպիական ավազանում ռազմավարական գործընկերներ ենք: Ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում առկա սուր հարցերի մեծամասնության շուրջ մեր տեսակետները համընկնում են: Իմ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մենք սերտորեն քննարկում ենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, մի շարք այլ միջազգային հարթակներում մեր համագործակցության թեման: Բարձր ենք գնահատում նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Մենք երախտապարտ ենք ադրբեջանական կողմին Կասպիական նավատորմիղի երեք ռազմանավերի` Բաքու կատարած օգոստոսյան այցը հիանալի մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության թեմային, ապա մինչ շփման գծում ադրբեջանական կողմը ականանետերից գնդակոծում էր ՀՀ սահմանակից գյուղերը, Լավրովը Բաքվում հույս էր հայտնում, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշակի առաջընթաց ապահովել ԼՂ կարգավորման գործում: «Ես շատ բարձր եմ գնահատում ձեզ հանդիպելու եւ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, իհարկե նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու այս հնարավորությունը: Ղարաբաղյան կարգավորումն այն թեման է, որում մենք` ձեր ղեկավարությամբ, Հայաստանի եւ ՌԴ նախագահների, համանախագահ պետությունների ղեկավարությամբ, փորձում ենք հանգել ընդհանուր հայտարարի: Հուսով եմ, որ այդ հարցում առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Լավրովը Ալիեւին հանդիպելուց առաջ՝ հատուկ ընդգծելով նաեւ, որ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են:

Ուշադրություն դարձնենք` ոչ մի խոսք շփման գծում լարվածության անընդունելիության մասին: Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ Լավրովը հրապարակավ Բաքվին կոչ է անելու դադարեցնել դիվերսիոն քաղաքականությունը շփման գծում, բայց գոնե դիվանագիտական լեզվով «կողմերին կոչ արեց մեղմել շփման գծում լարվածությունը» ստանդարտ մի նախադասություն կարելի էր հնչեցնել:

Մինչդեռ պաշտոնական Մոսկվան պարտավոր է որեւէ կերպ արձագանքել սահմանային սրացումներին, քանի որ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելուց, Հայաստանն ու Ռուսաստանը ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի անդամներ են, եւ Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն, որպես գործընկեր երկիր, պարտավոր է արձագանքել: Բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում եւ ցանկության դեպքում կարող էր Բաքվի հետ համաձայնության գալ չօգտագործել այդ զենքը ԼՂ հակամարտության գոտում, բայց դա էլ չի արվում:

Գուցե միամիտներն ասեն` իսկ գուցե Լավրովը տեղյա՞կ չէր, որ շփման գծում իր այցելության օրերին խիստ լարված էր: Նման «անտեղյակություն» իրեն կարող է թույլ տալ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, բայց ոչ ԱԳ նախարարը, որն իր ելույթի մի հատվածը նվիրում է ԼՂ կարգավորման թեմային: «Ես չեմ տեսնում որեւէ օրինաչափություն վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածության հետ կապված եւ չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում օրերս ասել էր Վոլինկինը` հավելելով, որ ԼՂ հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն:

Լավրովի՝ Բաքու կատարած այցը նաեւ ռուս-ադրբեջանական ջերմ պատմությունների արտահայտմամբ է առանձնացել: Լավրովը անկեղծացել է Իլհամ Ալիեւի մոտ եւ պատմել, որ Վլադիմիր Պուտինը բավական հաճախ է հիշում հունիսին Բաքու կատարած իր այցը: Խոսքը Առաջին եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու համար Պուտինի այցին մասին է: «Ադրբեջանում շատ բարձր են գնահատում այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար Բաքու ժամանեց հունիսի 12-ին, երբ ձեր երկրում ազգային տոն էր նշվում` Ռուսաստանի օրը: Դա իրոք շատ նշանակալի քայլ էր եւ մեր հարաբերությունների բարձր մակարդակի վառ դրսեւորումը:

Այս ընթացքում նաեւ ձեր գործընկերը` մեր ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա, այժմ էլ դուք եք Բաքվում: Այս ամենը եւս դինամիկ եւ արդյունավետ զարգացող երկկողմ հարաբերությունների վկայությունն է»,- իր հերթին շեշտել է Ալիեւը:
Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան եւ Բաքուն շփման գիծը թեժ պահելուն այնքան էլ դեմ չեն, իսկ դա նշանակում է, որ իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրելով՝ Մոսկվան ու Բաքուն ինչ-որ բան են ցանկանում հասկացնել Արեւմուտքին, որտեղ, ինչպես հայտնի է, շատ կոշտ վերաբերմունք ունեն ԼՂ հակամարտության ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության առիթով:

Թե ինչ է ակնկալում Բաքուն ամբողջ աշխարհից՝ պարզ է` ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծման հարցում աջակցություն:

Իսկ ի՞նչ է ձգտում Մոսկվան հասկացնել Արեւմուտքին` ղարաբաղյան գոտու լարվածությունն ի ցույց դնելով: Այս հարցի համատեքստում ուշագրավ էր Լավրովի` Բաքու մեկնելուց 3 օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի տարաձայնությունները չպետք է ազդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա ԼՂ խնդրի կարգավորման շուրջ: «Հույս ունենք, որ Ռուսաստանի տարաձայնությունները այլ երկրների հետ, որոնք ծագում են ոչ մեր պատճառով, չեն ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա, որտեղ ներառված են մասնավորապես ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը»,- նշել էր Զախարովան` հավելելով, որ իրենց կողմից որեւէ խնդիր լինել չի կարող. «Մենք այդ ձեւաչափի մասնակիցներն ենք եւ շատ պատասխանատու ենք վերաբերվում մեր պարտականություններին: Հասկանում ենք` որքան լուրջ թեմա է գտնվում այդ խմբի օրակարգում»:

Ռուսաստանը, որն այսօր բոլոր հարթակներում լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ, թերեւս ցանկանում է ղարաբաղյան հարթակում ցույց տալ իր ազդեցությունը, ձգտում է կրկին Արեւմուտքից ստանալ իր հետ հաշվի նստելու, իր հետ պայմանավորվելու OK-ը` որպես Հարավային Կովկասում լուրջ խաղացող: Ղարաբաղյան շփման գծի լարվածությամբ, կարծես, Մոսկվան հիշեցնում է իր մասին, ավելի ճիշտ` այն վտանգավոր «ականի» մասին, որը նա կարող է պայթեցնել Հարավային Կովկասում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930