Քառասուն հազարից ավելի փոքրիկներ այսօր առաջին անգամ ոտք դրեցին դպրոց: Նախորդ տարի նրանց թիվը 38 հազար էր: Բայց, ցավոք, այսօր ոչ բոլոր երեխաներն են գնացել դպրոց: «Չգնացողների թվի մասին տարբեր տվյալներ կան. մարզերից մի թիվ են ասում, հասարակական կառույցները մեկ այլ թիվ են ասում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով` մինչև սեպտեմբերի 15-ը իրենք կփորձեն ճշգրտել իրական թվերը և կփորձեն այնպես անել, որ այս տարի հնարավորինս քիչ թվով երեխաներ չգնան դպրոց:
«Պատճառները հիմնականում սոցիալական են: Այս ընթացքում բազմաթիվ դիմումներ ենք ստացել, փորձել ենք օգնել: Մինչև հոկտեմբերի 1-ը կփորձենք բոլոր այդ երեխաներին գտնել, հավաքագրել և ուղարկել դպրոց»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ մինչև այս խնդիրը չլուծվի, Գիտելիքի օրը լիարժեք վայելել անհնար կլինի:
Դառնալով պետական հիմնական դպրոցների կրթության որակին` Ա. Աշոտյանն ասաց, որ ինքը վստահում է այդ դպրոցներին, սակայն իր որդին կհաճախի «Այբ» մասնավոր, վճարովի դպրոց: Ավագ որդին նույնպես այդ դպրոցում է սովորում, բայց մինչ այդ հաճախել է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը, սակայն այստեղ նրան որպես նախարարի որդու են վերաբերվել, ինչը դուր չի եկել Ա. Աշոտյանին:
Կարդացեք նաև
«Ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, ես էլ երեխաներիս կրթության և առողջության վրա չեմ խնայում: Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների երեխաները կարող են գնալ մասնավոր, վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»,- ասաց Ա. Աշոտյանը` պատասխանելով հարցին, թե կարողանո՞ւմ է արդյոք երկու որդիների ուսման վարձն էլ վճարել:
Նշենք, որ նախարարն այսօր այցելել էր Երևանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ զրուցեց 12-րդ դասարանի աշակերտների հետ, խորհուրդներ տվեց նրանց և պատասխանեց հարցերին:
Ավագ դպրոցի աշակերտները Ա. Աշոտյանին հարցրին, թե ինչու ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներն անվճար տեղեր չունեն, կամ արդյո՞ք ԵՊՀ-ում վարձավճարները թանկ չեն: Աշակերտներին հետաքրքրում էր նաև դասագրքերի հարցը:
«Եթե կարիք լինի, պետք է նաև աշխատել։ Դա ամոթ չէ: Ես 10-րդ դասարանում աշխատել եմ մեր դասարանի տղերքի հետ: Արեշում եմ մեծացել, այն ժամանակ կոշկակարության «բում» կար: Եթե հիշում եք, Հայաստանը մեծ քանակությամբ կոշիկ էր կարում։ Կար կոշիկի ցեխ, որտեղ, մենք՝ տղերքով, դասերից հետո աշխատում էինք։ Ստանում էինք որոշակի գումար և այդ գումարով կարողանում էինք ինչ-որ մի բան անել մեզ կամ մեր ծնողների համար։ Ուզում եմ ասել, որ աշխատելը ոչ միայն ամոթ չէ, այլև պատիվ է։ Մի դադարեք երազել, բայց այդ երազանքների համար պատրաստ եղեք ինքներդ նաև ինչ-որ մի բան վճարել»,- խորհուրդ տվեց կրթության և գիտության նախարարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երեխայի կրթության հարցում քաղաքականությունը տեղ չունի, այ ՎԱՅ-ՆԱԽԱՐԱՐ: Իսկ եթե Աշոտյանն ակնարկում է, որ ընդդիմադիրների փողերը կասկածելի ծագում ունեն, թող միտինգ չանի, թող դիմի իրավապահներին: Տասնյակ երեխաներ գիտեմ, որ հենց փողի պատճառով չեն սովորում կամ ուսումը կիսատ են թողնում: Աշոտյանը այս մասին գիտի??? Վստահ եմ, որ գիտի, դե թող մի բան անի: Թե իր երեխաների արյունը կապույտ է???