«Գույնից իդեա-իդեայից գույն» – ահա այս խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին՝ Ժամանակակից արվեստի թանգարանում։ Մեկ հարկի տակ ներկայացված էին Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստեղծագործող հայ աբստրակցիոնիստների աշխատանքները (Համլետ Հովսեփյան, Խաչատուր Մարտիրոսյան, Արմենուհի Մարտիրոսյան, Լեո-Լեո, Աշոտ Հարությունյան, Նարինե Իսաջանյան, Քիքի, Գարիկ Կարապետյան, Ճալա և այլք):
Ցուցահանդեսի կազմակերպիչ Թաթուլ Առաքյանը նշում է, որ ցուցահանդեսը ամենամյա է և նպատակ ունի հավաքել «յուրահատուկ արվեստ ստեղծողներին մեկ հարկի տակ»՝ ապահովելով նկարիչների հանդիպումը միմյանց ու արվեստասեր հասարակության հետ։ Թաթուլը 25 տարի է, ինչ հանրությանը ներկայացնում է աբստրակտ արվեստ ստեղծողների գործերը։ Ասում է, որ «Աբստրակցիան դյուրամարս երևույթ չէ։ Երբ մարդուն հորդորում ես ստեղծագործություններում չփնտրել կոնկրետ պատկեր, առարկա, այլ ընկղմվել պատկերի վերացական բովանդակության մեջ, շատերը դեռ դժվարանում են»։ Նա դիտորդին ուղղորդելու համար մեջբերում է Արշիլ Գորկու թևավոր խոսքը. «Աբստրակցիան մտքի թռիչքն է դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»։
Նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը կարծում է, որ յուրաքանչյուր ստեղծագործող իր արվեստում արծարծում է առօրյա և գլոբալ խնդիրներ՝ առաջարկելով իր դիրքորոշումն ու լուծումը դրանց համար։ Արմենուհու ստեղծագործություններում առկա է այն լույսը, որը մարդուն հույս է ներշնչում և դրդում լինել լավատես, մտածել կարծրատիպերից դուրս։ «Ազատ մտածելակերպն ու անկեղծությունն են ընկած իմ ստեղծագործությունների հիմքում», նշում է Արմենուհին։
Կարդացեք նաև
Ըստ նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանի աբստրակտ նկարչությունը յուրաքանչյուր մշակույթում ունի իր այբուբենը, բայց այն «կարդալուց» առաջ նախ և առաջ պետք է այդ ամենին մոտենալ հավատալով։
Քանդակագործ Աշոտ Հարությունյանը, ում գործերից կարելի է հանդիպել Երևանի փողոցներում, մետաղի ջարդոնները վերածում է դիտարժան ֆիգուրների և տալիս դրանց իր փիլիսոփայությունը։ Ասում է. «Ստեղծագործողն իր արվեստն արարելու առաջին իսկ օրվանից ուղղված է այն գաղափարին, որ իր ստեղծագործություններից թեկուզ և մեկով մի դրական փոփոխություն անի հասարակության համար, մեկ աստիճան ավելացնի դեպի վեր բարձրանալու»։
Նմանօրինակ ցուցահանդեսները ցույց են տալիս, որ Հայաստանում ժամանակակից արվեստը զարգանում է իր ուրույն ճանապարհով։
Ցուցահանդեսը բաց է մինչև սույն թվականի օգոստոսի 20 –ը։
Լիլիթ ՇԱՐԲԱԹՅԱՆ