Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը` տարածաշրջանային առանցքային խաղացող ու լուրջ գործոն

Օգոստոս 07,2015 11:07

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները սկսելու համաձայնություն կա

Օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին հայտարարեց, որ Հայաստանի հետ երկու հզորագույն ծրագրեր ունեն՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի ծրագիրը եւ Հայաստան-Իրան երկաթգիծը: Առաջիկայում ծրագրված Իրանի փոխնախագահի այցի օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Օգոստոսի 1-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Նրանք քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, անդրադարձել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին եւ կարեւորել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան:

Վերոնշյալ պաշտոնական հաղորդագրությունից հայտնի դարձավ նաեւ, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հայ-իրանական վերջին բանակցությունները, փաստացի, որոշակի արդյունք են տվել, եթե համաձայնություն է ձեռք բերվել սկսել էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները, ինչը դրական փաստ է:

RA Minister of Foreign Affairs Edward Nalbandyan and Iranian Minister of Foreign Affairs Mohammad Javad Zarif gave a joint press conference

RA Minister of Foreign Affairs Edward Nalbandyan and Iranian Minister of Foreign Affairs Mohammad Javad Zarif gave a joint press conference

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթգծին, ապա այն կառուցել խոստացել էր Սերժ Սարգսյանը դեռ 2008թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ ԱԺ-ին հղված ուղերձում. «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Հունիսին, սակայն, «Արմինֆո» գործակալությունը հրապարակեց «Российские железные дороги» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ հարցազրույցը, որում ռուսաստանցի պաշտոնյան նշեց, թե` Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը զուրկ է որեւէ արդյունավետությունից, նախագիծը հեռանկար չունի. «Դա նույնն է, ինչ պատի մեջ պատուհան բացեք դեպի ոչ մի տեղ… դեպի հարեւան տան պատը»:

RA President Serzh Sargsyan received Minister of Foreign Affairs of Iran Mohammad Javad Zarif

RA President Serzh Sargsyan received Minister of Foreign Affairs of Iran Mohammad Javad Zarif

Այս հայտարարությունից մի քանի օր անց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե Վլադիմիր Յակունինի հայտարարությունը բխում է ռուսաստանյան պետական այդ ընկերության շահերից, մինչդեռ երկաթգիծը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար. «Դա պարոն Վլադիմիր Յակունինի սուբյեկտիվ կարծիքն է, որը իրականության հետ կապ չունի։ Ես հասկանում եմ իրեն, այդ հայտարարությունը իր ղեկավարած հիմնարկի շահերից է բխում։ Դա մեր պետության, ժողովրդի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող պրոյեկտ է, ու պիտի անպայման անենք»: Բեգլարյանը չմանրամասնեց, թե որո՞նք են ռուսաստանյան պետական ընկերության շահերը, որոնցից չի բխում հայ-իրանական երկաթգծի կառուցումը: Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի՝ անցած տարվա նոյեմբերին Թեհրան կատարած այցելության արդյունքում համաձայնագիր ստորագրվեց, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության մեկնարկից հետո Իրանը պարտավորվում է 400 միլիոն դոլար հատկացնել մինչեւ Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար:

2013-ի հունվարին կոնցեսիոն պայմանագրեր կնքվեցին Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ, որն էլ պարտավորվեց իր միջոցներով կառուցել հայ-իրանական երկաթգիծը՝ ծրագրի ավարտից հետո իրավունք ստանալով 30 տարի շահագործել այն: 2014-ի դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարեց՝ ըստ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության եւ իրենց միջեւ կնքված համաձայնագրի, հայ-իրանական երկաթգծի կառուցումից հետո «Հարավկովկասյան երկաթուղուն» է պատկանելու երկաթգծի կառավարման առաջնային իրավունքը:

Հայաստանի երկաթուղին, էլեկտրաէներգիայի բաշխումը եւ գազի ներկրումն ու վաճառքը պատկանում են ռուսաստանյան պետական ընկերությանը: 2008թ. փետրվարին Երեւանում ՀՀ կառավարության ու ՀԻԺ-ի միջեւ կնքված պայմանագրով Հայաստանի երկաթուղային ցանցը՝ իր շարժական եւ անշարժ գույքով, 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց ռուսաստանյան ընկերությանը, եւ ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ձեռնարկությունը:

usaԹե ինչ ապագա է սպասվում հայ-իրանական երկաթգծին ռուսական կողմի բացահայտ բացասական տրամադրվածության պայմաններում, եւ որքան են վճռական տրամադրված Հայաստանի իշխանությունները՝ ցույց կտա ժամանակը: Ակնհայտ է, որ երկաթգծի նախագիծը ոչ թե «պատի մեջ բացվող պատուհան» է, այլ այսօր, առավել քան երբեւէ, հեռանկարային ծրագիր Հայաստանի համար:

Աշխարհը բացում է «պատուհանները» Իրանի համար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ձգտում է համոզել Մերձավոր Արեւելքի դաշնակիցներին, որ Իրանի հետ գործարքը տարածաշրջանը կդարձնի անվտանգ։ Նա վստահեցրել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները կդառնան առավել ապահով։

Իրանը եւ ԱՄՆ-ը պատրաստվում են համատեղ Առեւտրի պալատ ստեղծել: Ինչպես հայտնել է Իրանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մոհսեն Ջալալփուրը` ԱՄՆ-ը սկսել է համատեղ հաստատության համար նախապատրաստական միջոցառումները: Համաձայն Իրանի օրենքների՝ Թեհրանն ԱՄՆ-ի հետ աշխատանքների համար Առեւտրի պալատ կարող է հիմնել ամերիկյան կողմում նման կառույցի ձեւավորումից հետո: Ջալալփուրը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները տնտեսական համագործակցության շուրջ բանակցությունների համար Իրան այցելելու հարցում չեն հղել: Նրա խոսքերով` նման նախաձեռնությունը կարող է քննարկման առարկա դառնալ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ ԱՄՆ այցի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար:

Իսկ ԵՄ-ն արդեն իսկ մեղմացնում է Իրանի դեմ պատժամիջոցները` պաշտոնապես հավանություն տալով Իրանի դեմ մի շարք պատժամիջոցների թուլացմանը։ ԵՄ-ն իրանական երկու նավթային ընկերություն հանել է պատժամիջոցների ցուցակից: Սա առաջին նման քայլն է Իրանի եւ համաշխարհային գերտերությունների միջեւ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Իրան է վերադառնում եվրոպական ավտոարդյունաբերությունը: Mercedes-Benz-ը կգնի Թավրիզում տեղակայված իրանական Diesel Engine Manufacturing’s-ի (IDEM, դիզելային շարժիչների արտադրող) բաժնետոմսերի 30 տոկոսը՝ հայտնել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն: Վերջինս տեղեկացրել է, որ Իրանն ու Mercedes-Benz-ը կստորագրեն 10 տարի ժամկետով համաձայնագիր, որի համաձայն՝ Իրանում կարտադրվեն բեռնատար մեքենաներ ու ավտոբուսներ: Մինչեւ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը Mercedes-Benz-ը Իրանի հիմնական գործընկերն է եղել, ու զարմանալի չէ, որ ընկերությունը մտադիր է մոտակա 2-3 ամսում Թեհրանում բացել իր գրասենյակը: Հաշեմ Յեկե Զարեն նաեւ հայտնել է, որ Mercedes-Benz-ը մտադիր է ձեռք բերել իրանական Setar-Iran ավտոարտադրողի բաժնետոմսերի 50 տոկոսը ու 5 տարի ժամկետով ստորագրել համաձայնագիր սեդան ավտոմեքենաների արտադրման վերաբերյալ: «Գերմանական Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնը նույնպես կարող է դառնալ Իրանի հուսալի գործընկեր»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ մոտակա 3-4 ամսում Iran Khodro-ն կարող է նաեւ պայմանագիր ստորագրել գերմանական Daimler AG-ի հետ՝ լյուքս դասի ավտոմեքենաների արտադրման մասին: Տեղեկություններ կան նաեւ, որ ֆրանսիական Peugeot-ը մտադիր է մեքենաների արտադրության համատեղ ձեռնարկություն հիմնել Իրանի հետ։ Իրան են վերադառնալու նաեւ ֆրանսիական Renault-ն ու ճապոնական Suzuki-ն։

Ինչ վերաբերում է իրանական գազը Եվրոպային հասցնելու ծրագրերին, ապա Իրանական ազգային գազային ընկերության արտաքին հարցերով դեպարտամենտի ղեկավար Ազիզոլլահ Ռամեզանիի խոսքով` Իրանը կարիք ունի 10 միլիարդ դոլարի ներդրումների՝ իր գազը եվրոպական սպառողներին հասցնելու համար։ Նա նշել է, որ հաշվի առնելով Իրանի ու «վեցյակի» միջեւ ձեռք բերված միջուկային գործարքի դրական կողմերը՝ Իրանը կարող է տարեկան Եվրոպա արտահանել 25-30 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ռամեզանին հիշատակել է Եվրոպական խորհրդարանի կողմից Եվրոպայի պոտենցիալ գազամատակարարների մասին անցկացված հետազոտությունը եւ նկատել, որ Իրանը Եվրոպայի մնացյալ 12 պոտենցիալ գազամատակարարների թվում լավագույն թեկնածուն է։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի հաշվետվության համաձայն` Եվրոպայում ռուսական գազին այլընտրանք կարող են հանդիսանալ հետեւյալ 13 երկրներից գազի պոտենցիալ մատակարարումները՝ ԱՄՆ, Իրան, Կատար, Ալժիր, Նիգերիա, Նորվեգիա, Լիբիա, Ադրբեջան, Թուրքմենստան, Մոզամբիկ, Ավստրալիա, Իրաք, ինչպես նաեւ Իսրայել, Կիպրոս։

Հավելենք նաեւ, որ Իրանն իր նավթային ու գազային պաշարներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը։ Իրանի գազի ապացուցված պաշարները կազմում են 34 տրիլիոն խորանարդ մետր, ինչը կազմում է գազի համաշխարհային ապացուցված պաշարների 18 տոկոսը։

Իրանական գազի հիմնական շուկաները հարեւան եւ ասիական երկրներն են՝ օրերս հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) ղեկավար Ալի Ռեզա Քամելին։ Նա մանրամասնել է, որ դրա պատճառն այդ երկրների մոտ գտնվելն է, ցածր ծախսերը եւ աճող սպառումը։ Քամելին միաժամանակ նշել է, որ Իրանն իր գազը Եվրոպայի նշանակման վայրեր արտահանելու համար կարիք ունի 2000-4000 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անցկացման, մինչդեռ հարեւան երկրների պարագայում բավական է լինում 200 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի կառուցումը։ Նա հավելել է, որ իրանական գազը Եվրոպա հասցնելուն կխոչընդոտի նաեւ այն, որ մի շարք երկրներ իրենց սպառման համար կվերցնեն այդ գազի մի մասը, ինչը կնվազեցնի Իրանի համար նման նախագծերի շահութաբերությունը։

Այն, որ Իրանը կարող է իր էներգետիկ ռեսուրսները Ռուսաստան արտահանել Հայաստանի եւ Վրաստանի միջոցով, խոսվում է արդեն բավական ժամանակ: Բայց ոչ իրանական, ոչ վրացական կողմի հետ այս հարցով քննարկումների մասին ոչ մի տեղեկություն չկա: Հայաստանը կարող է դեպի Եվրոպա նավթի եւ գազի փոխադրման համար տարանցիկ երկիր դառնալ, եթե Իրանն ու Հայաստանը համաձայնության գան Վրաստանի կամ Թուրքիայի հետ, մինչդեռ վերջինիս դեպքում գործընկերը «եղբայրական Ադրբեջանն է», այլ ոչ Հայաստանը: Խոչընդոտներից մեկն, իհարկե, Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին այժմ տիրող լարվածություն է, որը գազատարի շինարարության անվտանգ գործելու առումով ուղղակի հարցականի տակ կդրվի:

Միայն խոսակցությունները, որ Իրանը նավթ եւ գազ կվաճառի Արեւմուտքին, արդեն իսկ հանգեցրեցին նրան, որ նավթի գները դարձյալ անկում ապրեցին, հետեւաբար Հայաստանի հարեւան Իրանը դառնում  է տարածաշրջանային առանցքային խաղացող, որը կարող է փոխել ոչ միայն գլոբալ շուկաների պատկերը, այլեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման հարցում լուրջ գործոն դառնալ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31