Aravot.am-ի տեղեկություններով ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալված է: Նա այժմ ԱԱԾ մեկուսարանում է:
Մեր տեղեկություններով, Տիգրան Առաքելյանին ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար:
ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին լուրը: Պատճառների մասին պարոն Խաչատրյանը տեղյակ չէր: Նա հավելեց նաեւ, որ տեղյակ է, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթման դեպքերին:
Այն սահմանում է. «Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ