Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծման օրից եղել է հայկական բանակի կողքին: Արդեն ութերորդ տարին անընդմեջ ՈՒԽ-ն կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանդիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին, տեղեկանում ու հպարտանում մեր բանակի ձեռքբերումներով և իր ուժերի ներածին չափով փորձում աջակցել զինվորին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ հասարակությունը զինվորի կողքին է: Այս տարի ևս բացառություն չէր. ուսանողական խորհրդի 45 անդամներ՝ նախագահ Հովսեփ Հովեյանի և բուհի կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի գլխավորությամբ, հուլիսի 17-22-ն այցելեցին Արցախի մի շարք զորամասեր: Ուսանողները զորամասերին նվիրեցին համակարգիչներ, իսկ զինվորներին՝ հիգիենայի պարագաներ: Արցախում էին նաև ուսանողական խորհրդի թատերական խմբակի անդամները, ովքեր զինվորների համար խաղացին Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացումը:
Ուսանողները հանդիպում ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, ինչպես նաև պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան սպաների հետ: Ուսանողական խորհրդի անդամները եղան նաև Արցախի պատմամշակութային վայրերում:
Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն