Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությամբ օրինականացվո՞ւմ է ինքնադատաստանը

Հուլիս 20,2015 14:00

Սահմանադրության նախագծի 23-րդ հոդվածի ձեւակերպումները լայն քննարկումների առիթ են դարձել: «Կյանքի իրավունքը, մահապատժի արգելքը» հոդվածի 2-րդ կետում սահմանվում է, որ «Կյանքից զրկելը չի համարվում վկայակոչված հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:

Շրջանառվում է այն տեսակետը, որ նախագծով կրկին թույլատրվելու է մահապատժի կիրառությունը: Որոշների կարծիքով էլ՝ օրինականացվում է ինքնադատաստանը: Ի՞նչ կասեք այս մասին: Հարցի կապակցությամբ երեկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հասմիկ Օհնիկյանն ասաց.
–  Նախագծի 23-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է մահապատժի կիրառումը, հետևաբար այս առումով հասարակությունում առկա մտահոգությունները տեղին չեն:

Կարծում եմ՝ դրույթը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին, ինչը ամրագրված է գործող քրեական օրենսգրքով:

Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը հանցագործություն չի համարում անձին վնաս հասցնող, իսկ բացառիկ դեպքերում նաև մահ պատճառող այն արարքը, որն իրականացվել է ոտնձգություն կատարողի նկատմամբ՝ համարժեք ոտնձգությունից պաշտպանվելու կամ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը պաշտպանելու նպատակով:

Գործող Սահմանադրությունը բացարձակ պաշտպանություն է տրամադրում կյանքի իրավունքին: Նման պայմաններում, ստացվում է, որ անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի կիրառումը հակասում է Սահմանադրությանը: Կյանքի իրավունքը չի կարող մի կողմից երկրի մայր օրենքով ունենալ բացարձակ պաշտպանություն, մյուս կողմից՝ խիստ անհրաժեշտության դեպքում այդ իրավունքի խախտումը չառաջացնել քերական պատասխանատվություն:

 

-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հասարակության առկա անհանգստությունը:

-Կարծում եմ՝ անհանգստությունը պայմանավորված է քրեական հետապնդում, ինչպես նաեւ արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ անվստահությամբ: Մեր երկրում կիրառելի է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, ուստի, ինչպես արդեն նշեցի, ինստիտուտի կիրառությունը չպետք է հակասի Սահմանադրությանը: Խնդիրը անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի ռիսկայնության եւ այն կիրառողների նկատմամբ հանրության մոտ առկա անվստահության մեջ է:

Նախատեսվող դրույթի վերաբերյալ հնչեցվող տարբեր կարծիքներում մեկնաբանություններն ինքնին վկայում են, որ ձեւակերպումը միանշանակ ընկալելի չէ: Այս առումով, միգուցե պետք է հստակեցնել ձեւակերպումն այնպես, որ դրա բովանդակությունից ակնհայտ լինի, որ բացառությունը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության դեպքերին:

Բացի այդ, ամենակարեւորը, Քրեական օրենսգրքում անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտի կիրառելիության չափանիշների եւ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումների հնարավոր հստակեցնում է:

Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, ցանկության դեպքում, վարույթն իրականացնող մարմնի համար կարող է արհեստական հիմք հանդիսանալ հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության չենթարկելու առումով, ուստի ինստիտուտի կիրառությունը պետք է լինի հնարավորինս կանխատեսելի:
Խնդրի լուծումը ինստիտուտի օբյեկտիվ կիրառումն ապահովող մեխանիզմները կանխատեսելու մեջ է:

Եթե մեր երկրում կիրառվում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, ապա պետք է այն չհակասի Սահմանադրությանը: Այս առումով, Սահմանադրությամբ նման նորմի ամրագրումը, կարծում եմ, արդարացված է: Այնուամենայնիվ, նորից նշեմ, ինստիտուտի վերաբերյալ իրավակարգավորումները պետք է լինեն այնպես, որ սահմանափակեն դրա անհարկի կիրառությունը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031