«Առաջին հայացքից թվում է, թե տարեց մարդիկ պահանջկոտ են, դժվար է նրանց հետ և այլն, բայց նրանք ընդամենը մեկ բան են ուզում մեզնից՝ ուշադրություն: Ու մենք պետք է կարողանանք դա ժպտալով տալ նրանց՝ առանց վայրկյան անգամ հապաղելու: Նրանք պետք է զգան, որ իրենց տեղն ու դերն ունեն, և քանի դեռ կյանքը չի ավարտվել, այն շարունակվում է»,- ասում է կինոռեժիսոր Արման Երիցյանը:
Հենց այս վերջին միտքն է ռեժիսորի «Մեկ, երկու, երեք…» ֆիլմի ուղերձը:
Ֆիլմն այս տարի ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» մրցութային ծրագրում:
Ֆիլմի հերոսը՝ Միխայիլը, բոլոր ծերերի նման մի բանի կարիք ունի՝ մի քիչ ուշադրության:
Կարդացեք նաև
Ասում են՝ տարիքի հետ մարդիկ ավելի քմահաճ են դառնում, սակայն Երիցյանը վստահեցնում է, որ իր համար շատ հեշտ է եղել ծերերի հետ աշխատելը, քանի որ գիտի գլխավոր գաղտնիքը. «Պետք է որսորդի պես համբերատար լինել: Վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է: Եթե համբերատար չեղար, ոչնչի չես հասնի: Պետք է նաև աննկատ լինես, համբերես, մինչև նրանք կբացվեն, քեզ կվստահեն իրենց գաղտնիքները: Բայց դու էլ քո հերթին ազնիվ պիտի լինես ու նրանց բոլոր գաղտնիքները չհրապարակես»,- ասում է ռեժիսորը:
«Մեկ, երկու, երեք…»-ի հերոսի՝ Միխայիլի զարմանալի, սրտառուչ, երբեմն էլ զվարճալի պատմությամբ ֆիլմը ցույց է տալիս ընտրյալների ճանապարհը: Ամեն մի կերպարի անձնական պատումը հյուսվում է գլխավոր հերոսի շուրջը: Չնայած ամեն պատմություն խիստ անձնական է, և ընտրյալների պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով, ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումներն ընդհանրական են: Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք: Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ