Էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի բարձրացման դեմ ակցիայի մասնակիցները մոտ 10 օր է, ինչ փակել են Բաղրամյան պողոտան: Մոսկովյան փողոցի խաչմերուկից մինչեւ Սահմանադրականի շենք հատվածում մարդիկ գիշեր-ցերեկ այստեղ են:
Այսօր Բաղրամյան պողոտայի այս հատվածի բնակիչներից փորձեցինք ճշտել, թե իրենց անդորրը խախտվո՞ւմ է: Պատասխանել ցանկացողները շատ չէին, իսկ ով էլ համաձայնեց, չցանկացավ ներկայանալ: Պատասխանները տարբեր էին, անգամ՝ հակասական: Միջին տարիքի մի մարդ ասաց, որ ոգեւորված է եւ ինքն էլ մշտապես փողոցում է: Իսկ մի տատիկ էլ սրտնեղեց, թե թոռնիկները մի տեսակ վախեցած են, հանգիստ չեն քնում. «Ամեն մի բարձր ձայնից վեր են թռչում քնից ու լաց լինում: Չգիտեմ՝ ինչ ասել», – ասաց նա:
Բնակիչներից ոմանք էլ ուրախ են, որ Բաղրամյան պողոտայում տրանսպորտ չի աշխատում ու օդը հիմա մաքուր է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ