Հարեւանի ոտքը չի՞ կոտրել, արդարացվածն ասում է՝ «նետ, նո, ոչ»
Երեւանաբնակ Հովսեփ Ադամյանը 2013թ. հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Տիգրան Մեծի 1-ին նրբանցքում հանդիպում է հարեւաններին՝ Է. Գասպարյանին եւ Ա. Թեքնեյանին, նրանց հրավիրում իրենց տուն։
Քրեական գործի նյութերի համաձայն, Ա. Թեքնեյանը եւ Է.Գասպարյանն ընդունել են հրավերը, օղի եւ սննդամթերք են գնել: Հարեւանի տանը միասին հաց են կերել ու ալկոհոլ օգտագործել: Հընթացս, Ա. Թեքնեյանը նախատել է Է. Գասպարյանին՝ ավելորդ շռայլություններ թույլ տալու համար, ինչը հունից հանում է Հովսեփին: Վերջինս մեկ անգամ ապտակել է հարեւանին՝ Թեքնեյանին եւ պահանջել, որպեսզի նա հեռանա իր տնից։ Հարեւանը գնացել, ապա վիրավորված վերադարձել է, տան շեմի մոտ սեռական բնույթի հայհոյանքներ տվել Հ. Ադամյանի հասցեին։
Հ. Ադամյանը իջել է դուրս, մոտեցել Ա. Թեքնեյանին, «բութ առարկայով» հարվածել է նրան եւ Ա. Թեքնեյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, կոտրել էր հարեւանի ոտքը:
Կարդացեք նաև
Գործով նախաքննության մարմինը ապացուցված էր համարել նաեւ այն, որ Հովսեփը հաջորդ օրը գնացել է Ա. Թեքնեյանենց տուն՝ ոմն Գրիգորի հետ, ներկայացրել էր նրան որպես բժիշկ. «Վերջինս ուսումնասիրելով Ա. Թեքնեյանի վնասվածքները՝ խորհուրդ է տվել տանել հիվանդանոց, որից հետո զանգահարել են շտապօգնություն։ Շտապօգնության աշխատակիցները Ա. Թեքնեյանին տեղափոխել են հիվանդանոց»:
2013թ. հոկտեմբերի 17-ին կատարված հանցագործությունից 8 ամիս հետո Հովսեփ Ալբերտի Ադամյանին հրավիրում են ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի Էրեբունու քննչական բաժին եւ նույն օրն էլ ձերբակալում, որպես կասկածյալի:
Ոստիկանությունն իր միջնորդությունը հիմնավորում է նրանով, որ անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով է ձերբակալել:
2014 թվականի հունիսի 6-ից նրա պաշտպանությունը ստանձնում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Ալիխանյանը:
Հանրային պաշտպանին ներգրավելուց հետո էլ Հովսեփ Ադամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը:
Հանրային պաշտպանը դրա դեմ առարկում է, քանի որ, ըստ նրա, չկար հիմնավոր կասկած՝ դրա բացակայության հիմքով, ինչպես նաեւ նախաքննության մարմնի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հանցագործության կատարման օրվանից հետո շուրջ 8 ամիս գտնվել է ազատության մեջ, հետեւաբար, չի ունեցել նախաքննության մարմնից խուսափելու կամ նախաքննությանը խոչընդոտելու նպատակ: Ըստ պաշտպանի. «Եթե ունենար խոչընդոտելու նպատակ, ապա վաղուց այդպիսի փաստեր կլինեին, բացի այդ, տուժողի հետ առերեսում չի կատարվել, եւ տուժողն էլ չի ներկայանում վարույթն իրականացնող մարմնին, որով եւս մեկ անգամ հիմնավորվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, իմ պաշտպանյալի առնչությունը կատարված «հանցագործության» հետ»:
Էրեբունու դատարանը, սակայն, փաստաբանի առարկությունները հաշվի չի առնում:
Պաշտպանը դիմում է, որպեսզի Հովսեփ Ադամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի հանցակազմի բացակայության եւ ապացույցների անբավարարության հիմքով:
ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Ժ. Հակոբյանը պաշտպան Ա. Ալիխանյանի միջնորդությունն ամբողջությամբ մերժել է՝ անհիմն լինելու պատճառով:
Ըստ հանրային պաշտպանի, 2014թ. հոկտեմբերի 8-ին քրեական գործն ընդունվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանի վարույթ։
Սակայն դատավորը գործն ընդդատության կարգով ուղարկում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հովսեփ Ադամյանին ճանաչել եւ հռչակել է անմեղ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Ամբաստանյալի կալանավորումը վերացվեց եւ նրան դատարանն անհապաղ ազատել է դատական նիստի դահլիճից:
Դատավճռի դեմ, սակայն, վերաքննիչ բողոք է բերում գործով մեղադրող՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ռ. Երիցյանը: Հանրային պաշտպանը կրկին առարկում է վերաքննիչ բողոքի դեմ, իսկ մեղադրողը միջնորդել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Դատարանը մեղադրողի միջնորդությունը մերժել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, հունիսի 11-ին որոշեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2015