Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է բնապահպանական և առողջապահական խնդիրների

Հունիս 24,2015 18:01

«Մեդիա կենտրոն», հունիսի 23, 2015 թ.: Լոռու մարզում գործող բաց հանքերի և պոչամբարների պատճառով ծագում են ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև մի շարք առողջապահական ոլորտի խնդիրներ:

Այս խնդիրների շուրջ Վանաձորում հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» և Վանաձորի «ՀԿ կենտրոնի» համատեղ անցկացրած քննարկմանը իրենց տեսակետները հայտնեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Բելյաեվան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատողներ Ծովինար Մելքում Մելքումյանը և Քրիստինա Հակոբյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը, Ախթալայի համայնքային երիտասարդ նախաձեռնողների ակումբի անդամ Իշխան Սոխակյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ծրագրային աշխատակից Լիլիթ Սինդոյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մասնաճյուղի անդամ Լիանա Վարդումյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը:

Թեև Հայաստանում չեն արվել կոնկրետ հետազոտություններ, որոնք ցույց կտային հանքարդյունաբերության հետևանքով բնապահպանական իրավիճակի սրման և առողջապահական խնդիրների առաջացման միջև ուղիղ կապը, սակայն նման ուսումնասիրություններ իրականացվել են արտասահմանում:

«Խոշոր քաղաքներից Հայաստանում ամենաաղտոտվածն Ալավերդին է: Այնտեղ բացի շրջակա միջավայրի աղտոտվածությունից, խնդիրներ են նկատվում հանրային առողջության ոլորտում», – հայտարարեց  Քրիստինա Հակոբյանը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնը իրականացրել է հետազոտություն հանքերով և պոչամբարներով «հարուստ» Լոռու և Սյունիքի մարզերում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տվյալ մարզերի արդյունաբերական կենտրոններին մոտ գտնվող բնակավայրերի հողերում ծանր մետաղների և մկնդեղի քանակությունը շեշտակիորեն գերազանցում է թույլատրված միջազգային չափանիշները:

«Փոքր քաղաքներից Հայաստանում ամենաաղտոտվածը Ախթալա քաղաքն է», – նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ Ախթալայում կապարը և մկնդեղի քանակությունը նույնպես գերազանցել է թույլատրված չափը:

Ծովինար Մելքում Մելքումյանի խոսքով հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև բնապահպանական խնդիրների ազդեցությունը հանրային առողջության վրա: Ստուգվել է 39 երեխա Ախթալա համայնքից, Ալավերդիից՝ 69-ը:

«Այսպիսով Ախթալայի երեխաների 80 տոկոսից ավելիի մոտ արյան մեջ գերազանցել է կապարի պայմանականորեն թույլատրելի քանակը՝ 5 միկրոգրամ դեկալիտր արյան մեջ: Ալավերդիում կապարի քանակությունը գերազանցել է ստուգված երեխաների 72,5 տոկոսի մոտ», – հավելեց Մելքում Մելքումյանը:

 

Փորձագետները, շրջակա միջավայրի աղտոտվածությունից ծագած առողջական խնդիրները մտահոգիչ համարելով, հավելեցին, որ խուճապի մատնվելու կարիք չկա:

«Ուղղակի անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների շրջանում բնապահպանական խնդիրների վերացման և առողջապահական ռիսկերի նվազեցման ուղղությամբ», – նշեցին փորձագետները:

Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները չհամաձայնեցին փորձագետների հետ և նշեցին, որ ծանր մետաղների թույլատրելի քանակի գերազանցումը նշված քաղաքներում չի կարելի ուղղակիորեն կապել հանքավայրերի շահագործման հետ:

«Այո, բաց հանքերի շահագործման պարագայում լինում են որոշակի արտանետումներ, որոնք ունենում են ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սակայն այն չի կարելի պայմանավորել միայն հանքերի շահագործման հետ, քանի որ ամբողջ Հայաստանը շատ խիտ մետաղական հանքայնացման ցանց ունի: Շատ մետաղներ կան հողի մեջ պարզապես ապարների քայքայման հետևանքով», – հավելեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը:

Լուսինե Վարդանյանը, ով հանդիսանում է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետը, դժվարացավ հստակ պատասխանել՝ առողջապահական խնդիրներ պայմանավորված են հանքերի և պոչամբարների շահագործման հետ, թե ոչ:

«Նման հետազոտություն Հայաստանում չկա: Չեմ կարծում, որ առանց հետազոտության կարելի է խոսել երկու խնդիրների միջև հստակ կապի մասին», – կարճ պարզաբանեց նա:

Մարզպետարանի ներկայացուցիչների հետ որոշակի առումով համաձայնեց նաև ՀՀ  ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Բելյաեվան:

«Այդ ազդեցությունը գնահատելը բավականին դժվար է: Ուստի շատ դժվար է նաև ասել, որ մարդկանց արյան մեջ որոշակի քանակությամբ մետաղների առկայության դեպքում ինչ հիվանդություններ առաջ կգան», – պարզաբանեց նա:

Հետազոտության մեջ չի չափվել շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության աստիճանը բնակչության առողջության վրա,  հակադարձեց Ծովինար Մելքոմ Մելքոմյանը՝ հավելելով, որ միայն ցույց  է տրվել ծանր մետաղների քանակության գերազանցումը և՛ հողում, և՛ մարդկանց արյան մեջ:

«Իսկ միջազգային գրականության մեջ և հետազոտություններում ասվում է, որ դրանք հնարավոր է բացասական ազդեցություն ունենան հանրային առողջության վրա», – նշեց նա:

«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքով բաց հանքից արատանետումներն անցնում են ու ստեղծում  քիմիական ռեակցիաների մի ամբողջ շղթա:

«Այս խնդիրը շատ կարևոր է, քանի որ աղտոտվածության ազդեցությունը մեկը տասին հարաբերակցությամբ է: Այսինք՝ մեկ հեկտար բաց հանքը աղտոտում է տաս հեկտար տարածք: Դա ահավոր մեծ թիվ է: Այս խնդիրը շատ հրատապ է և կարիք ունի լուծման, որը տեղի կունենա իշխանության քաղաքական որոշման պարագայում: Ինչո՞ւ, որովհետև լեռնաարդյունաբերությունը միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխանեցնելու համար կարիք ունի մեծ ներդրումների և արդիականացման», – ասաց Զառաֆյանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը բերեց շրջակա միջավայրի վրա հանքավայրերի բացասական ազդեցության ևս մեկ օրինակ:

«Այրում գյուղում հանքավայր չկա, սակայն հարևան բնակավայրերում գործող հանքավայրերի ազդեցությունը ակնհայտ է: Այդ ազդեցության պատճառով Այրումում աճող դեղձը հնարավոր չեղավ արտահանել եվրոպական շուկաներ, քանի որ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ այդ մրգի մեջ մետաղների քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանները», – նշեց նա:

Բնակչության առողջության վրա հանքավայրերի արտանետումների բացասական ազդեցության մասին, ըստ Դուրգարյանի խոսում են նաև տեղի բժիշկները. «Նրանք խոսում են այդ մասին, սակայն միայն մասնավոր դեպքերում, երբ խոսքը հասնում է պաշտոնական հայտարարություններ անելուն, լռում են», – հավելեց Դուրգարյանը:

Քննարկման ավարտին բանախոսները համաձայնեցին, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, հանքավայրերի հարևանությամբ ապրող քաղաքացիների ակտիվություն և գործարարների կողմից պատասխանատվություն:

«Ուղղակի անհրաժեշտ է, որ տեղում բնակիչները լինեն ակտիվ, ներգրավվեն հանքերի հնարավոր շահագործման գործընթացում հենց սկզբից, քանի որ դա վերաբերում է հենց իրենց առողջությանը», – ընդգծեց Զառաֆյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930