Aravot.am-ի տեղեկություններով, գիշերը Մայիսյան գյուղից դեպի Քեթի տանող հատվածում, սարերի տակ հայտնաբերել են Մայիսյան գյուղի բնակիչ, 28-ամյա Լեւոն Սերոբյանի դին: Մայիսյան գյուղում տարածված խոսակցությունների համաձայն, երիտասարդին սպանել են, սակայն, ըստ իրավապահների նախնական վարկածի, նա հանկարծամահ է եղել:
Aravot.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ երիտասարդին գյուղացիներն են գտել, նա տուն չի վերադարձել, տնեցիներն անհանգստացած սկսել են փնտրել նրան ու հայտնաբերել են դիակը: Դրանից հետո ահազանգել են ոստիկանություն:
Ըստ գյուղապետի, երիտասարդը նորմալ, շնորհքով ընտանիքից է, հարգալից բոլորի նկատառմամբ, հեռու քրեական պատմություններից, հետեւաբար եւ գյուղացիներին առեղծվածային է մնացել նրա մահը: Նա ամուսնացած չէր:
Եղե՞լ են արդյոք բռնության հետքեր նրա վրա, գյուղապետը հորդորեց այդ հարցով դիմել իրավապահներին, բայց միաժամանակ ասաց, որ նախնական տվյալներով գյուղացիները նման բան չեն տեսել:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախապատրաստվում են նյութեր, երիտասարդի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, սակայն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սպասում են եզրակացությանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ