«Ֆաշիզմը 21-րդ դարի ռեվանշիզմն է» թեմայով ասուլիսին այսօր ռուսամետ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը «Թեքեյան» կենտրոնում վստահեցրեց, որ Հայաստանում նեոֆաշիզմի ուղիղ սպառնալիք չկա:
Պատասխանելով հարցին, թե ֆաշիզմը ակտուա՞լ է Հայաստանի համար, քաղաքագետը բացատրեց, որ դա կախված է «նեոֆաշիզմ» տերմինի ընկալումից.
«Երբ խոսք է գնում աշխարհի փոխակերպման մասին, ինչն այսօր իսկ տեղի է ունենում, ապա նեոֆաշիզմը գործիք է: Իսկ համաշխարհային զարգացումների տեսանկյունից, իհարկե` Հայաստանի համար սա ակտուալ է»:
Սերգեյ Կուրղինյանի խոսքով, ճիշտ է Հայաստանի ներսում նեոֆաշիզմի խնդիր չկա, բայց այդ խնդիրը կա երկրի սահմաններից դուրս, ինչն էլ Հայաստանին անմասն չի կարող թողնել:
Կարդացեք նաև
Ըստ նրա, իր հայաստանյան այցը չունի իմպերիալիստական նպատակներ ու պատմեց, որ իր մասնավոր այցի ընթացքում հետևում է Երևանի կյանքին և փորձում քննարկման առարկա դարձնել այնպիսի թեմաներ, որոնց մասին քննարկումներ վարել մարդիկ չեն սիրում. «Երևանցիները ապրում են իրենց խաղաղ և կայուն կյանքով, ունեն հազարավոր խնդիրներ, ինչպես տարիներ առաջ Դոնեցկի բնակիչները, իսկ Դոնեցկը հիմա ամբողջությամբ ավերված է, տապալված»:
Հարցին, թե ինչ կանխատեսումներ ունեք Հայաստանի վերաբերյալ, պարոն Կուրղինյանը շարունակեց. «Ես ուղիղ կանխատեսում չունեմ Հայաստանի մասին, բայց ուղիղ կանխատեսում ունեմ Թուրքիայի մասին: Թուրքական և տարածաշրջանային գործընթացները չեն կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, Հայաստանը կընդգրկվի մի գոտում, որտեղ անկանխատեսելի է ամեն բան»:
Ըստ նրա, ԵՄ չընդգրկվելու պատճառով Թուրքիան հայտնվել է փոփոխությունների փուլում: Նրա խոսքով, Թուրքիայի երազանքն էր ԵՄ անդամակցությունը, ինչի համար նույնիսկ Հայոց ցեղասպանության հարցում էր պատրաստ որոշ քայլերի գնալ, բայց ԵՄ-ը Թուրքիային թույլ չտվեց միանալ` հիմնավորելով, որ մոդեռն Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում. «Հիմա Թուրքիան փոխակերպման գործընթացում է, երբ երիտթուրքականից գնում է քեմալականի….արաբական երկրները նույնպես այս իրավիճակում հայտնվեցին: Հայաստանը այս քաոսային ծովում իր տեղը պետք է գտնի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ