Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Հարությունյան. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը որոշել է ակտիվ գործունեություն սկսել

Մայիս 26,2015 18:00

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մայիսի 26-ին «ԶԼՄ-ների ինքնակարգավորում. Գործընթացները Հայաստանում եւ միջազգային փորձը» կլոր սեղան էր կազմակերպել:

Կլոր սեղանի ընթացքում մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ մայիսի 16-ին տեղի է ունեցել ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների ընդհանուր ժողով, որի ընթացքում փոփոխություն է կատարվել վարքականոնում եւ ճշտվել է վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների ցուցակը. «Այս պահին զանգվածային լրատվության 39 միջոցներ ստորագրել են այս վարքականոնը եւ համաձայնել են դրան: Բացի այդ՝ այդ գործընթացին աջակցում է ութ լրագրողական կազմակերպություն, նախկինում ինն էր, բայց մեկն արդեն գոյություն չունի»:

Լրատվամիջոցների ընտրած ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը բաղկացած է 14 անդամից՝ ԶԼՄ-ների ղեկավարից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից եւ իրավաբաններից. «14 հոգանոց կազմը որեւէ խնդիր քննելու համար ամբողջությամբ չի հավաքվում. Յոթը բավարար է հարցը քննելու համար: Ներկա յոթ հոգու ձայների մեծամասնությամբ է դիմումը քննվում: Դիտորդ մարմինը առայժմ ոչ ակտիվ սկզբունքով է աշխատում, այսինքն՝ ինքը վարույթներ չի հարուցում, ինքը սպասում է բողոքների, երբ որ լինում է բողոք, ինքը վարույթ է հարուցում եւ սկսում է քննել եւ կարող է քննել միայն մի բան՝ համապատասխանությունը էթիկայի վարքականոնին, որը ստորագրել են տվյալ լրատվամիջոցները»:

Նա հավելեց, որ դիտորդ մարմինը որոշել է ակտիվ գործունեություն սկսել, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ իր իսկ նախաձեռնությամբ վերհանել վարքականոնը ստորագրած լրատվամիջոցների այն հոդվածները, որոնք հակասում են կանոնագրին: Մարմինը նախաձեռնելու է վարույթ եւ դրա վերաբերյալ եզրակացություններ է տալու:

Մեսրոպ Հարությունյանը դժվարացավ ասել՝ արդյունավետ է արդյոք այդ համակարգը, թե ոչ, բայց նա ընդգծեց, որ 2007 թվականից մինչեւ այսօր մարմինը քննել է 35 գործ: Մեդիա փորձագետի կարծիքով՝ լրատվամիջոցների ստորագրած առաջին կանոնագիրը որոշակի դրական դեր է խաղացել. «Այսինքն՝ այն նպաստեց, որպեսզի այս դաշտում խաղացողները գան միասնական կանոններով. Ֆուտբոլ ենք խաղում, ռեգբի չենք խաղում, ով որ ռեգբի է խաղում, թո՛ղ իր կանոնները մշակի եւ խաղա ռեգբիի կանոններով: Ամեն դեպքում՝ եթե ռեգբիի կանոններով խաղալու դեպքում իրենց ինչ-որ մեկը նեղացնում է, պատրաստ ենք պաշտպանել իրենց՝ նույն այդ կանոններով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031