Լրահոս
Օրվա լրահոսը

«Թութունջյանի արվեստում չկա ատելություն, կա մեծ սեր ու տիեզերական ներդաշնակություն». արվեստաբան

Մայիս 23,2015 19:10

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց ֆրանսահայ անվանի արվեստագետ Լևոն Թութունջյանի (1905-1968) անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 24 գրաֆիկական աշխատանքներ, արվեստի տարաոճ 3 քանդակներ և, իհարկե, Հայոց ցեղասպանությանը նվիրված հայտնի «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը: Ներկայացվող գրաֆիկական աշխատանքները թաշիզմի, աբստրակցիայի և սյուրռեալիզմի 1920-60-ական թթ. բացառիկ նմուշներ են:
«Շատերն ասում են՝ նորահայտ նկարիչ է Թութունջյանը, բայց, ըստ երևույթին, նա նորահայտ է Հայաստանի լայն հասարակության համար. մասնագետները, նկարիչները ճանաչում են նրան: Իսկ աշխարհում շատ ճանաչված նկարիչ է և իր ուրույն տեղն ունի համաշխարհային արվեստի մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ ողջունելով այսպիսի ցուցահանդեսի գաղափարը, որը թույլ կտա հայտնի արվեստագետին ճանաչելի դառնալ նաև հայաստանցի լայն հանրության համար:

Նշենք, որ Լ. Թութունջյանի ստեղծագործությունները 1925 թվականից ցուցադրվել են եվրոպական հանրաճանաչ ցուցասրահներում մեծագույն նկարիչների կողքին, այդ թվում՝ փարիզյան «Պյեր Կոլ» ցուցասրահում կազմակերպված սյուրռեալիստական արվեստի ցուցահանդեսին (1933 թ.)՝ Պիկասոյի, Դալիի, Բրետոնի, Միրոյի, Մագրիտի, Ջակոմետիի և այլոց ստեղծագործությունների կողքին:

«Ցավոք, ես այն մարդկանցից եմ, որը վերջերս է հայտնաբերել Լևոն Թութունջյան արվեստագետին,- ասաց արվեստաբան Պողոս Հայթայանը.- պետք է խոստովանեմ, որ այս նկարչի ստեղծագործությունները տեսնելով՝ ցնցվեցի: Թութունջյանն առանձնանում է բոլոր նկարիչներից իր ուրույն սյուրռեալիստական մտածողությամբ: Նրա սյուրռեալիզմն ապրեցնող է: Նրա արվեստում չկա ատելություն, կա մեծ սեր ու տիեզերական ներդաշնակություն: Նրա ստեղծագործություններում կան բաներ, որոնք, թող մեծամտություն չթվա, շատ սյուրռեալիստների մոտ չկան: Այս նկարչի գործերը միաժամանակ և´ ազգային են, և´ համամարդկային»:

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կտևի մինչև հունիսի 14-ը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031