Մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային, 1973 թ. ծնված Արմեն Սամվելի Գյոզալյանը: Նա հրազենային վիրավորում է ստացել Բերքաբեր գյուղի սահմանագոտում: Ադրբեջանական գնդակը դիպել է նրա ձախ ուսագոտու եւ ձախ նախաբազկի վերին երրորդականի շրջանում, պատճառելով բազմաբեկորային բաց կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով:
Իջեւանի ԲԿ-ում նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ցավազրկել, ռենտգեն հետազոտություն կատարել, կոտրվածքն անշարժացրել: Երկու ժամ անց Ա. Գյոզալյանին տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Այսօր մենք հեռախոսազրույց ունեցանք վիրավորի հետ: Արմեն Գյոզալյանն ասաց, որ 9 օր ինքը զինվորական հոսպիտալում է, վնասվածքը բարդ է, եւս մի շաբաթ ինքը բուժում կստանա հոսպիտալում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ