Aravot.am-ը մեր երկրի մանկատների համար պատասխանատու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե ամերիկյան հեռուստաաստղ հայազգի Քիմ Քարդաշյանը Հայաստան կատարած այցի ընթացքում ո՞ր մանկատանն է եղել եւ ի՞նչ նպատակով:
Այսօր Metro.co.uk կայքը հղում կատարելով իր աղբյուրներին գրել է , որ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսին հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Հայաստանում գտնվելու ընթացքում այցելել են մանկատուն, որից հետո որոշել են երեխա որդեգրել:
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող մանկատներ Քարդաշյանի կողմից այցելություն չի կատարվել»,-ի պատասխան մեր հարցին հայտնեցին նախարարությունից: Մեր հարցին, թե գուցե գաղտնի ա՞յց է եղել, որ լրատվամիջոցներն ու նրա համակիրներն այդ մասին չիմանան ու աստղային զույգին չհետապնդեն, նախարարությունից ասացին, որ Քիմ Քարդաշյանը չէր կարող առանց նախարարության գիտության մանկատուն այցելել :
Նշենք, որ Հայաստանում 6 պետական մանկատուն կա, որից 3-ը ընդհանուր տիպի, մյուս երեքը՝ մասնագիտացված: Մնացածը, որոնք գործում են մասնավոր հիմունքներով ոչ թե մանկատներ են այլ՝ ցերեկային խնամքի կենտրոններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ