Իջեւանի «Բենտոնիտ» ԲԲԸ տնօրեն Ալեքսան Դարբինյանից տեղեկացանք, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում բենտոնիտի փոշի վերամշակող գործարանը մի քանի օր առաջ վերսկսել է աշխատանքը: Ա. Դարբինյանի վկայությամբ՝ գործարանում այժմ աշխատում է 70-80 հոգի:
Ձեռնարկության տնօրենը հավաստիացրեց, որ լուծված է գործարանի արտադրանքի արտահանման հարցը, եւ առաջիկայում գործարանը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, նոր աշխատողներ կընդունվեն: Հավելենք, որ երբեմնի արդյունաբերական հսկան այժմ հազիվ գոյատեւում է:
Մեր տեղեկություններով՝ 4-5 տարի առաջ վրացի միջնորդների միջոցով ադրբեջանցիները «Իջեւանի բենտոնիտից» գնել են արտադրական հոսքագիծ եւ այն վերագործարկել Ադրբեջանում: Դրա հետեւանքով Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղի գործարանում ավելացել է բենտոնիտի փոշու արտադրության ծավալը: Ադրբեջանցիները օգտվելով տրանսպորտային միջոցների ընձեռած լայն հնարավորություններից՝ իրենց արտադրած բենտոնիտի փոշու համար Ռուսաստանի շուկայում մեծ տեղ են զբաղեցրել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ