«Կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն: Կինը, եթե ցանկանա, ամեն ինչ էլ կհասցնի՝ ե՛ւ մայր լինել, երեխաներ դաստիարակել, ե՛ւ գործ անել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2015 թվականի մրցանակաբաշխության ժամանակ վստահեցրեց «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթած Ալին Մասրլյանը:
Ալին Մասրլյանը Հայաստան է եկել Սիրիայից եւ 1999 թվականից հիմնել է քաղցրավենիքի եւ համեմունքների մասնագիտացված «Հալեպ» խանութների ցանցը:
«Ես մասնագիտությամբ շինարար եմ, սակայն ես մտա սննդի ոլորտ եւ կարծում եմ, որ այս բիզնեսին առաջ տարավ այն, որ բիզնեսն իր մեջ պարունակում էր յուրահատուկ միտք: Այդ ժամանակ Հայաստանում արեւելյան սննդի մասնագիտացված խանութներ չկային»,- մեզ հետ զրույցում պատմեց գործարարը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ներկայումս սկսնակ գործարարների առջեւ ծառացած խնդիրներին, մեր զրուցակիցն ասաց, որ ճգնաժամային իրավիճակը, իրոք, կարող է խոչընդոտ հանդիսանալ. «Եթե նկատում եք, չորս կողմը տարիներով աշխատող մեծ բիզնեսները փակվում են: Հիմա ժամանակներն են դժվար»:
«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության ժամանակ այսօր մրցանակներ տրվեցին հետեւյալ հինգ անվանակարգերում՝ լավագույն կին գործատու, լավագույն կին նորարար, լավագույն ապրանքանիշ, լավագույն սկսնակ կին գործարար եւ լավագույն երիտասարդ կին գործարար:
«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում հաղթած Հռիփսիմե Բարսեղյանը, որի ընկերությունը զբաղվում է բնական նյութերից պատրաստված կոսմետիկայի արտադրությամբ, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը արժանացել է մրցանակի միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, իսկ մյուս բոլոր դժվարությունները հաղթահարելի են:
Մրցանակաբաշխությանը ներկա Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ Հայաստանի կառավարությունը միշտ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համար տարբեր գործընթացներում իրականացնում է կանանց ներգրավվածության մակարդակի ավելացման միջոցառումներ:
Լրագրողների հետ զրույցում, հարցին, թե ինչո՞ւ մրցանակ ստացող գործարարների շարքում չկան այնպիսի գործարար կանայք, ինչպիսիք են Նաիրա Կարապետյանը, Սիլվա Համբարձումյանը, նախարարը պատասխանեց, որ միջոցառումը ավելի շատ փոքր բիզնեսով զբաղվող գործարարների համար էր:
Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ ամեն տարի կանանց ներգրավվածությունը բիզնեսում ավելանում է, որն էլ որոշակի հավասարակշռություն է բերում բիզնեսին եւ ճկունություն է հաղորդում:
Նախարարի խոսքով՝ ինքը կցանկանար, որ հաջորդ տարիներին մրցանակներ ստանային նաեւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ գիտելիքահեն որոշ ճյուղերում աշխատող գործարար կանայք:
Մանրամասն՝ տեսանյութում
Սիրիայում սկսված պատերազմից հետո Հայաստան ժամանած սիրիահայ գործարար կանայք նույնպես ստացան մրցանակներ: Սիրիահայ գործարար Այտա Սանտուրյանը, որը Հայաստան է եկել 3 տարի առաջ Հալեպից եւ Հայաստանում զբաղվում է ասեղնագործությամբ, Aravot.am-ի զրույցում, անդրադառնալով սիրիահայ գործարարների համար Հայաստանում բիզնես սկսելու հիմնական դժվարություններին, առանձնացրեց օրենքի չիմացությունը. «Տարբերություն շատ չկա Հայաստանի եւ Սիրիայի օրենքների մեջ, սակայն հիմնական դժվարություններից մեկն էլ այն էր, որ Սիրիայում բնակվող կանայք Հայաստան գալով ստիպված եղան իրենց մասնագիտությունը փոխել»: Մեր զրուցակիցը Հալեպում աշխատել է որպես ուսուցչուհի, սակայն այստեղ միանգամից սկսել է զբաղվել ասեղնագործությամբ:
Դժվարությունը կայանում էր նրանում, որ պետք էր ուսումնասիրել շուկան, պահանջարկը եւ հավաքել մեծ քանակությամբ տեղեկատվություն. «Սակայն բոլոր սիրիահայ կանայք այդ դժվարությունները հաղթահարեցին»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ