«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ կասկածվող անձը՝ Ռուդիկ Խաչատրյանը (անձնագրային անունը Կամո է) այսօր ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ մեղայականով: Այժմ նա վարույթն իրականացնող մարմնում հարցաքննվում է որպես կասկածյալ: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մինչ այդ երիտասարդի հայրը՝ ատամնաբույժ Գեւորգ Խաչատրյանը, հայտարարել էր, որ իր որդին մեղավոր չէ, պատահաբար է հայտնվել Թատերական հրապարակում, ինքն էր նրան ուղարկել այնտեղ սղոցները սրելու՝ առանց իմանալու, որ հանրահավաք է: Հայրը նաև ասել էր, որ թեև իրենք ոստիկանությունից ստացել են ծանուցագիր, սակայն իր որդին չի ներկայանալու քննչական մարմնին, քանի որ ոչինչից տեղյակ չէ:
Aravot.am-ը զանգահարեց նրա հորը հարցնելու, թե այդ ինչպե՞ս եղավ, որ միջադեպից անտեղյակ իր որդին մեղայականով ներկայացավ ոստիկանություն: Հեռախոսը վերցրեց երիտասարդի մայրը, որը և պատասխանեց մեր հարցերին: Տիկինն ասաց. «Ի՞նչ մեղայական, իմ որդին մեղավոր չէ, նա ընդամենը գնացել է պարզաբանումներ տալու, ինքը կապ չունի, ինքը նորմալ, դաստիարակված երիտասարդ է: Կարո՞ղ եք ասել՝ եթե մի ընտանիքում հայրը բժիշկ է, մայրը՝ մանկավարժ, ինչպե՞ս կարող է այդ ընտանիքի որդին հանցագործ լինել: Իմ տղան ընտանիքին նվիրված երիտասարդ է, կիրթ տղա է, սա թյուրիմացություն է, սա ինչ-որ սադրանք է »:
Մեր հարցին,թե ձեր ընտանիքի դեմ ուղղվա՞ծ սադրանք է, տիկինն ասաց. «Ոչ, մեր ընտանիքին ինչո՞ւ պիտի սադրեն, գուցե ինչ-որ կուսակցական սադրանքներ են»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ դուք կուսակցական պատկանելություն ունե՞ք. «Ոչ, մենք պարզապես հայրենասեր մարդիկ ենք: Ասեմ, որ ամբողջ քաղաքն է ցնցված, որ իմ որդու լուսանկարն են տարածել ու նրան են կասկածում: Նորից եմ կրկնում՝ նա մեղավոր չէ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Թողեք իրավապահների գործը իրավապահներին