Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն

Մարտ 28,2015 15:30

Պտղի սեռով պայմանավորված աբորտների ահասարսուռ, նույնիսկ ողբերգական հետեւանքների մասին տարիներ շարունակ այնքան բարձրաձայնվեց, որ դրանով վերջապես երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մտահոգվեցին: Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերից մեկում ասաց. «Ես որպես վարչապետ եւ որպես 2 աղջիկների հպարտ հայր՝ մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»: Հազարավոր ասածը մեղմ է. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալներով՝ Հայաստանը 90 հազարից ավելի ապագա մայրեր կկորցնի մինչեւ 2060 թվականը՝ սելեկտիվ աբորտների հետեւանքով: Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխաներ չեն ծնվում միայն նրա համար, որ աղջիկ են ձեւավորվել մոր արգանդում: Այսօր 100 աղջկան բաժին է ընկնում 114 տղա. այս թիվը մի փոքր նվազման միտում ունի:

Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերում աղջիկ-տղա համամասնությունը գերազանցել է աշխարհի ամենավատ ցուցանիշը՝ այս մարզերում 100 աղջկան բաժին է ընկնում 124 տղա: Այսինքն՝ նշված մարզերում աղջիկ երեխաներին ավելի շատ են աբորտ անում:
Նախորդ տարի Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարարին հանձնարարել էր իրավիճակը շտկելու համար ծրագիր մշակել եւ մինչեւ այս տարվա մարտ ամիսը ներկայացնել կառավարության հաստատմանը:

«Ծրագիրը գրեթե պատրաստ է, այն կառավարությունում շրջանառության մեջ է դրվել, շուտով վերջնական ամփոփ տարբերակը կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը: Մեր հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ են նախատեսում, որոնցով հնարավոր կլինի կանխել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, տիկին Ավագյանն ասաց, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն է կատարվել, որով վարչական մեծ պատժամիջոցների կենթարկվեն նրանք, որոնք կփորձեն պտղի սեռով պայմանավորված աբորտ անել. «Ֆինանսական մեծ տույժ է սահմանվել: Եթե աբորտ կատարող բժիշկը մի քանի հազար դրամ պիտի ստանար դրա համար, հիմա այնքան բարձր տուգանք է լինելու, որ կխուսափեն անել այդ, իսկ կրկնելու դեպքում աշխատանքից կզրկվեն»:

«Առավոտի» այն հարցին էլ՝ ինչպե՞ս է բացահայտվելու, որ տվյալ աբորտը սեռով է պայմանավորված եղել, տիկին Ավագյանն ասաց, որ բացահայտման տարբեր ճանապարհներ կան. «Կան որոշ մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բացահայտել»:

Նշենք, որ պտղի սեռը բացահայտվում է 12 շաբաթական հղիությունից հետո, մինչեւ 12 շաբաթական հղիությունը թույլատրելի է այն դադարեցնել, օրենքն արգելում է 12 շաբաթականից հետո աբորտը: Նշենք նաեւ, որ շատ են լինում դեպքեր, երբ 11 շաբաթականի դեպքում էլ պտղի սեռը երեւում է:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ 3 հիմնական ուղղություն կա, որով աշխարհը փորձում է պայքարել սելեկտիվ աբորտների դեմ: Դրանցից մեկն, ըստ Հայրապետյանի, օրենսդրական որոշակի սահմանափակումներն են. «Շատ երկրներ են այդպես վարվել, ընդ որում՝ նաեւ շատ զարգացած երկրներ, որոնք սելեկտիվ աբորտը արգելել են: Այս փորձը կա, բայց այն շատ քիչ արդյունավետություն ունի, բայց առանց սրա էլ հնարավոր չէ քայլ անել, մինչեւ մարդիկ չընդունեն, չհասկանան, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը վատ բան է, չարիք է: Մյուս կարեւոր քայլը՝ ստեղծել պայմաններ ծառայություններ մատուցող բժիշկների հետ: Ասենք՝ նրանք էլ սկսեն աշխատել ծնողների հետ, փորձել հետ պահել այդ քայլից: 3-րդ ուղղությունն էլ ավելի կարեւոր է՝ բնակչության շրջանում իրազեկման բարձրացումը, հատկապես՝ կնոջ դերի բարձրացումը հասարակության մեջ:

Այս 3 ուղղություններն էլ հիմնականում հաշվի են առնվել կառավարության ծրագրում, այսինքն՝ մեր երկրում էլ գրեթե նույնկերպ պետք է պայքարենք սելեկտիվ աբորտների դեմ»:

Պարոն Հայրապետյանի խոսքերով՝ սելեկտիվ աբորտը հետեւանք է, իսկ պատճառները բազմազան են. հիմնական պատճառն այն է, որ մեր հասարակությունում տղամարդն ավելի բարձր դեր ունի, քան կինը:

Շատերը ձգտում են տղա ունենալ, ինչպես ցույց են տալիս հարցումները, որպեսզի իրենց լավ զգան, կամ ասենք՝ շատերը կարծում են, որ տղան ավելի լավ ու բարձր վարձատրվող աշխատանք կգտնի, ի վերջո՝ մեծահասակ տարիքում տղան է ծնողներին «տիրություն» անում: Իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզում հարցման արդյունքներով պարզվել է, որ տղա երեխային նախապատվություն են տալիս, որպեսզի հետագայում ծնողներն ուղարկեն արտագնա աշխատանքի, հետո նրանք ծնողներին գումար ուղարկեն, որ ապրուստի միջոց ունենան:

Գարիկ Հայրապետյանը նկատեց, որ պետք է այս կարծրատիպը կոտրել. իրականում շատ են նաեւ այնպիսի դուստրերը, որոնք տղաներից ավելի լավ են խնամում, հոգ տանում իրենց ծնողների մասին, ավելի լավ աշխատանք ունեն եւ ավելի բարձր են վարձատրվում:
Հայաստանը գտնվելով չավարտված պատերազմական վիճակում, ինչպես նկատեց Հայրապետյանը, հետագայում բանակի խնդիր է ունենալու. եթե այսօր մեծ թվով աղջիկ երեխաներին աբորտ են անում, ու տղաները շատ են, դա չի նշանակում, որ մեծ քանակությամբ բանակ զորակոչելու տղաներ կլինեն. կգա մի օր, որ այդ տղաներին ծննդաբերելու համար մայրերի պակաս կլինի. «20 տարի հետո զինվորներին ո՞վ է ծնելու»:
Ծրագրով նախատեսված է, որ նաեւ սոցիալական աշխատողներն ընդգրկվեն սելեկտիվ աբորտների դեմ պայքարում. օրինակ՝ կլինեն ընտանիքներ, որտեղ արդեն 2 աղջիկ երեխա ունեն, 3-րդ աղջիկ երեխայով հղիություն է, եւ մտադրություն կա աբորտի, սոցաշխատողը պետք է այս ընտանիքի հետ հոգեբանական աշխատանք տանի, ուշադիր լինի՝ կանխելու հղիության ընդհատումը:

Կառավարության ծրագիրը, ըստ Հայրապետյանի, միջնաժամկետ է, 3 տարվա ընթացքում հիմնական գործողությունները պետք է իրականացվեն:
Ինչ վերաբերում է արգելված աբորտ անող բժիշկներին բացահայտելու եւ պատժելու մեխանիզմին, ապա Հայրապետյանն ասաց. «Միանշանակ դժվար կլինի նրանց բացահայտելը, բայց անգամ 2-3 դեպքն էլ եթե բացահայտվի, այն կտարածվի մյուսների վրա, հաստատ ազդեցություն կունենա»:

Մեր այն հարցին էլ՝ արդյոք այդ արգելող օրենքով չի՞ խախտվում այն կնոջ իրավունքը, որը չի ցանկանում աղջիկ երեխա ունենալ, պարոն Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Պետք է հաշվի առնենք, որ աբորտով մարդու հիմնարար իրավունքն է խախտվում՝ ծնվելու իրավունքը: Ո՞րը դնենք նժարի վրա, ո՞րն է ավելի ծանր: Մի քիչ մշուշոտ է, մի կողմից՝ երեխայի կյանքի իրավունքն է, մյուս կողմից՝ կնոջ ցանկության իրավունքը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031