Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։
Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել կատարվածից. պարզվում է 1975 թվականին ծնված Իրինա Յուրիի Իոսիֆովան Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղից է : Նրա ամուսինը, 1972 թվականին ծնված Արշակ Գրիգորյանը գյուղի չոբանն է, որի աշխատանքը թեև սեզոնային է, սակայն նա ձմռան ամիսներին աշխատում է գյուղի բնակիչներից մեկի մոտ՝ որպես անասնապահ: Նրանք ունեն 4 երեխաներ՝ երկու տղա և երկու աղջիկ, տղաներից մեկը 17 տարեկան է, մյուսը՝ 14, աղջիկներից մեկը ամուսնացած է Աշոցքում, իսկ կրտսեր դուստրը 1-ին դասարան է:
Ըստ գյուղացիների, նրանք նաև 5-րդ երեխան են ունեցել, աղջիկ, որը 2008 թվականին խեղդվել է գյուղի տարածքում գտնվող ջրԱմբարում: Ըստ գյուղացիների, այս կինը երբեք ծննդատներից չի օգտվել, միշտ տանն է ծննդաբերել, երեխաները երկար ժամանակ ծննդյան վկայականներ չեն ունեցել, գյուղապետ Ավետիսյան Բաբիկի միջնորդությամբ են նրանք ծննդյան վկայականներ ձեռք բերել: Ինչևէ, այս ընտանիքը երկրաշարժից հետո Մեծ Սարիարում տուն է ստացել, որի վրա գրանցված է եղել նաև ամուսնու եղբայրը: Վերջերս ամուսնու եղբայրը ավտոմեքենա է բերել ՌԴ-ից, որը պատճառ է դարձել այս ընտանիքին նպաստից զրկելու:
Գյուղապետն է միջոցներ ձեռնարկել, որպեսզի տեգրը դուրս գրվի նրանց տան գրանցումից ու վերականգնվի նպաստը: Գյուղապետը նրանց ընդգրկել է մի ծրագրում, որը նրանց ամենամսյա սնունդ է տալիս ու հոսանքի վարձ: Նրանք, ըստ գյուղացիների, ունեն 18 ոչխար, մոտ այդքան գառ, 3 հատ խոշոր եղջերավոր անասուններ, երկու կով, երկու հեկտար վարելահող, ցորեն են ցանել նաև ուրիշից վերցրած վարելահողում:
Կարդացեք նաև
Թե ինչպես է պարզվել, որ կինը խեղդամահ է արել նորածնին, այս մասին գյուղում պատմել է նրանց անչափահաս աղջիկը , թե մենք երեխա ենք ունեցել…Այս պատմությունը բուժքրոջ ականջին է հասել, նա, իմանալով ու ճշտելով իրողությունը, գնացել է գյուղապետի մոտ: Գյուղապետը, իր հերթին , գնացել է նրանց տուն ու պարզել իրողությունը, այնուհետ տեղեկացրել է ոստիկանություն: Գյուղապետը, գնալով նրանց տուն, տեսել է, որ 3 տարի առաջ նրանց օգնություն տված վառարանը, սեղան-աթոռները չկան, այսինքն` սոցիալապես վատ վիճակ է տանը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը)։Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որպես կասկածյալ հարցաքննվել է: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից. «Երեխայի մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ, որի ընթացքում հայտնել է, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արական սեռի երեխա, ապա՝ խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ