Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը՝ Սեյրան Օհանյանին. «Պարզ չէ ինչպես է հաշվարկվել մահացությունների 60 %-ով կրճատվելը»

Մարտ 17,2015 21:21

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե 2014 թվականի միջանձնային հարաբերությունների պատճառով հանցագործությունների հիմքով մահվան ելքերը բանակում 60 տոկոսով կրճատվել են, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Որպեսզի հասկանանք, թե ինչի հիման վրա է պաշտպանության նախարարը նման հայտարարություն տարածել, պետք է համեմատենք 2013 թ. մահացության տվյալները 2014 թ. տվյալների հետ. 31 մահացության դեպք է արձանագրվել 2013 թ.՝ ամբողջ տարվա ընթացքում, որից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ 5 մահացության դեպք, այսինքն, ստացվում է 26 մահացության դեպք՝ տարբեր պատճառներով՝ զենքի հետ վարվեցողության կանոններ, կանոնադրական հարաբերություններ, առողջական խնդիրներ եւ այլն: 2014 թ 46 մահացության դեպք է գրանցվել, դրանից 26-ը հրադադարի ռեժիմի հետեւանքով (հուլիսի վերջի, օգոստոսի ընթացքում լարված վիճակներ, ուղղաթիռի գնդակոծում եւ այլն), մնացած 20-ը այլ պատճառներով: Եթե վերցնենք մահացության դեպքերի վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ խաղաղ պայմաններում, այսինքն` ոչ մարտական գործողությունների հետեւանքով մահացության թիվը 26-ից իջել է 20: Դիտավորյալ սպանությունների քանակի վերաբերյալ մեր ունեցած տվյալները եւս հիմք են տալիս մտածելու, որ նվազել է թիվը 2014-ին, այսինքն` 26-ից 20 է դարձել, բայց սա 60 % չէ, ինչպես նշել է նախարարը: Պարզ չէ, թե նա որտեղի՞ց է այդ տոկոսը վերցրել կամ ինչպես է հաշվարկել»:

Պարոն Սաքունցը նաեւ հավելեց. «Ուզում եմ մի բանի մասին էլ նշել, որ փաստված է մեր տարեկան ամփոփման մեջ: Երբ խոսքը վերաբերում էր օգոստոսի ընթացքում դիվերսիոն գործողությունների կանխարգելման ժամանակ հետմահու տրվող շքանշաններին, պարզվեց, որ այդ մեդալներ շնորհվածների ցանկում կար մարդ, որը ցուցակում որպես զոհված, չկար: Հետո հարց էին տվել, պատասխանել էին, թե մարդը մարտական դիրքում է մահացել ու պարտադիր չէր, որ դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվեր: Մյուս դեպքն էլ հետեւյալն է՝ Նախիջեւանի սահմանում մեկը զոհվեց՝ ըստ վարկածի ադրբեջանական դիպուկահարի կողմից, բայց պարզվեց, որ դա այդպես չէ: Խոսքը վերաբերում է Գրիշա Խաչատրյանի դեպքին, որի քննությունն այս պահին ինքնասպանության վարկածով է գնում, եւ դեռ ամբողջական էլ հասկանալի չէ, ինքնասպանության վարկածի հիմնավորումները չենք տեսնում: Ուզում եմ շեշտել, որ 26 թվից 20-ը ոչ մարտական պայմաններում մահացությունը չենք կարող ասել, որ 60 % է, եւ երկրորդ, այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը եւս արժանի են եւ անհրաժեշտ են քննության: Թե չէ ի՞նչ ստացվում է, որ ամեն մի ռեժիմի խախտում պետք է անպայման ավարտվի մահացության ելքո՞վ, դա նորմա՞լ ենք համարում: Ես այստեղ խնդիր եմ տեսնում՝ տեխնիկական անվտանգության միջոցների ներդրման հարցի առումով, որը կբերի մարդկային կյանքերի պահպանմանը եւ զոհերի նվազեցմանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031