Միավորվելուց առաջ պետք է սկզբից սահմանազատվել
Մինչեւ 20-րդ դարը, ավելի ճիշտ՝ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը, մենք կարող էինք ասել, որ Եվրոպան միասնական ընտանիք է: Դարերի ընթացքում եվրոպացիները պատերազմել են, բայց այդ պատերազմը, ինչպես սրամտորեն նկատում է իսպանացի փիլիսոփա Օրտեգա-ի-Գասետը, նման էր «ներընտանեկան կռիվների»: Հեղինակը բերում է հետեւյալ օրինակը՝ Կարլ 5-րդը ասում էր Ֆրանցիսկոս 1-ի մասին. «Իմ զարմիկ Ֆրանցիսկոսը եւ ես ամբողջովին միակարծիք ենք՝ մենք երկուսս էլ ուզում ենք Միլանը»:
19-րդ դարի նշանավոր դեմքեր Հայնեն, Մենդելսոնը, Մարքսը ազգությամբ հրեաներ էին, բայց որեւէ մեկի մտքով չի անցնի նրանց անվանել հրեական մշակույթի ներկայացուցիչներ, եւ այդ առումով Իսրայելը նրանց նկատմամբ որեւէ հավակնություն չունի: Նրանք ստեղծագործել են գերմանական եւ հետեւաբար՝ բացառապես եվրոպական ավանդույթի շրջանակներում: Մի խոսքով՝ միանգամայն տեղին էր Մոնտեսքյոյի բնութագրումը. «Եվրոպան միասնական ազգ է՝ բաղկացած բազմաթիվ ազգերից»: Իսկ Բալզակը խոսում էր մեծ մայրցամաքային ընտանիքի մասին, «որի ողջ ուժերը տրված են քաղաքակրթության Աստված գիտե թե որ առեղծվածին»:
Բայց 18-19-րդ դարերի այդ ռոմանտիկ պատկերացումներն այսօր զգալիորեն սասանվել են: Հիմնական պատճառները երեքն են: 1. «Եվրոպացի-ոչ եվրոպացի» սահմանն այնքան էլ ակնհայտ չի: Օրինակ՝ թուրքերն իրենց ժամանակ առ ժամանակ եվրոպացի են համարում: Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանում կառուցվել է եվրոպական տիպի պետություն, ինչն, իհարկե, զավեշտալի է: Մեր եւ վրացիների «եվրոպական հավակնությունները» անձամբ ինձ միանգամայն բնական են թվում, սակայն ով գիտի՝ գուցե կան եվրոպացիներ, որոնք այդ երկու ազգերին ամենեւին էլ «իրենցը» չեն համարում: Վերջապես՝ ռուսները, որոնց մշակույթն, իմ կարծիքով, 100 տոկոսով եվրոպական է, այսօր իշխանության բարձրացած շովինիստական ալիքի արդյունքում Եվրոպան սկսում են ընկալել որպես բացասական, եթե չասեմ՝ թշնամական երեւույթ: 2. Եվրոպան, եթե նույնիսկ ընտանիք է, ապա ոչ իրավահավասար անդամներով, կախված նյութական վիճակից՝ գերմանացին, հույնը եւ, ասենք, լիտվացին Եվրոպայի հարազատ եւ խորթ զավակներն են: 3. Գերմանիայի քաղաքացի թուրքերը կամ Ֆրանսիայի քաղաքացի արաբներն իրենց ամենեւին էլ եվրոպացի չեն զգում, նրանք չեն պատրաստվում ապրել Էրազմի կամ Մոնտեսքյոյի արժեքներով:
Կարդացեք նաև
Այստեղ կա եւս մի կարեւոր հանգամանք: 19-րդ դարի ընթացքում եվրոպական ազգերը ստեղծել են իրենց ազգային պետությունները՝ դա պասիոնար էներգիայի «ժայթքում» էր, որը 20-րդ դարում մարեց, եւ այսօր նրանց, հավանաբար, նոր հոգեւոր խթաններ են պետք՝ զարգանալու մոտիվացիա գտնելու համար: Բայց թեեւ ուշացումով՝ ազգային պետությունների ձեւավորման գործընթացը շարունակվում է նաեւ 21-րդ դարում: Դրա վառ օրինակն է Ռուսաստանի եւ Ուկրաինայի «սահմանազատումը»: Ռուսաստանում ապրող ռուսները, ուկրաինացիները, հայերը, հրեաները եւ այլք «ռուսներ» են՝ ինչպես, օրինակ, Կուրղինյանն ու Միհրանյանը: Ճիշտ նույն ձեւով ռուսներ էին խորհրդային ղեկավարներ Չերնենկոն, Կիրիլենկոն, Գրոմիկոն: Բայց այս մեկուկես տարում պարզ դարձավ, որ Ուկրաինայում նույնպես նման խնդիր է առաջացել, ու այդ երկրում ապրող ուկրաինացիները, ռուսները եւ մնացածները (բացառությամբ Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչների) իրենց զգում են ուկրաինացի: Բավական է ասել, որ նույն ռուսամետ զինյալների դեմ պայքարող ուկրաինական բանակի 40 տոկոսը բաղկացած է էթնիկ ռուսներից:
Այսօր «եվրոպական ընտանիքում» հնարավոր կլինի ապրել այն դեպքում, երբ մի կողմից՝ բոլոր նման «սահմանազատումներն» ավարտված կլինեն, իսկ մյուս կողմից՝ կարդիականացվեն ավանդական արժեքները: Այն հայաստանցիները, որոնք ցանկանում են ապրել այդ ընտանիքում (այս պահին մենք փոքրամասնություն ենք կազմում), պետք է հասկանան, որ դա հնարավոր է երկու դեպքում՝ ա. երբ Ռուսաստանը նույնպես դավանի եվրոպական արժեքներ, բ. երբ կարգավորվեն մեր հարաբերությունները հարեւանների հետ: Կարծում եմ՝ պարզ է, որ այդ երկու կետերն իրար հետ փոխկապակցված են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015