Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հասարակությունն է Ռուսաստանի գլխավոր խնդիրը

Մարտ 11,2015 15:30

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` Ռուսաստանը Հայաստանում
իշխանության հետ կապված որեւէ խնդիր չունի

– Պարոն Մեհրաբյան, ԲՀԿ ղեկավարի` քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ հայտարարության մեջ Հայաստանում Մայդանին դեմ լինելու մասին ակնարկ կար: Եթե վերլուծենք ներքաղաքական վերջին զարգացումները, կարո՞ղ ենք արձանագրել, որ նախ` Հայաստանի իշխանությունը վայելում է ՌԴ իշխանության վստահությունը, եւ հաջորդը` ՌԴ-ում իսկապե՞ս կարծում են, որ Հայաստանում կարող է Մայդանին մոտ շարժում սկսվել: Բացի դրանից՝ Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմադիր նոր բեւեռի ստեղծման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Ruben_Mehrabyan

– Վերջին ժամանակաշրջանի ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանության հետ կապված որեւէ խնդիր չունի, գոնե ներկա պահին: Մնացած դերակատարները կատարեցին իրենց «գործը», եւ Մոսկվայից որեւէ առարկություն չեղավ, երբ Սերժ Սարգսյանը, փաստորեն, ջախջախեց Ռոբերտ Քոչարյանի ողջ քաղաքական-քարոզչական ռեսուրսը՝ իր արբանյակներով եւ ենթակառուցվածքով հանդերձ: «Քաղաքագիտական վերլուծություն» օպերացիան հասավ իր նպատակին. իշխանությունը «շառից-փորձանքից հեռու» սկզբունքով զինվորագրվեց ԵՏՄ կոչվածին, գործադիր իշխանությունում տեղի ունեցավ օլիգարխիկ ռեւանշ, քաղաքական դաշտն անապատացավ, եւ այլեւս Մոսկվան մնացած դերակատարների կարիքը չունի:

Ծառուկյանի՝ Մոսկվա կատարած վերջին քաղաքական այցի արդյունքը Մոսկվայի մեսիջն էր. «Կարող եք ծխել, պարոնայք»: Եվ նրանք ուղղակի «զորացրվեցին» իրենց տներով, իրենց բանուգործին: Իսկ որ ռուսները տագնապալի ազդակներ ստացան Հայաստանի՝ քաղաքականապես ակտիվ հանրությունից՝ դա արդեն փաստ է, որն արձանագրվեց Գյումրիում, երբ քաղաքացիները, վրդովված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ իշխանությունների անպատիվ վարքից եւ Մոսկվայի ցինիկ հայտարարություններից, դուրս եկան փողոց եւ ՌԴ հյուպատոսությանը ձվերով «բացատրեցին», թե ինչ են մտածում նրանց ղեկավարների մասին եւ ով է Հայաստանի Հանրապետության իրական տերը: Հայաստանում Մայդանի հնարավորության մասին այժմ խոսելն անտեղի է: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է Մայդանը, եւ ինչո՞ւ է Մոսկվան դրանից այդքան վախեցած: Դա այն է, երբ իշխանությունը գողանում է քաղաքացիների ընտրությունը եւ ուզում է շարունակել ապրել քաղաքացիների հաշվին, իսկ քաղաքացիները դրա հետ չեն համաձայնվում եւ կոլեկտիվ ջանքերով վռնդում են գող իշխանությանը: Եթե սա կոչվում է Մայդան, ապա թող կոչվի:

Մեզ մոտ ահավոր նենգափոխված է տերմինաբանությունը: Եթե դու կողմ ես ազատ եւ արդար ընտրություններին, դեմ ես բիզնեսի եւ քաղաքականության սերտաճմանը, դեմ ես «քաղաքական» մենաշնորհներին, որոնք խեղդում են տնտեսությունը, խոսում ես հորիզոնական եւ թափանցիկ հայ-ռուսական հարաբերությունների անհրաժեշտության մասին, ապա կոչվում ես «մայդանչի», «արեւմտամետ» եւ «ռուսատյաց»:

Իսկ եթե հակառակը՝ ապա «հայ-ռուսական դարավոր բարեկամության ջատագով», նաեւ՝ «ազգային անվտանգության շահը հասկացող» եւ այլն: Ուղղակի պետք է ճշգրտել տերմինները եւ պատճառահետեւանքային կապերը՝ առանց հիստերիկ զեղումների: Մայդանը քաղաքացիների ծայրահեղ դրսեւորումն է, եւ ոչ մի նորմալ մարդ չի ցանկանա, որ իր երկրում տեղի ունենա Մայդան:

Բայց դրա համար պետք է մի շատ պարզ բան. չի՛ կարելի գողանալ մարդկանց ընտրությունը, չի՛ կարելի վիրավորել մարդկանց բանականությունը: Չե՞ք ուզում Մայդան՝ մի՛ գողացեք: Դա վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ուկրաինային, թե՛ Ռուսաստանին, թե՛ բոլորին: Իսկ քրեաօլիգարխիկ Ռուսաստանի վասալի վերածված Հայաստանը չի կարող չլինել նույնպիսի քրեաօլիգարխիկ: Այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ ուղղակի կոնֆլիկտ Պուտինի ռեժիմի հետ, կա՛մ սպասել մինչեւ այդ ռեժիմը սկսի որակապես թուլանալ, ինչպես ԽՍՀՄ-ն իր վերջին տարիներին, երբ կգա այդ անխուսափելի «սհաթը»:

Բնականաբար, առաջին տարբերակը շատ պարզ պատճառներով կործանարար կլինի, մնում է երկրորդը: Երրորդ տարբերակ չկա, քանզի Ռուսաստանը չի հանդուրժի այլ իրավիճակ՝ բացի առավելագույնս ստորացված Հայաստանից, առավելագույնս կախյալ Հայաստանից: Հետեւաբար քաղաքացիների եւ առողջ քաղաքական ուժերի խնդիրն է ինքնակազմակերպվել, մշտական ճնշում գործադրել իշխանությունների վրա, գրաված պահել ազատության այն փոքր դաշտերը, որոնք կան, աշխատել ընդլայնել եւ միաձուլել դրանք, բացառապես օրենքի դաշտում լոկալ դիմադրությամբ ստիպել իշխանությանը մնալ նույնպես օրենքի դաշտում, թույլ չտալ իշխանությանը «թուլանալ», իշխանությանը, որը, բարեբախտաբար, նավթ-գազ չունի, հետեւաբար՝ ռեպրեսիվ ապարատն ինքնաբավ չէ, երկիրն էլ փոքր է: Իսկ քաղաքական դաշտում, անշուշտ, կան առողջ եւ սկզբունքային քաղաքական ուժեր եւ անհատներ, անխուսափելիորեն կլինեն նաեւ նորերը, եւ այս իրողությունները ճիշտ ընկալելու, դրանից հետեւություններ անելու, հետագա ծրագրեր ձեւավորելու հարցում մեծ պոտենցիալ կա, նաեւ մեծ անելիք: Հատկապես՝ հասարակության հետ աշխատելու դաշտում: Նաեւ խիստ կարեւորում եմ իրավապաշտպանական եւ տեղեկատվական-լուսավորչական աշխատանքը:

– Ռուս պաշտոնյաների, դիվանագետների, փորձագետների կողմից Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին մեկնաբանություններ բավական հնչել են վերջին տարիներին: Ամենաթարմը` ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը նշեց, թե Հայաստանում 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում ընդդեմ եվրասիական ինտեգրման եւ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման օգտին. «Մենք կոռեկտ չենք համարում նրանց աշխատանքը, որովհետեւ կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը. կա՛մ մեզ հետ եք, կա՛մ նրանց հետ: Այդ դիրքորոշումն արդեն իսկ կործանել կամ գրեթե կործանել է Ուկրաինան եւ կարող է կործանել յուրաքանչյուր այլ երկիր, եթե հարցը դրվի ուղիղ եւ համառորեն»: Ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում Մոսկվայից «ռազմավարական դաշնակից» Հայաստանի նկատմամբ:

– Պարոն Կոսաչյովը համալրեց Հայաստանի հանրության մեջ հակառուսական տրամադրություններ հրահրող ռուս պաշտոնյաների շարքն իր այս հայտարարությամբ, նա կանգնեց Պուտինի, Դուգինի, Կիսելյովի, Լավրովի, Ժիրինովսկու եւ այլ՝ փաստացի ռուսատյացների հետ նույն շարքում: Այլ կերպ հնարավոր չէ անվանել մարդկանց, ովքեր վերածել են իրենց երկիրը բանտի եւ ցանկանում են նույնպիսի բանտի վերածել իրենց հարեւան երկրները՝ անվանելով դա «ռուսական աշխարհ» կամ «Եվրասիական միություն»: Դժվար է պատկերացնել ավելի մեծ ռուսատյացություն, քան սա է, նաեւ այն, թե ինչ են անում նրանք Ուկրաինայի հետ: Չէ՞ որ վաղ թե ուշ սրա համար պատասխան են տալու ոչ միայն նրանք, այլեւ ողջ ռուս ժողովուրդն է այս մեծ մեղքի տակ մնալու: Իսկ Հայաստանի պարագայում կարելի՞ է պատկերացնել ավելի մեծ «ավանդ» հակառուսական տրամադրությունների հրահրման գործում, քան այն, ինչ անում են ռուսական պետական ընկերությունները մեր երկրում՝ «Գազպրոմը», ՌԱՕ ԵԷՍ-ը, «Ռոսնեֆտը»:

Իշխանություններից ստանալով ամբողջ մենաշնորհն իրենց ձեռքը՝ նրանք պարզապես քամում են Հայաստանի տնտեսությունը: Դրան գումարած՝ ռուսական պետական ինստիտուտները Հայաստանում պարզապես զբաղված են մեր բնակչության տեղահանմամբ դեպի Ռուսաստան, իշխան Գոլիցինի բանաձեւով՝ «Հայաստան առանց հայերի»: Եվ «անվտանգության հարցը» մեր աչքը մտցնողների վերջին փաստարկն են նույնիսկ ի չիք դարձնում՝ մինչեւ ատամները զինելով Ալիեւի ռեժիմին: Եվ այս ամենից հետո ուզում են, որ «օրհնված սհաթի» թեմայով երգե՞ր ձոնենք Պուտինի պատվին, թե՞, ասենք, ազգովի որդեգրենք պարոն Կոսաչյովին: Փաստորեն, նրա պահանջածը մոտավորապես սա է: Եվ ընդհանրապես՝ Մոսկվայում այսօր քաղաքականությունը լիովին այլասերված է, պատկերացումները հագեցած են ինչ-ինչ կոնսպիրոլոգիական վախերով, եւ լիովին բացակայում է հայելու մեջ նայելու ունակությունը: Կամ հենց տեսողությունը՝ լսողության հետ միասին:

– Շատ է խոսվում այն մասին, որ ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ նախագահի վարկանիշը մեծացել է հատկապես ՌԴ-ում, եւ ռուս հասարակությունը անվերապահորեն աջակցում է իր երկրի ղեկավարին: Ընդդիմադիր հայտնի գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո Մոսկվայում բազմահազարանոց սգո երթ տեղի ունեցավ: Կարո՞ղ ենք ասել, որ «սառույցը հալվեց», եւ ռուս հասարակության մեջ երկրի իշխանության նկատմամբ որոշակի վերաբերմունք է ձեւավորվում: Դուք տեսնո՞ւմ եք ՌԴ-ում հասարակական ընկալման մեջ փոփոխությունների հնարավորություն եւ ըստ այդմ նաեւ` քաղաքական պրոցեսներում նոր զարգացումներ:

– Ռուսաստանում վերջին տարիներին պարբերաբար ձեւավորվել է վախի մթնոլորտ: Իսկ Բորիս Նեմցովի՝ Կրեմլից 200 մետրի վրա ցուցադրական սպանությունից հետո իրավիճակը թեւակոխել է բացահայտ ահաբեկման փուլ: Այդ՝ միանշանակորեն քաղաքական սպանության համար առնվազն քաղաքական պատասխանատվությունը կրում է ողջ պետական համակարգը՝ Պուտինի գլխավորությամբ, որոնք էլ ձեւավորել են այն մթնոլորտը, երբ այսօր վտանգված է յուրաքանչյուր այլախոհ ռուսաստանցու կյանքը: Եվ այսպիսի պայմաններում խոսել Պուտինի «գերբարձր վարկանիշից» կամ «համաժողովրդական աջակցությունից»՝ ուղղակի անբարոյականություն է: Սա առաջին հերթին վախի, թյուրիմացության, տեռորի վարկանիշ է: Իսկ սովետական ժամանակների ավարտը ցույց տվեց, թե քանի կոպեկ արժեր նման «վարկանիշը»:

Տասնյակ հազարավոր ռուսներ դուրս եկան փողոց՝ ցույց տալու, որ մերժում են այդ վախի մթնոլորտը:

Դրան գումարած՝ այն լրջագույն ճգնաժամը, որի մեջ Ռուսաստանը հայտնվել է Պուտինի «իմաստուն» քաղաքականության արդյունքում, երբ պետական իշխանությունը սկսել է ուղղակի մերժել Քաղաքակրթությունը, չի՛ կարող չազդել հասարակական ընկալումների վրա: Այլ հարց է, թե ինչ զարգացումներ կհետեւեն այդ փոփոխություններին: Բազմազգ, բազմակրոն, ահռելի տարածքով Ռուսաստանն այսօր ներծծված է այլատյացությամբ, մինչեւ նույնիսկ կենցաղ՝ ժողովրդավարական եւ ինքնակառավարման ավանդույթների բացակայության ֆոնին: Բացի դրանից՝ Մոսկվան ուղղակի թալանում է մարզերը՝ զրկելով նրանց նույնիսկ չնչին ինքնուրույնությունից: Նրանք գործ ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ պետականության ճգնաժամի հետ, եւ թե՛ կյանքը, թե՛ շուկան ռուսներին անխուսափելիորեն կբերեն այն մտքին, որ եթե քառորդ դար առաջ ժամանակն էր լուծարելու կոմկուսն ու ԽՍՀՄ-ը, այժմ մոտենում է ժամանակը, երբ պետք է լուծարել թե՛ «ԱՊՀ»-ն՝ իր բոլոր բաղկացուցիչներով, թե՛ կայսրությունն ընդհանրապես՝ ազատ արձակելով բանտարկված ազգերին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031