Այսօր լուր էինք հրապարակել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (լուսանկարում) թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը , որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:
Aravot.am-ի հետ զրույցում Մարտուն Կարապետյանը վստահեցրեց, որ Մհեր Սեդրակյանի մոտ երբեք չի աշխատել, ու թեեւ բնակվում է Էրեբունի համայնքում, ավելի կոնկրետ` Թոխմախ կոչվող թաղամասում, բայց Սեդրակյանի հետ որեւէ կապ չունի. «Ոնց կարելի է «շառ» անել, չեմ էլ պատկերացնում, թե ով է նման լուրեր տարածում: Ես սպորտսմեն տղա եմ` բառեց` հունահռոմեական ըմբշամարտիկ, գնում եմ թուրքին հաղթում եմ` գալիս»:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, նաեւ գրել էինք, որ Մարտուն Կարապետյանին երեկ երեկոյան որպես կասկածյալ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, եւ քանի որ գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), այստեղից էլ փորձել էին ճշտել լուրերը: ԱԱԾ-ից Aravot.am-ին ասել էին, որ նախաքննության գաղտնիությունն ապահովելու համար որեւէ տեղեկություն չեն կարող ասել:
Այս առնչությամբ էլ Մարտուն Կարապետյանը վստահեցրեց, որ իրեն երեկ բերման չեն ենթարկել. «Թող գնան ստուգեն, ես երեկ «Օրանժ-ֆիտնեսում» պարապում էի: Ինձ իրավապահ մարմինները ոչ մի տեղ չեն տարել, չեմ էլ հիշում, երբ եմ վերջին անգամ էդ կողմով անցել»:
Կարդացեք նաև
Կարապետյանն ասաց, որ իրեն իսկապես «Կյաժ Մարտուն» են ասում, իսկ լուրերը, որ իրեն նաեւ Մհերի նորաթուխ «քիլլեր են» անվանում, իրականությանը չեն համապատասխանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ