Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ենք Պուտինից միայն «ապտակներ» ստանում

Մարտ 05,2015 17:30

Հայաստանում արժանի ուշադրության չարժանացավ վերջերս չափազանց ուշագրավ, եթե չասենք՝ ցնցող մի հայտարարություն Ռուսաստանից, որը ի ցույց է դնում պաշտոնական Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը օրերս նախ անդրադարձել էր ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, թե Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում ՌԴ-ի համար կարեւորագույն առեւտրատնտեսական ու քաղաքական գործընկեր է: Ադրբեջանին ՌԴ-ի «կարեւորագույն առեւտրատնտեսական եւ քաղաքական գործընկեր» համարող Կոսաչեւը Հայաստանն անվանել էր ՌԴ-ի «մերձավոր» գործընկեր. «Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ՀԱՊԿ-ում, իսկ այժմ նաեւ՝ ԵՏՄ-ում: Մեր երկրի հետ ինտեգրացիոն այդ նախագծերը շատ լայն աջակցություն են ստանում հայ հասարակությունում, այդ գործընթացները ոչ միայն ղեկավարության արած ընտրության, այլեւ մարդկանց մոտ գոյություն ունեցող հայացքների արդյունք են»:

Կոսաչեւի խոսքերով, սակայն, ի հակադրումն այդ տրամադրությունների՝ Հայաստանում հակառակ ուղղությամբ գործում են մեծ թվով աշխարհաքաղաքական մրցակիցներ. «Մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում ընդդեմ եվրասիական ինտեգրման եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման օգտին: Մենք կոռեկտ չենք համարում նրանց աշխատանքը, որովհետեւ կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը. կա՛մ մեզ հետ եք, կա՛մ նրանց հետ: Այդ դիրքորոշումն արդեն իսկ կործանել կամ գրեթե կործանել է Ուկրաինան եւ կարող է կործանել յուրաքանչյուր այլ երկիր, եթե հարցը դրվի ուղիղ եւ համառորեն: Հուսով եմ, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրության փորձությունից, եւ մենք՝ Ռուսաստանն ու Հայաստանը, դաշնակցային վերաբերմունքն ու բարեկամությունը կպահպանենք տարիներով ու դարերով, ինչպես որ դա եղել է անցյալում»:

ՀՀ-ում ՌԴ դեսպանի, որոշ ռուսաստանցիների` «Գրիբոյեդով» ակումբի ներկայացուցիչների, այժմ` Կոսաչեւի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններն արդեն մարտահրավեր ու պատուհաս են դարձել ՌԴ-ի համար: Պարզվում է՝ ԵՏՄ-ի օգտին մեր ընտրությունը դեռ բավարար չէ: Նախ՝ մի կողմ թողնենք հարցը, թե այդ ո՞ր 350 ՀԿ-ների մասին է խոսքն առհասարակ: Եվ բացի այդ՝ ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվային թվում, որ Հայաստանում որեւէ ՀԿ կամ անհատ իրավունք չունի եվրասիական ինտեգրման` ՀՀ-ի համար ոչ այնքան նպաստավոր պայմանների մասին կարծիք հայտնելու: Եվ հետո` ինչո՞ւ են ՌԴ իշխանությունները մտահոգված այն աստիճան, որ արդեն գրեթե սպառնում են ու օրինակ բերում Ուկրաինան: Եվ սա այն դեպքում, երբ մեր հասարակության գերակշռող մասը, կարելի է ասել, ռուսամետ հայացքներ ունի, ավելին` համարում է, որ «ռուսը չլինի՝ կորած ենք»:

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական դաշտին, այստեղ ամեն ինչ հստակ է: Իշխանությունը եւ խորհրդարանական մնացյալ ուժերը՝ բացառությամբ որոշ պատգամավորների, ՌԴ-ի հետ հարաբերությունները համարում են ոչ միայն ռազմավարական նշանակության, այլեւ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության համոզված կողմնակից են ու այդ գործընթացն «անշրջելի» են համարում: Նույնիսկ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն արդեն մի քանի տարի շարունակ բաց տեքստով Կրեմլին հաճոյանալու սերիաներ են հիշեցնում: Այս գործում մեծ է Տեր-Պետրոսյանի կատարած հսկայական աշխատանքը: Վերհիշենք, օրինակ` 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքը, երբ նա հայտարարում էր, թե` Սերժ Սարգսյանը հանուն իր նպատակների «պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն՝ աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը», բացատրում էր, թե ինչու է «Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ» կատարել դեպի Արեւմուտք, ու դա որպես կայացած փաստ համարելով՝ հարցնում. «Ի՞նչն է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարվելու ռուսական կողմնորոշումից եւ շրջվելու Արեւմուտքի կողմը…»։ 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական հնգօրյա պատերազմի առիթով տված նրա հարցազրույցը նույնպես ՌԴ-ին հաճոյանալու մի վառ ապացույց էր:

Վերջին ամենաթարմ օրինակը Բորիս Նեմցովի սպանության առիթով տարածած ՀԱԿ-ի հայտարարությունն էր. «Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար՝ նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին»։ Համեմատության համար նշենք, որ իշխող ՀՀԿ-ն խստորեն դատապարտելով Նեմցովի սպանությունն ու ցավակցելով նրա հարազատներին, մերձավորներին՝ սահմանափակվել էր այսքանով. «Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին եւ կպատժեն օրենքի ողջ խստությամբ»: Մինչդեռ ՀԱԿ-ը` ՌԴ «միջազգային վարկով» մտահոգ, հերթական առիթը չկորցրեց՝ հիշեցնելու իր մասին ու իր հավատարմությունը ներկայացնելու Կրեմլին, թեեւ ստիպված եղավ միայն Սմբատ Կարախանյանի հիացական գնահատականները վայելել եւ սահմանափակվել նրանից հերթական ցուցումները ստանալով, հիմա միայնակ մնացած` պայքարելով «Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ» պահողների դեմ:

Կարող է հարց առաջանալ` ի՞նչ կապ ունեն այս ամենը միմյանց հետ: Ուղիղ: Ե՛վ իշխանությունը, ե՛ւ երբեմնի «ոչ իշխանությունն» իրենց գործունեությամբ պարարտ հող են ստեղծել, որպեսզի ՌԴ-ից պահանջներ ներկայացվեն ՀՀ-ին, իսկ ՀՀ-ից հնչող մտահոգություններն արհամարհվեն: Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվող Պերմյակովը «ենթակա չէ հանձնման ՀՀ իրավասու մարմիններին, քանի որ հանդիսանում է ՌԴ քաղաքացի»՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օրերս գրեցին ՌԴ գլխավոր դատախազությունից: Ահա եւս մեկ «արժանի» պատասխան Մոսկվայից` Հայաստանին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Из России says:

    Опять армяне ругаются чего-то(
    Пермякова по закону никто выдать не может, но поверьте мне, никто его тут покрывать не будет, наказание будет максимально суровым.
    И вообще, чего ругаетесь, вас у нас любят же, ближайшим союзником называют. Нет, все равно ругаются.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031