Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդին մինչեւ վերջին շունչը պահում են բանտում

Փետրվար 27,2015 15:00

«Բժշկական ծառայությունների որակը քրեակատարողական հաստատություններում եւ բանակում ցածր է, քանի որ այդ հաստատություններն ապահովված չեն որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ կադրերով եւ տեխնիկական միջոցներով: Ազատազրկված անձանց ստիպում են ամսական 50-ից 60 հազար դրամ վճարել հիվանդանոցում պահվելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ 5 հազար դրամ վճարել կամ 10 լիտր բենզին գնել հիվանդանոց տեղափոխվելու համար»,- այս մասին փաստում են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» մասնագետները՝ վկայակոչելով իրենց հ/կ-ի տվյալները: Կազմակերպությունն իր դիտարկումները ներառել է Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ կազմած զեկույցում, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Նշենք, որ զեկույցի պատրաստմանն աջակցել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ 2008-2009 թվականներին քրեակատարողական հիմնարկում գերբեռնվածության կտրուկ աճի հետեւանքով նաեւ մահացությունների աճ է գրանցվել, որի մեջ զգալի տոկոս են կազմել հենց առողջական խնդիրները. «Քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերը առողջական խնդիրների հետեւանքով են, կամ դատապարտյալները ինքնասպանություն են գործում, որովհետեւ առողջական այնպիսի խնդիր ունեն, որը չի լուծվում: Նրանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսեւորվում, այսինքն՝ այն հիվանդությունների ցանկը, որը սահմանել է ՀՀ կառավարությունը, եւ որի պարագայում քննարկվում է նրա պատիժը կրելու նպատակահարմարության հարցը, ըստ էության չի գործում:

Քրեակատարողական հիմնարկում բժշկական ծառայության որակը, բժշկական ծառայությունից օգտվելու մատչելիությունը, ընթացակարգերի դյուրինությունը՝ այս հարցերը լրիվ կապված են բյուրոկրատական տարբեր ընթացակարգերի հետ եւ սուբյեկտիվ են»: Արթուր Սաքունցի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատապարտված մարդուն ծայրահեղ դեպքում են ուղարկում քաղաքացիական հիվանդանոց. «Երբ որ այլեւս հնար չկա, տեղափոխում են, նույնիսկ դեպք է եղել, որ դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մարդը մահացել է կամ հասել է այնտեղ եւ երկու օրից այնտեղ է մահացել: Հասկանում ենք, որ քաղցկեղ է, բայց, կներեք, վերջին հաշվով իմաստ չունի, չէ՞, նման մարդուն պահելը»:

Ինչ վերաբերում է թմրամիջոցից կախում ունեցող դատապարտյալներին, որոնց մի մասը մետադոնային փոխարինիչ թերապիա է անցնում քրեակատարողական հիմնարկում, ապա Արթուր Սաքունցը նկատում է. «Այն մարդիկ, որոնք մինչեւ ազատազրկումը քաղաքացիական կյանքում այդ ծրագրի մեջ են եղել, նրանք հնարավորություն ունեն ազատազրկվելուց հետո քրեակատարողական հիմնարկում շարունակելու թերապիան, իսկ այն մարդիկ, որոնք քրեակատարողական հիմնարկում ուզում են դիմել ծրագրից օգտվելու, նրանց մերժում են՝ այն դեպքում, երբ դա բժշկական ծառայության տեսակ է, որը պետք է հասանելի լինի: Մարդը երբ ունի թմրամիջոցից կախվածություն, դու ընդունում ես, որ դա կա, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կա եւ այլն, այսինքն՝ դու մարդուն օգնելու փոխարեն, որպեսզի դուրս գա այդ վիճակից, նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման կարեւոր բաներից մեկն է, չես նպաստում դրան: Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ բժշկական ծառայությունը փակ հիմնարկներում շատ ավելի ակտուալ նշանակություն ունի»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ սովորաբար սոցիալապես խոցելի խավերը նաեւ խոցելի են լինում իրավական, ինչպես նաեւ բժշկական օգնությունից օգտվելու տեսանկյունից, ինչը չես ասի ֆինանսապես ապահովվածների մասին, անկախ նրանից՝ բանտում են, թե բանակում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728