Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը հաստատեց, որ հաշտեցում եղել է

Փետրվար 18,2015 16:03

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մանրամասներ պատմեց Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումից եւ հաշտեցումից:

Նա հաստատեց, որ հաշտեցում եղել է. «Մենք ինչ ասել ենք, հրապարակավ ենք ասել: Այս երկու-երեք օրը, իսկապես մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները դրել ենք, որ հանգուցալուծում լինի, բոլորին բավարարող պայմաններ ստեղծվեն: Մեր տեղեկություններով՝ այդ հանդիպումը կայացել է: Եղել է, որ այսպիսի շրջադարձային փոփոխություններ է եղել:

Ինչ կատարվում է այս ընթացքում՝ շատ ողջունելի է: Շատ ուրախ ենք, որ առողջ տրամաբանությունը հաղթանակել է: Ունենք մի վիճակ, որ լավ նախադրյալներ են ստեղծված, որ հետագա քայլերն ուղղվեն խնդիրների լուծմանը, որոնք ժողովուրդն ուներ: Այս տրամաբանությամբ, եթե կողմերն առաջնորդվեն, մենք ամբողջությամբ կաջակցենք զարգացումներին եւ մեր ամբողջ կարողությունը կներդնենք, որ կարողանանք բարենպաստ նախադրյալներն արժևորել: Չենք համարում, որ սրանով խնդիրները լուծվեցին: Զոհերի, արյունահեղության ճանապարհը պետք է բացառվի մեր երկրում: Ունքը սարքելու փոխարեն աչքը չհանենք: Սա ողջունելի է, մնում է մյուս քայլերը կատարենք:

Առջեւում սպասվում են լրջագույն քննարկումներ: Սա պետք է բոլորին սթափության համար լուրջ ահազանգ լինի, հատկապես իշխանություններին: Պետք է ըստ արժանվույնս գնահատվեն այն հայտարարությունները, որ կատարվում է ԲՀԿ առաջնորդի կողմից: Սա չպետք է դիտվի որպես կողմերից մեկի համար հաղթանակ, մյուսի համար պարտություն: Կամ բոլորս հաղթում ենք, կամ բոլորս պարտվում ենք: Բոլոր նրանք, ովքեր սպասում էին, որ երկու կողմերի բախումից ձեռքերը տաքացնեն, նրանք հիասթափվելու են, չի լինելու դա»:

Ճշտեցին՝ Եռյակի ուժերի՞ն նկատի ունեք՝ նա պատասխանեց, որ ովքեր յուղ էին լցնում կրակի վրա եւ ուզում էին ձեռքերը տաքանա, նրանք կհիասթափվեն, ինչ ասես կասեն. «Երկու օր էր անցել հայտարարությունից, եթերը սկսել էր լցվել ատելությամբ: Սա էր մեզ մտահոգում, այս կրքերի բորբոքումը ավելացնում էր արյունահեղության հնարավորությունը եւ զոհերի քանակը»:

Մեր հարցին՝ Դուք ի՞նչ գիտեք, որ սառույցը հալվել է, Դուք ներկա՞ եք եղել հաշտեցման գործընթացին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ի տարբերություն երկու կողմերի, որ կամուրջներն այրում են, մենք պահպանել ենք այդ կամուրջները բոլոր կողմերի հետ: Լավ է, որ պահպանվել էին, կարողացանք: Մանրամասները չեմ ուզում պատմել, կարեւորում եմ արդյունքը, հաշտեցման ուղղված քայլեր կատարել ենք՝ այո, կատարել ենք: Թե կոնկրետ ինչ ենք խոսել, ինչ հարցերի շուրջ են պայմանավորվել՝ էական չի: Կարեւորն այն է, որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, սա ակնհայտ է: Էսկալացիան կանգ է առել եւ նախադրյալներ են ստեղծվել շատ տրամաբանական, հանգիստ պայմաններում խոսել, լուծումներ առաջարկել խնդիրների մասին:

Հարցին՝ հիմա Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալո՞ւ է ԲՀԿ-ն Արմեն Ռուստամյանը որոշակի պատասխան չտվեց. «Այս պայմաններում շատ հեշտ կարելի է դուրս գալ էմոցիոնալ դաշտից եւ նստել ռացիոնալ քննարկել: Ո՞վ է խանգարում ընդդիմության մասին օրենքի վրա աշխատենք, որը մեր 12 կետերից է եղել: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը այս երկիրը սիրում են»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում չեն հաստատում, որ հաշտեցումն եղել է՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ դա արդեն երեւի ԲՀԿ-ի մարտավարական հարցերն են:

Արմեն Ռուստամյանը նաեւ ասաց, որ ասած ամեն ինչ կա ոչինչ սկզբունքը մաքսիմալիստական է եւ ոչինչ չէր տալու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728