«ԲՀԿ խմբակցությունը երեկ գրություն է ստացել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ, որն, ի դեպ, Գալուստ, որպես ԱԺ նախագահ, օրենքի համաձայն, համարել է հարգելի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ ԱԺ նախագահի գրության պատասխանն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, պետք է փոխանցվեր այսօր, 16․00-ին։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ հայտնել էր, որ ժամը 16.00-ի դրությամբ իրենք Գագիկ Ծառուկյանից որևէ պարզաբանում չեն ստացել ԱԺ նիստերից իր բացակայությունների վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 16․00-ից տասը րոպե առաջ, իր գործավարն ընդհանուր բաժին է հանձնել Նաիրա Զոհրաբյանի, իբրեւ խմբակցության քարտուղարի գրությունն՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին։ Ի պատասխան Գալուստ Սահակյանի հարցման, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակա օրերի վերաբերյալ, համապատասխան կարգով ԱԺ նախագահին են ուղարկվել գրություններ ու սահմանված կարգի համաձայն Գալուստ Սահակյանն այդ բացակայությունները համարել է հարգելի։
Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է՝ եթե ԱԺ նախագահը դեռ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ունի լրացուցիչ տեղեկատվության կարիք, խնդրում է դրանց մասին գրավոր տեղեկացնել իրեն։
ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելլաջիոյի Գրիշը) եւ Հարություն Կարագյոզյանը (Կարամելի Հարութը) ԱԺ նախագահին դիմումներ են ներկայացրել՝ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին։ Մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանը բացառել էր, որ ԲՀԿ-ից առնետավազք սկսվի։ «ԲՀԿ-ին մի շփոթեք ՀՀԿ-ի հետ»,- ասել էր Տիկին Զոհրաբյանը։ Ավելի վաղ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր նաեւ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո)։
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց․«Թե իրենց, թե իրենց նախորդների մասին մեկ բան կասեմ՝ նրանց գնահատականը տալու է ժողովուրդը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ժողովուրդ այդ գնահատականը կտա…
Միայն դուք եղեք տոկուն և հավատարիմ ընտրված ուղուն…