Թուրքիայի դեմ երկու շաբաթվա ընթացքում հայց կներկայացվի
Փետրվարի 7-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստերում քննարկվել են մի շարք ազգային, եկեղեցական եւ վարչական բնույթի հարցեր: Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը, անդրադարձ է եղել նաեւ Սիսի պատմական կաթողիկոսարանի պահանջի վերաբերյալ Թուրքիայի դեմ ներկայացվելիք դատական հայցին:
Մասնավորապես, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սիսի կաթողիկոսարանի հարցով թուրքական դատարանում հայց կներկայացվի՝ շեշտելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարքում այս դատը եզակի տեղ պիտի գրավի:
Դատական հայցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայապատկան կալվածքների վերադարձի հարցի վրա՝ Ցեղասպանության համար հատուցման համատեքստում:
Կարդացեք նաև
Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հարցի վերաբերյալ մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային իրավունքի մասնագետների հետ:
Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու եւ Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարեց «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը եւ հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն եւ եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետեւ ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,-ասել է նա:
Տեղեկացնենք, որ Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441-ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն եւ տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս եւ կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հս. ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին:
Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-ին Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած եւ հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգեւոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան եւ վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
11.02.2015